ԱՄՆ-ում 13 մարդու սպանության համար դատապարտված նախկին մայորի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով

ԱՄՆ բանակի նախկին մայոր Նիդալ Մալիկ Հասանի մահապատիժը, որը 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում սպանել էր 13 մարդու, կհեռարձակվի ուղիղ եթերով։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին։

Ըստ հաղորդագրության՝ մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին՝ Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում։ Reuters-ի փոխանցմամբ՝ Հասանը կդառնա 1945 թվականից ի վեր առաջին դատապարտյալը, որի նկատմամբ ԱՄՆ զինված ուժերը մահապատիժ կիրականացնեն գնդակահարության միջոցով։

56-ամյա Հասանի մահապատժի իրականացման այդ տարբերակն առաջարկել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է առաջարկին։

AFP-ի փոխանցմամբ՝ Հեգսեթը հայտարարել է, որ մահապատիժը պետք է հրապարակային լինի։

Նիդալ Հասանը, որը պաղեստինյան ծագմամբ ամերիկացի է, 2009 թվականի նոյեմբերի 5-ին Ֆորտ Հուդ ռազմաբազայում կրակ էր բացել իր ծառայակիցների ուղղությամբ։ Զոհվել էր 13 մարդ։

2013 թվականին ռազմական դատարանը Հասանին մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր 32 մեղադրանքներով և դատապարտել մահապատժի։ Դատարանը հաստատված էր համարել, որ հանցագործությունը կատարվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսության ազդեցությամբ։

Դատավարության ընթացքում Հասանը չի վիճարկել իր մեղավորությունը և հրաժարվել է փաստաբանների ծառայություններից՝ նախընտրելով ինքնուրույն պաշտպանել իրեն։ Այդուհետ նա պահվում է Կանզաս նահանգի ռազմական բանտում։

AFP-ն նշում է, որ 2025 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ում իրականացված մահապատիժների թիվը զգալիորեն աճել է։