Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այսուհետ նոր օգնական կունենան՝ Ռոբին ռոբոտը

Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այսուհետ նոր օգնական կունենան․ Ռոբին անունով ավտոմատացված ռոբոտը շուրջ 12 շաբաթ կշփվի խնամքի հաստատությունում ապրող տարեցների հետ, կփորձի բարձրացնել նրանց տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները։

Տուն-ինտերնատի բնակիչներից յուրաքանչյուրը շաբաթական մի քանի հանդիպում կունենա ռոբոտի հետ։ Ռոբինի հետ կանցկացվեն նաև ինտելեկտուալ խաղեր, զրույցներ՝ ելնելով տարեցների հետաքրքրությունների շրջանակից ու նախասիրություններից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի մասնակցությամբ այսօր տրվել է ծրագրի մեկնարկը, որի շրջանակում վերջինս կարևորել է նմանատիպ նախաձեռնությունների միջոցով խնամքի հաստատություններում ապրող տարեցների կյանքի որակի բարելավումն ու միաժամանակ նոր հետաքրքրության ապահովումը։   

Ռոբոտի հնարավորություններին տարեցները ծանոթացել են տեղում․ «Էքսպերտ Թեքնոլոջիս» ընկերության ներկայացուցիչները ցուցադրել են ռոբոտին ու նրա հնարավորությունները։ Ծրագրի մեկնարկին հնչել է նաև «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանի ողջույնի ուղերձը։

Հիշեցնենք, որ նախագիծն իրականացնում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը՝ «Էքսպերտ Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ծրագրի ավարտից հետո նախատեսված է Ռոբինի հյուրընկալումը խնամքի մյուս հաստատություններում ևս։