Քաղաքական դաշտը պետք է կոնսոլիդացվի ու Նիկոլ Փաշինյանին պարտադրվի անցնցում իշխանափոխություն. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, մենք վերջնականապես կորցրեցի՞նք Արցախը, թե՞ դեռ հույսեր կան, ինչպես նշում են ոմանք:

– Այդ հույսն այնքան փոքր է, որ անգամ չարժի քննարկել այն: Եթե անգամ այդ հույսը կա, մեզանից կախված չէ, Հայաստանն այլևս, առնվազն այս պահին ու առաջիկայում, չունի Արցախը հետ բերելու իրական հնարավորություն, անգամ Հայաստանի ջանքերով դժվար է պատկերացնել Արցախը հետ բերելու համար որևէ ճանապարհ: Ես այդ հույսը, որը մեզանից կախված չէ, կբացառեի, եթե Հայաստանում՝ շատ մոտ ապագայում, տեղի չունենա անցնցում իշխանության հանձնում որևէ այլ ուժի, որն ավելի ադեկվատ կլինի ստեղծված ծանրագույն իրավիճակում: 

– Իսկ Արցախում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու մասին խոսակցություններին ինչպե՞ս եք վերաբերվում, այս պահին դա որքանո՞վ է կարևոր և, որ ամենակարևորն է՝ իրատեսական:

– Այս պահին անիմաստ է խոսել դրանից, որովհետև ո՞ւմ են պաշտպանելու այդ ուժերը, դատարկվող Արցախի ի՞նչն են պաշտպանելու այս ուժերը, էլ չեմ ասում այդ նախաձեռնության վտանգավորության մասին: Ես չգիտեմ՝ մեզ ի՛նչ կտա դա, կամ վնասի չափն արդյոք գնահատե՞լ ենք, որ մտել ենք աշխարհաքաղաքական այս նոր հակամարտության մեջ: 

Եթե հնարավոր էր միջազգային խաղաղարար ուժեր ներգրավել, ինչո՞ւ դա չարվեց մինչև այն պահը, երբ դեռ հնարավոր էր Արցախում որևէ բան փրկել, կամ եթե հնարավոր էր միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավում, ինչո՞ւ այդ դեպքում շտապեցին ու Արցախը ճանաչեցին Ադրբեջանի տարածքի մաս: Այնպես որ, ես այդ գաղափարին էլ չեմ կարող լուրջ վերաբերվել:

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ անցնցում իշխանափոխությունը որքանո՞վ եք հավանական համարում:

– Ցավոք սրտի, դա էլ եմ անհնար համարում, բայց, հավատացեք՝ դա միակ հնարավոր ելքն է Հայաստանը փրկելու ու Արցախի մասով թեթև հույս արթնացնելու համար:

– Իսկ այն ընդդիմությանը, որը մի քանի օր դիմադրության ակցիաներ իրականացրեց Երևանում, հիմա էլ անորոշ ժամանակով իրենց գործողությունները դադարեցրել է, ինչպե՞ս եք գնահատում:

– Շատ վատ, որովհետև մեր ընդդիմությունն այդպես էլ Հայաստանի շահերից բխող օրակարգ կամ գործողություն առաջ չքաշեց: Ընդդիմության համար գլխավոր խնդիրը իշխանությունը վերցնելն է, իսկ այս պարագայում ամեն ինչ գնում է ձախողման, ու ձախողման գլխավոր մեղքն այն է, որ նպատակները սխալ են դրված:

– Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի իր ուղերձում հայտարարեց, որ առաջնորդելու է «անկախության շարժումը», կոչ արեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը գնահատողներին հետևել իրեն: Նա կարո՞ղ է առաջնորդել այդ շարժումը:

– Հայաստանի սուվերենությանը ավելի շատ վնասած մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է, մեր սերունդը չի ճանաչում: Այնպես որ, դա աբսուրդի թատրոն է: Նիկոլ Փաշինյանը սուվերենության մասին պայքարի կոչ անելով՝ նկատի ունի մեր իբրև թե Ռուսաստանից կախումը փոխարինել ԱՄՆ-ից կախմամբ, իբրև թե Ռուսաստանի գործիք լինելու փաստը փոխարինել ԱՄՆ-ի՝ Արևմուտքի գործիք լինելու փաստով: 

Պետք է ընդունենք, որ փոքր պետությունների համար շատ բարդ է հասնել բացարձակ անկախության, որովհետև մենք միշտ առնչվում ենք մեծ կամ տարածաշրջանային պետությունների շահերին: Բայց երբ դու ճիշտ ես խաղում, քո սուվերենիտետի նշաձողը բարձրացնում ես, գուցե հնարավորինից ավելի, դու կարող ես և՛ Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունենալ, և՛ ԱՄՆ-ն քո գործընկերը լինի, լինես Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, բայց ԱՄՆ-ի հետ ունենաս փայլուն հարաբերություններ, այսինքն՝ քո սուվերենության նշաձողն այսպես բարձրացնում ես, գուցե անհնարինից ավելի: 

