Տուգանվել է. «Շող» գործարանի հարցով ակնկալիքներն ավելին են

«Շող» յուղի և ձեթի գործարանը ժամանակավորապես փակվել է և տուգանվել 100 հազար դրամի չափով` շրջապատը թունավոր արտանետումներով լցնելու պատճառով: Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը և բնապահպանները, սակայն, նշված տուգանքի չափը շատ փոքր է համարում:
«Այդ հարյուր հազարը ոչ մի բան է: Նույնիսկ կաթիլ չէ օվկիանոսում: Ուրիշ բան, որ կասեցրել են, փակել են»,- ասում է Անահիտ Բախշյանը:
Սեպտեմբերի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի 167 բնակիչներ բողոքի նամակով դիմել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին` նշելով, որ «Շող» յուղի և ձեթի գործարանից արտանետվող հոտերը պարզապես անտանելի են դարձրել իրենց կյանքը:

«Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասում գործում է «Շող» յուղի և ձեթի գործարանը, որից արտանետվող «թունավոր» հոտերը, ինչպես որակել են 167 ստորագրությամբ ինձ նամակով դիմած Չարբախի բնակիչները, դժոխքի են վերածել այդ մարդկանց առօրյան»,- «Մեդիալաբին» ասում է Անահիտ Բախշյանը, որը բնակիչների նամակին կցելով իրենը` ուղարկել է բնապահպանության նախարարություն:

Նամակում Անահիտ Բախշյանը խնդրում է «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ՀՀ օրենքի համաձայն` «հանձնարարարել համապատասխան տեսչությանը ստուգումներ կատարելու բնապահպանական նորմերի խախտման մասին ահազանգի հիման վրա և համապատասխան պատժամիջոցներ կիրառել, անհրաժեշտության դեպքում` կասեցնել կամ դադարեցնել բնապահպանական օրենսդրությունը խախտող գործունեությունը` ապահովելով թաղամասի բնակչության էկոլոգիական անվտանգությունը»:

Բնապահպանները ևս հաստատել են գործարանի ստեղծած «դժվարությունները»:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է, որ «Շող» յուղի և ձեթի գործարանը թունավոր արտանետումներ ունի:

«Քանի որ վնասակար արտանետումներն ազդում էին շրջապատի մարդկանց առողջության վրա, նախարարությունը պարտավոր էր արձագանքել»,- «Մեդիալաբին» ասում է Ինգա Զարաֆյանը:

Իրոք, բնապահպանության նախարարությունը շտապել է արձագանքել բնակիչների բողոքին: Ի հետևանս` «Շող» յուղի և ձեթի գործարանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը և տուգանվել:

«Նախարարի կողմից եղել է հանձնարարական Երևանի տարածքային բաժնին` ստուգումներ իրականացնելու համար: Մեր տեսչությունը ստուգումներ է իրականացրել և պարզել, որ օդափոխիչ սարքերը չեն գործում: Սեպտեմբերի 18-ից գործարանի աշխատանքները դադարեցված են, մինչև փոխվեն բոլոր օդափոխիչ սարքերը, ինչպես նաև հարյուր հազար դրամի վարչական տուգանք է նշանակվել»,- «Մեդիալաբին» ասում է բնապահպանության նախարարի մամուլի պատասխանատու Հասմիկ Մկրտչյանը:

Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Մեդիալաբը» փորձեց մեկնաբանություններ ստանալ նաև «Շող» յուղի և ձեթի գործարանից, սակայն վերջիններս զերծ մնացին որևէ հստակ պատասխանից` նշելով, թե ավելի ուշ կարձագանքեն:

«Այս պահին ասելու ոչինչ չունենք»,- եղավ պատասխանը:

Սակայն, գործարանի լռության և բնապահպանության նախարարության «արագ արձագանքի» դեպքում էլ Անահիտ Բախշյանն ասում է, որ տուգանքի չափը չափազանց փոքր է, և պետք է հստակ աշխատանքներ տարվեն:

«Պիտի ստիպեին` բոլոր տեսակի ֆիլտրերը դրվեն, փորձագետը գնա, նայի, ստուգի, որ դրանք իսկապես աշխատում են այնպես, որ որևէ թունավոր կամ վատ հոտ չի տարածվելու մթնոլորտում: Այդ դեպքում թույլատրեն, իհարկե, թող աշխատեն, աշխատատեղեր լինեն, ոչ ոք դրան դեմ չէ, բայց բոլոր տեսակի էկոլոգիական նորմերը պահպանելով»,- «Մեդիալաբին» ասում է պատգամավորը:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նույնպես համոզված է, որ տուգանքի չափը չնչին է և նշված է ձևի համար: Փորձագետի կարծիքով` բնապահպանության նախարարության արագ արձագանքն էլ դեռևս չի կարելի առաջընթաց համարել:

«Կարող եմ ասել` մենք առաջընթաց չենք տեսնում: Դա բնապահպանության նախարարության ֆունկցիան է,- «Մեդիալաբին» ասում է Ինգա Զարաֆյանը: – Պետք է հետևել գործընթացին: Եթե այդ ֆիլտրերը դրվեն, և բոլոր պահանջները բավարարվեն, այդ ժամանակ կարելի է առաջընթացի մասին խոսել»:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am