«Մենք այդ նամակից ակնկալիքներ չունենք, մեր ակնկալիքները մեր բանակից, մեր ժողովրդից են». Ռուդիկ Հյուսնունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

– Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բավական մանրամասն պատմական ակնարկներով բաց նամակ էր հղել ՌԴ նախագահ Պուտինին: Այդ նամակը բավականին տարըմբռնումների տեղիք տվեց: Դուք ի՞նչ տպավորություն ունեք այդ նամակի հետ կապված, և ի՞նչ ակնկալիքներ կան դրանից հետո, ի՞նչ պատասխան եք ակնկալում:

– Նախ՝ այդ մեսիջն ուղղված էր Վլադիմիր Պուտինին, բայց միաժամանակ՝ նաև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որ մենք այսօր պատերազմում ենք ահաբեկչության դեմ:

Արցախի նախագահը ՌԴ նախագահին դիմել է և՛ որպես պատմական դաշնակցի, որի հետ հարյուրամյակներով կողք կողքի ապրել ենք, և՛ որպես ռազմական գործընկերոջ, և՛ որպես քաղաքական պարտնյորի, որպես իր ազդեցության գոտի, որն այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունի, 102-րդ բազան է այստեղ:

Այս ամենի ընդհանուր համատեքստում Արցախի նախագահը ի լուր աշխարհի հնչեցրեց և դիմեց Պուտինին որպես ազդեցիկ գործչի, որ մենք գործ ունենք ոչ թե Ադրբեջանի, այլ ահաբեկչության հետ, որ սա ոչ միայն արցախցիների խնդիրն է, այլև բոլորի, որ մենք դիմակայում ենք իսլամիստներին, մոջահեդներին, վահաբիստներին, Թուրքիայի սպեցնազին և այլն:

Ուղղակի ակնկալում ենք, որ մեր գործընկերային, դաշնակցային հարաբերությունը թույլ կտա, որ ամեն մեկն անի իր լավագույնը, որ հայ ժողովուրդը, որ հազարամյակներ ապրել է իր պատմական ու մշակութային օրրանում, չկործանվի, և 100 տարվա ցեղասպանությանը վերջ դրվի:

Ամբողջ կոնտեքստը սա էր: Մենք ոչ մեկից խաղաղություն չենք մուրում, ոչ մեկից ավելորդ ակնկալիք չունենք, վերաբերմունքի խնդիր էր, և մենք պետք է ուղղակի ի լուր աշխարհի հնչեցնեինք մեր մտահոգությունները: Որ Աստված չանի, վատ զարգացումների դեպքում ոչ ոք չասի, թե Արցախը չի հնչեցրել այս խնդրի մասին: 

– Այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ փուլի ենք հասել, և ի՞նչ ակնկալիքներ կան այս նամակից: 

– Մենք այդ նամակից ակնկալիքներ չունենք: Մեր ակնկալիքները մեզնից են, մեր բանակից, մեր ժողովրդից, համայն հայությունից:

Մենք ի լուր աշխարհի հայտարարել ենք, որ սա տարածքի կռիվ չէ, սա մեր Հայրենիքն է, և հայը պետք է ապրի այստեղ, ինչպես ապրել է հազարամյակներով: Հիմա էլ մենք մեր հողի համար կռիվ ենք տալիս, հոգի ենք տալիս, քրտինք ենք տալիս: Ասել եմ ու հիմա կրկնում եմ, որ մենք մինչև վերջին փամփուշտը, վերջին մարդը կանգնած ենք մեր նախագահի շուրջը:

Մեկ մարդ, մեկ սիրտ, մեկ հոգի, միասնական, համայն հայությունը՝ մեր մեջքին, տեսնում եք, թե ինչ համախմբում է հիմա գնում:

Մենք մեր հույսը մեզ վրա ենք դրել, մենք չենք ընկրկելու, չենք համաձայնելու ապրել Ադրբեջանի հետ, որովհետև նրանք տեռորիստ երկիր են, ահաբեկչական երկիր են, խաղաղ բնակչությանը ռմբակոծող, երեխա մորթող, զինվոր մորթող մարդիկ են:

Այսօր Ալիևը մեկ խնդիր ունի՝ իր դիակներն ուտում են բորենիները, խոզերը, լեշակեր անգղները, և ինքը 8-9 հազար զոհ է տվել: Հիմա ինքն ամեն օր ասում է՝ մի դրոշակ պետք է տնկեմ որևէ տարածքի վրա և դրանով երկարացնում է իր քաղաքական կյանքը:

Երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ այս հարցը ռազմական լուծում չունի, եթե լուծում լինի, կտեսնեք, թե ինչ է կատարվելու Ադրբեջանի հետ: Մենք հիմա դիմակայում ենք, և գալու է պահը, որ նախահարձակ ենք լինելու, և իրենք Քռից այն կողմ տեսնելու են իրենց ականջները:

Այդ ժամանակ դուք Ալիևին գտնելու եք Հաագայի դատարանում, Ստամբուլի մատույցներում կամ Անկարայում որևէ տեղ թաքնված: Մենք ակնկալիք ունենք, որ համայն հայությունը կանգնի, և այս պատերազմը վերջնական իր լուծումն ստանա: 

– Արդեն շուրջ մեկ ամիս է՝ ինչ պատերազմն ընթանում է: Իր մասշտաբներով սա աննախադե՞պ էր, եթե համեմատենք բոլոր մեր նախորդ պատերազմների հետ:

– Այո՛, սա աննախադեպ է: Տեսե՛ք՝ այս պատերազմում միայն Արցախի խնդիրը չի դրված, դուք գիտեք, որ աշխարհում լուրջ վերադասավորումներ են ընթանում:

Պատահական չէ, որ Թուրքիան, Իսրայելը մատակարարում են տարբեր տրամաչափի զենքեր, և ամեն օր մենք հետևում ենք, որ զենք-զինամթերքով բեռնված ծանր օդանավեր են իջնում Ադրբեջանի օդանավակայաններում:

Սա Արցախի խնդիրը չէ, դրա համար մենք դիմել ենք նաև մեր հարևան երկրներին, որ նրանք ուշքի գան: Այս մեկ ամսվա ընթացքում մեր դաշնակիցները հասկացան, որ սա միայն լոկալ պատերազմ չէ, այլ աշխարհագրական վերադասավորումների խնդիրներ է իր մեջ պարունակում:

Մենք տեսնում ենք, որ ակտիվացել են թե՛ Ռուսաստանը, թե՛ Ամերիկան, թե՛ Ֆրանսիան և, ընդհանրապես, քաղաքակիրթ աշխարհը: 

Մանե Հարությունյան

MediaLab.am