Երբ դու Ադրբեջանի հետ պատերազմում ես, գրավում ես Ադրբեջանի տարածքները, բայց Ադրբեջանի գլխավոր գործընկեր դաշնակից Թուրքիայի տարածքով հաց ես հասցնում քո կռվող բանակի համար, սա է սուվերենիտետը, ինքնիշխանությունը: Այս պայմաններում, երբ ինքը խոսում է սուվերենության պաշտպանության մասին, նկատի ունի մի նոր արհավիրք՝ տարածաշրջանում ձեռք բերել մի նոր թշնամի, որպիսին չէին ցանկանա ձեռք բերել աշխարհի պետությունների առնվազն 90 %-ը, իսկ այն 10 տոկոսին էլ դա հետաքրքիր չէ, որովհետև այնքան հեռու են այդ երկրից, որ նրանց թշնամի լինել-չլինելը որևէ կերպ չի ազդի իրենց կյանքի որակի վրա: 

Իր ուղերձի ամբողջ իմաստն այս էր՝ մենք պետք է ձեռք բերենք նոր թշնամի: Նիկոլ Փաշինյանի այս ազգակործան քայլերը մեզ կարող են դարձնել Ռուսաստանի գուբերնիա, որովհետև այսօր մեր պետության գլխին կախված են այնպիսի վտանգներ, ինչպիսիք գուցե կախված չեն եղել 1920 թվականին: Մենք մեր աչքով ենք տեսնում հայրենիք կորցնելը, ու այս գործընթացը չի կանգնեցվում, քանի դեռ այն կանգնեցված չէ, մենք շարունակական հայրենիք կորցնելու վտանգի առաջ ենք: 

– Ո՞վ պետք է կանգնեցնի, պարո՛ն Խաչատրյան:

– Ես ասացի՝ լուծումը իշխանության փոփոխության մեջ է: Բայց մեկ ուրիշ սարսափ է, եթե Հայաստանում ստեղծվի անարխիա, առանց այդ էլ կոտրված են մեր անվտանգության համակարգերը, բանակը, այս վիճակում սարսափելի կլինի, եթե հանկարծ Հայաստանում ստեղծվի անարխիա: Բայց, մյուս կողմից՝ եղած իշխանությունն ինքնին սարսափ է, դրա համար կանգնեցնելու միակ հնարավոր տարբերակը անցնցում իշխանության փոխանցումը պետք է լինի: Մի՛ հարցրեք՝ ո՞ւմ, որովհետև այդ գործընթացի մեջ հստակ կերևա, թե ո՛ւմ կարելի է իշխանություն փոխանցել, որը գոնե թայմ աութի հնարավորություն կունենա: 

– Բայց ասացիք, որ դա իրատեսական չեք համարում: 

– Իհարկե, իրատեսականն այս պահին հայրենիք կորցնելն է, որովհետև քանի դեռ իրատեսական չէ իշխանության փոփոխությունը, իրատեսական է Սյունիքի գլխին կախված վտանգը:

– Իսկ հույսե՞րը, որ Իրանը չի թողնի, Արևմուտքն է դեմ և այլն:

– Մինչև մենք հասկանանք, որ Իրանը, օրինակ՝ չեզոքություն է պահպանում, որովհետև հասկացել է աշխարհակարգի փոփոխությունները, մեզ համար ուշ կլինի: Կամ լավ, ենթադրենք՝ Իրանը ռազմական միջամտություն ունեցավ, ու Սյունիքում Ադրբեջանի դրոշի փոխարեն եղան Իրանի դրոշն ու զորքը, իրանական ռեժիմ 5-10 տարով, դրանով մեր հայրենիքը փրկո՞ւմ ենք: 

Այո՛, գուցե այնտեղից հայերը չտարհանվեն, մենք ոչ թե պետք է բացառենք Սյունիքի ազատագրումն Իրանի միջոցով կամ 30 տարի հետո կրկնենք ալիևյան հրաշքը, որ 30 տարի հետո ազատագրենք Զանգեզուրը, այլ մենք այսօր շանս ունենք Զանգեզուրը ռազմական գործողությունների թատերաբեմից զերծ պահելու համար: Սա՛ պետք է անենք, ոչ թե ամերիկացիների հայտարարություններով հույս ունենանք, որ 30 տարի հետո Սյունիքում նորից հայեր կապրեն:

– Եթե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ինքնիշխանությունը ԱՄՆ-ի կամ հավաքական Արևմուտքի միջոցով լինելու է, դուք դրա համար արված ռեալ առաջարկներ տեսե՞լ եք:

– Մոտավորապես նման պատկեր մենք ունենք Ուկրաինայում, երբ իր սուվերենությունը պաշտպանում է Արևմուտքի միջոցով. ի՞նչ ունեն իրենք՝ ավեր ու կոտորած: Մենք այդ ռեսուրսն էլ չունենք ախր: 

– Փաստորեն, ոչ մի լավ հեռանկար չկա՞:

– Ոչ մի լավատեսություն, աշխատեցի անգամ իրավիճակի ամբողջ հոռետեսական պատկերը չներկայացնել: Միակ ելքն այն է, որ Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը պետք է կոնսոլիդացվի ու Նիկոլ Փաշինյանին պարտադրվի անցնցում իշխանափոխություն:

– Այդ կոնսոլիդացիան չեղավ 2020 թվականի պատերազմից հետո էլ, պարո՛ն Խաչատրյան:

– Այո՛, բացասական է փորձը, բայց ինձ շատ տխրեցնում է նաև այն, որ սեփական սխալներից էլ դասեր չենք քաղում: Ասում են՝ խելոքներն ուրիշների սխալներից են սովորում, իսկ հիմարները՝ սեփական: Մենք ո՛չ ուրիշների, ո՛չ սեփական սխալներից չենք կարողանում սովորել, բայց գուցե Արցախի կորուստն ահազանգ լինի շատերին, որ կարողանան բացառել Սյունիքի կորուստը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am