«Աղքատության մակարդակը հասնում է 70-80 տոկոսի, ենթադրել, որ հեշտությամբ պետք է անցկացնենք ձմեռը, առնվազն միամտություն է». տնտեսագետ

 «Աղքատության մակարդակը հասնում է 70-80 տոկոսի, ենթադրել, որ հեշտությամբ պետք է անցկացնենք ձմեռը, առնվազն միամտություն է». տնտեսագետ
 «Աղքատության մակարդակը հասնում է 70-80 տոկոսի, ենթադրել, որ հեշտությամբ պետք է անցկացնենք ձմեռը, առնվազն միամտություն է». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

– Պարո՛ն Բոստանջյան, Ազգային ժողովում քննարկվում է 2019 թվականի բյուջեի նախագիծը: Մարդկանց կենսամակարդակի բարձրացման առումով ինչ-որ հնարավորություններ ստեղծո՞ւմ է նոր բյուջեն:

– Այդ փաստաթուղթը ոչ մի հնարավորություն չի տալիս, և դա ոչ թե ես եմ ասում, այլ այդ մասին ասում են հենց իշխանության կրողները: Մեր սահմանափակ հնարավորությունների պայմաններում մենք, ըստ էության, հնարավորությունների բյուջե ենք ձևավորել այս պահին:

Եվ այդ բյուջեն ոչ այլ ինչ է, քան ամեն մի ոլորտին մի փոքր փող շպրտելու քաղաքականություն: Պարզ է, որ զարգացումը բացառված է այս բյուջեով: Խոշոր առումով ես չեմ ուզում ողբերգություն սարքել այն ամենից, որ մենք այսօր ունենք սուղ հնարավորություններ: Բայց ես ուզում եմ տեսնել գոնե այն միտումները, որոնց պարագայում վաղը կամ մյուս օրը մեր հնարավորությունները որոշակիորեն կարող են բարձրանալ: Իսկ դրա համար մենք այս պահին համապատասխան կադրեր չունենք, հասկանո՞ւմ եք:

– Այսինքն՝ նախ և առաջ կադրերի հա՞րցը պետք է լուծել երկրում առկա խնդիրները լուծելու համար:

– Իհարկե: Բոլոր դեպքերում որքան էլ մենք լավը լինենք, խոշոր առումով դա հարաբերական կատեգորիա է: Մենք պետք է կարողանանք ճանաչել այն տիրույթը, որը ղեկավարում ենք, և այդ տիրույթի բոլոր խոցելի պահերի համար դեղատոմս գտնենք: Եթե մենք չենք ճանաչում այդ օբյեկտը, ո՞նց կարող ենք դրա կառավարման խնդրով զբաղվել:

– Առջևում ձմեռ է, մենք գիտենք, որ կոմունալ վարձերը այդ ամիսներին շատ են լինում, հնարավո՞ր է՝ դժգոհություն հասունանա, եթե գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում չլինի:

– Ես երբևիցե հակված չեմ իրավիճակն ավելի խտացված գույներով ներկայացնելու, բայց կապրենք՝ կտեսնենք, թե ինչ դժվարությունների առաջ ենք կանգնած: Պաշտոնական տվյալներով ամրագրված է, որ երկրում աղքատության մակարդակը գտնվում է 30 և ավելի տոկոսի շրջանակներում:

Բայց բոլոր պարագաներում աղքատության շեմը հաշվարկելու համար մենք սիմվոլիկ թվեր ենք ընդունել: Եթե մենք իրականում ուզում ենք դա հասկանալ, աղքատության մակարդակն ակնհայտորեն շատ ավելի բարձր է՝ այն երկրում հասնում է 70-80 տոկոսի: Եվ այս ամենի պարագայում ենթադրել ու մտածել, որ մենք հեշտությամբ պետք է անցկացնենք առավել ևս այս ձմռան ժամանակահատվածը, առնվազն միամտություն է:

– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի կառավարությունը, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագները: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցում են գազի գնի նվազեցման շուրջ:

– Հայաստանում տասը տարուց ավելի խոսվել է այն մասին, որ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը ուռճացված է: Նախքան գազի հարցով ռուսական կողմի հետ բանակցությունների գնալը պետք է ներքին ռեզերվների մասին մտածել: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, որ «Գազպրոմին» են պատկանում բոլոր բաժնետոմսերը, և ինքը իբր թե սահմանել է գազի սակագին, այդուհանդերձ հասկանալի է, որ այս փոքր երկրի տարածքում սահմանին 150 դոլարով գնված գազը սպառողների վրա իրացվում է երկու անգամ ավելի գնով:

Թե ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի կառավարությունը՝ սակագների նվազեցման հարցը պետք է միանշանակ դնի, ինչպես հեղափոխական իրավիճակում հարցեր դրեց: Ընդհանրապես բոլոր պարագաներում հասարակությունները կարողանում են դեպի վերև շարժվել միայն այն ժամանակ, երբ իշխանությունների հետ միշտ գտնվում են բանավեճի մեջ:

Տվյալ պարագայում այն ընդհարումը, անհամաձայնությունը, ինչո՞ւ չէ, նաև ատելությունը բերեցին նրան, որ նախկին համակարգը հոժարակամ թողեց իր բոլոր լծակները: Այդ նույն սկզբունքը պետք է կիրառել ցանկացած ոլորտում, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հարցում:

– Երկրում զարգացում ապահովելու, տեսանելի տնտեսական արդյունքներ ունենալու համար երկա՞ր պետք է աշխատել, թե՞, օրինակ՝ արդեն գարնանը մենք կարող ենք բարելավված իրավիճակ ունենալ:

– Ես նման զարգացումների, նման մոտեցումների պայմաններում ակնհայտորեն չեմ ուզենա հեքիաթի քաղաք նկարագրել: Ըստ էության, գարունը չափազանց մոտ ժամանակ է: Այն բավականաչափ դժվար ու տևական պետք է լինի, ես իմ վերլուծականներում բազմիցս նշել եմ, որ առնվազն երեք տարի անհրաժեշտ կլինի հնարավոր լավի շեմը տրորելու համար, այն էլ այն պարագայում, երբ գործից իսկապես հասկացող մարդիկ կառավարեն ընդհանուր իրավիճակը: Բայց եթե մարդը գործից բան չի հասկանում, ինչքան էլ ուզում է կտրուկ քայլեր անեն, ոչ մի բան չի փոխվի:

Ամբողջ աշխարհում կադրերն են որոշում առաջընթացի ու անվտանգության հարցերը, այդպես լիրիկական, սիրողական մոտեցումներով… սելֆիներ անող մարդը ո՞նց կարող է երկրի առաջընթացն ու անվտանգությունն ապահովել:

– Քանի որ հեղափոխության հիմնական թեզերից էր հայրենադարձությունը, ի՞նչ եք նկատում, անցած յոթ ամիսների ընթացքում այդ ուղղությամբ առաջընթաց եղե՞լ է:

– Հայրենադարձությունը, իհարկե, լավ ցանկություն է, բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ պոտենցիալ հայրենադարձության ճանապարհը բռնողները հասկանան, որ իրենք ոչ թե գալիս են վայրիվերումների տեղամաս, այլ գալիս են մի երկիր, որտեղ իրենք կընկալվեն, կընդունվեն, և իրենց գործունեությունը կգնահատվի: Մինչև դա չապահովվի, ես չեմ հավատում, որ միամիտներ գոյություն ունեն, ովքեր միայն լիրիկական ու սիրողական բառերով կապակողմնորոշվեն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am