«Մեկի համար այս պայքարը «մեյմունություն» է, մյուսի համար՝ սրտից բխող պայքար». Վիգեն Ավետիս

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով այս օրերին Հայաստանում է և մասնակցում է Ազատության հրապարակի հանրահավաքներին, մտադիր է աշնանը վերջնակապես վերադառնալ և բնակվել Հայաստանում: Ասում է, որ հայ ժողովրդին առաջարկում է պայքարի նոր ձև՝ վերադարձ Հայաստան:
Իտալահայ քանդակագործի կարծիքով՝ հայերն այս իշխանություններին պետք է հակահարված տան իրենց ներկայությամբ, իրենց ունեցվածքին տեր կանգնելով:
Անդրադառնալով այս օրերին Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վիգեն Ավետիսն ասում է, որ իշխանությունները լուծում պետք է առաջարկեն, ինչի մասին բարձրաձայնում է նաև հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այնպես, ինչպես դասավորված է դաշտը, այսպես շարունակվել չի կարող: Հետևաբար իշխանություններն ինչ-որ լուծումներ պետք է գտնեն, անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենա այս պայքարը: Ես սպասում եմ լուրջ փոփոխությունների, սպասողական վիճակում ենք հիմա»,- «Մեդիալաբին» ասում է Վիգեն Ավետիսը:

Նա նշում է, որ այսօր Հայաստանում տեղեկացված հասարակություն է ձևավորվել, որի հետ իշխանությունները պետք է հաշվի նստեն՝ ուզեն, թե չուզեն:

«Ես ինչքան լսում եմ իշխանության մեկնաբանությունները, դրանք մեծամիտ են, տհաճ, գնալով ավելացնում են տհաճությունը կառավարության հանդեպ: Փոխարենը ոչինչ չեն առաջարկում, բայց նվաստացնում են պայքարողներին»,- ասում է նա: Վիգեն Ավետիսի խոսքով՝ այսօր հայ ժողովուրդը պայքարում է արադարության, ազնվության համար, որպեսզի պետական համակարգը գործի:

Այսինքն՝ ժողովուրդն այսօր անում է այն գործը, որը պետք է աներ պետական համակարգը:

Իտալահայ քանդակագործն ասում է, որ ոչ ոք չէր սպասում, որ հետընտրական փուլում հասարակությունը հանրահավաքներ կանի: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն էլ չէր կանխատեսում այս սցենարը:

«Ուղղակի նոր սերունդ հասունացավ, մեծացավ, և սա նոր խոսք է: Այս խոսքը, որ այսօր լսում ենք, մենք երբեք չենք լսել, սա նոր ձև է, նոր խոսք, նոր միջոցներ: Ինձ թվում է, որ կառավարությունը խուճապի մեջ է, որովհետև այս մոտեցմանը չէր սպասում, սա ինքնաբուխ պայքարի ձև է, որը երևի աշխարհում միակն է, և ոչ ոք չգիտի, թե ոնց հանգցնեն այս ամենը»,- նշում է Վիգեն Ավետիսը:

Նա «մանկական և անլուրջ խաղեր» է որակում այն մարզպետների ու համայքնապետերի պահվածքը, ովքեր մարզերում վախի մթնոլորտ են տարածում և փորձում բողոքող մարդկանց դեմն առնել:

«Արդեն անցել է այդ պահը, չի աշխատում ճնշման մեխանիզմը: Հիմա պետք է ուղղակի սթափվեն ու հաշվի նստեն այս իրականության հետ, մանկամտություն չանեն, կիսակոմունիստական, կիսաբոլշևիկյան իրավիճակներից տղամարդկություն ունենան ու դուրս գան»,- նշում է նա:

Վիգեն Ավետիսն իշխանություններին հիշեցնում է՝ ժողովուրդն իրավունք ունի պահանջելու ու բողոքելու, դա մարդկանց իրավունքն է:

Անդրադառնալով վերջին տարիներին մեծ թափ ստացած արտագաղթին, իտալահայ քանդակագործն ասում է, որ իշխանությունները վերջին 5-10 տարվա ընթացքում արեցին ամեն ինչ, որ մարդիկ երկրից գնան:

«Ես մի անգամ լսեցի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ սահամանամերձ ու լեռնային շրջանների բնակիչները պետք է իջնեն դաշտավայրում բնակվեն: Ասաց՝ մինչև ձեռներերս հասնի, որ այդ բնակավայրերը կարգի բերենք: Նախագահն իրավունք չունի նման հայտարարություն անելու, որը սպառնում է քաղաքացիների բնակավայրերին: Եթե մարդը չի պահպանում իր պապենական տունը, նշանակում է արժեզրկել են ամեն ինչ: Հայրենական տուն, հայրենիք, ամեն ինչ արել են, որ այդ արժեքներից զրկեն մարդկանց»,- ընդգծեց նա:

Վիգեն Ավետիսի կարծիքով՝ ինչքան շատ գնան երկրից, այնքան ձեռնտու է այն կառավարությանը, ում անհրաժեշտ չէ մտածող ժողովուրդ, այլ անհրաժեշտ է դատարկ տարածություն, որտեղ կան հանքեր, որոնք կարող են շահույթ ապահովել իրենց համար:

Անդրադառնալով որոշ իշխանամետ մտավորականների պահվածքին ու շարժման վերաբերյալ արտահայտություններին, Վիգեն Ավետիսը նշեց, որ ամեն մտավորական ունի իր կարծիքը, մեկի համար այս պայքարը «մեյմունություն» է, մյուսի համար՝ սրտից բխող պայքար:

«Մարդիկ չեն մոռանում ոչ մի արտահայտություն, և բարի, և չար արտահայտությունները երբեք չեն մոռացվում, մնում են մարդկանց մտքում և սրտում:

Պետք է շատ-շատ լինեն այդ արտահայտությունները, դա բացահայտում է մարդու էությունը: Կան մարդիկ, որոնց սիրում ու հարգում ես, բայց չգիտես, թե ինքն ինչ է մտածում: Երբ որ ինքը սկսում է արտահայտվել, հասկանում ես, թե ինչպես է մտածում: Ես չեմ ուզում ասել, որ լավ մտավորականները նրանք են, ովքեր պաշտպանում են այս շարժումը: Նրանք էլ են լավը, իրենց ձևով են փնտրում լուծում, պետք է հարգենք մեկս մյուսին և ամենակարևորը մասնակցենք: Ամենավտանգավորը անտարբերությունն է»,- համոզված է Վիգեն Ավետիսը:

© Medialab.am