Գլխավոր դատախազությունը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին

Գլխավոր դատախազությունը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին
Գլխավոր դատախազությունը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին

Թեև տևական ժամանակ է անցել ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ Պետրոզավոդսկի դատարանի որոշմամբ կալանքից ազատվելու մասին լուրի հրապարակումից, սակայն մինչ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը որևէ տեղեկություն չի հայտնում, թե ի վերջո, Միհրան Պողոսյանը ե՞րբ կարտահանձնվի Հայաստան։

«Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում, և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան: Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն»,- Factor.am-ին փոխանցեց Դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 23-ին դատարանը Պողոսյանին կալանավորել էր 40 օրով, և նա պահվում էր ուղղիչ գաղութում: Դատախազությունը միջնորդել էր դատարանին երկարաձգել կալանքը՝ 6 ամսով: Միաժամանակ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը տնային կալանք սահմանելու մասին: Արդյունքում, մայիսի 24-ին դատարանը Պողոսյանի համար 6 ամսով տնային կալանք էր սահմանել:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Նա ռուս իրավապահների կողմից հայտնաբերվել  և ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։  ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: