«Հրամանատարների կողմից զինվորների նսեմացման երևույթները հաճախ են պատահում, ու քանի որ հրամանատարներն անպատժելի են, նույն կերպ էլ շարունակում են». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

 – Տիկի՛ն Ալեքսանյան, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել է ահազանգ, որի համաձայն, Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի հետևանքով նորակոչիկը փախուստի է դիմել: ՊՆ-ն արդեն տեղյակ է դեպքին, և նախաքննություն է սկսվել այդ առնչությամբ: Դեպքի հետ կապված մանրամասների տիրապետո՞ւմ եք: Առհասարակ նման դեպքերն ինչպե՞ս եք գնահատում:

– Մանրամասների չեմ տիրապետում, տեղյակ եմ այն չափով, որչափ մամուլում է գրված: Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ նախկին բարքերը բանակում շարունակվում են՝ մթնոլորտը, կարգապահությունը զորամասերում, որ պատերազմից հետո պետք է կարգավորվեր, չենք տեսնում: Հրամանատարների կողմից զինվորների նսեմացման երևույթները հաճախադեպ երևույթներ են, ու քանի որ հրամանատարներն անպատժելի են, նույն կերպ էլ շարունակում են:

Եզդիների նկատմամբ նման վերաբերմունքն առաջին դեպքը չէ, մենք զբաղվում էինք Յուրիկ Բրոյանի դեպքով, որին ևս այս նույն ձևով նսեմացրել ու ստորացրել էին, բռնությունների էին ենթարկել, եթե չեմ սխալվում՝ նա մեկ օրվա զորակոչված էր:

Այսպիսի դեպքերից հետո տվյալ զինվորն ինչպե՞ս պետք է վերաբերվի բանակին, այդ հրամանատարական կազմին: Պաշտպանության նախարարը պարտավոր է վերջապես հայտարարել, որ ինքն իրոք պաշտպանության նախարար է և իր խոսքն ասել, հանրությունը պետք է լսի՝ ի՞նչ է մտածում պաշտպանության նախարարը:

Ըստ ձեզ՝ ինչո՞ւ այդ խնդիրները տարիներով չեն լուծվում, ու, ինչպես նշեցիք, հրամանատարական կազմն անպատիժ է մնում:

– Քանի որ իրենց համարում են անպատժելի, նույն տրամաբանությամբ էլ առաջնորդվել են պատերազմի ժամանակ, երբ լքում էին զինվորներին: Վարչապետը որ խոսում է բանակի բարեփոխման մասին, դրա մասին ոչ մի նշույլ չկա, ոչ մի խոսք կամ կոչ չի հնչում: Խաղաղ պայմաններում զոհվածների թիվը տեսանք. 2020 թվականին՝ 100 զինծառայող, 2021-ին՝ 76, սրանք սարսափելի թվեր են: Պատերազմում այդքան զինվոր կորցնելուց հետո էլ շարունակում ենք խաղաղ պայմաններում զինվոր կորցնել, նրանց նսեմացնել:

Թող պաշտպանության նախարարը բացատրություն տա, թե ինչո՞ւ են զինվորներին նսեմացնում, ու ո՞վ է պատժվելու, դա իր գործառույթն է, թող հանրությանը բացատրություն տա՝ ո՞ր իրավունքով են զինվորին նսեմացնում, ինչո՞ւ կարգապահություն չկա զորամասերում, ինչո՞ւ է պահպանվում կրիմինալ մթնոլորտն այնտեղ:

Տիկի՛ն Ալեքսանյան, քննության ավարտից հետո, երբ ամբողջությամբ կպարզվեն հանգամանքները, պատժվողներ կլինե՞ն հրամանատարական կազմից, եթե նրանց մեղավորությունն ապացուցվի:

– Իհարկե ո՛չ: Վերջում զինվորին կմեղադրեն, ոչ թե նրան, ով պատասխանատու է կարգուկանոնի համար: Իսկ այս անպատժելիությունը բերելու է նսեմացումների շարունակականության:

Անպատժելիությունը պայմանավորված է քաղաքական կամքի բացակայությա՞մբ, թե՞ այլ խնդիր կա:

– Հստակ պատճառ ասել կդժվարանամ, բոլոր ժամանակների իշխանությունների, այդ թվում՝ ներկա իշխանության մեղավորությունն են նման դեպքերը բանակում: Ներկա իշխանություններին ավելի շատ եմ մեղադրում, որովհետև այն ժամանակ եղած բարձիթողի վիճակը ոչ միայն շարունակվում է, այլ նաև՝ ոչ մարտական պայմաններում զոհվողների թիվը շատ է ավելացել, ինչը նշանակում է, որ հիմա իսպառ բացակայում է կարգուկանոնը:

Մեզ ընդամենը մեկ դեպքն է հայտնի դարձել, բայց ո՞վ է երաշխավորում, որ դա զանգվածային բնույթ չի կրում: Պատերազմից հետո պետք էր առավել ուշադիր լինել բանակի նկատմամբ, միայն օդի մեջ կրակում են «բարեփոխում» բառը, տեսանելի քայլեր, սակայն, չկան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am