Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունն անցկացնելու Հայաստանի դիմումը մերժվել է. «Ազատություն»

Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Այդ մասին որոշումն ընդունվել է այսօր Կուբայի մայրաքաղաք Հավանայում գումարված Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմետեի նիստում:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Կոմիտեն նշում է, որ Մանաման 2022 թվականին հաջողությամբ անցկացրել է Ասիայի ծանրամարտի առաջնությունը:

Երկու մյուս թեկնածուներն էին Հայաստանի մայրաքաղաք Երևանը և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան:

Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամ Անար Հուսեյնովը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը, նշելով, թե «Երևանում եվրոպական առաջնության բացման օրն Ադրբեջանի դրոշի հրկիզումն ապացուցել է, որ հայերն այսօրվա դրությամբ պատրաստ չեն ոչ թե խաղաղության, այլ ընդհանրապես որևէ բանի, այդ թվում՝ միջազգային խոշոր մրցաշարի անցկացման»:

«Մեր դրոշի հանդեպ նման աղաղակող անհարգալից վերաբերմունքին պետք է պատիժ հաջորդեր: Մենք նույն օրը համապատասխան նամակներ ենք ուղարկել միջազգային ատյաններ և ֆեդերացիաներ, պահանջել ենք, որ հայերի արարքը դատապարտվի թե՛ բարոյական և թե՛ իրավական առումով»,- ասել է Հուսեյնովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի հիմնական նպատակն էր զրկել Հայաստանին 2024 թվականի առաջնությունը կազմակերպելու հնարավորությունից, և դա իրականություն դարձավ՝ «չնայած հայերը գրեթե երաշխավորել էին իրենց մոտ այդ առաջնության անցկացումը»:

Արբեջանի դրոշն ապրիլի 14-ին հրկիզել է Հայաստանի հեռուստատեսության դիզայնի ստուդիայի ոճաբան Արամ Նիկոլյանը:

Նա այդ օրը բերման է ենթարկվել, ապա ազատ է արձակվել: Նիկոլյանը պնդել է, թե այդ քայլին է գնացել, որպեսզի ցույց տա, որ «հայերը չեն հարմարվում ինչ-որ սիտուացիաների»: