«Անգամ վերմակ չունենք, ես, ամուսինս, հաշմանդամ աղջիկս մի վերմակի տակ ենք քնում»․ Սարվանցների ընտանիքը Հադրութից՝ անհայտություն

Արցախյան պատերազմը Նունե Սարվանցի ընտանիքին նոր դժվարություններ ու տառապանք բերեց։ 44-ամյա Նունեն առողջական խնդիրներ ունի, նրա 19-ամյա աղջիկը՝ Լիլիթը, առաջին խմբի հաշմանդամ է։ Ընտանիքը հուսահատության մեջ է հայտնվել. մի կողմից առողջական դժվարին խնդիրների դեմ ամենօրյա պայքարը, մյուս կողմից՝ տունը, ապրուստը ու հայրենիքը կորցնելը։ 

Ընտանիքը տեղահանվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, որտեղ մեծ ջանքերի գնով ստեղծել էին տուն, հողամաս, ունեին լավ վարձատրվող աշխատանք, սակայն կորցրեցին ամեն ինչ։ 

«Մենք շատ էինք դժվարություններ տեսել երեխայի պատճառով, առաջին կարգի հաշմանդամ ա, շատ էինք տարբեր հիվանդանոցներ գնացել-եկել։ Երեխան ոսկորների խնդիր ունի, շուտ-շուտ կոտրվում են, բուժում չկա իր համար։ Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարում իրան գրկած հայաթում ման ածեմ, ինքը փոքրամարմին ա, չի քայլում, բայց տարիքը մեծ ա,- ասում է Սարվանցը և հավելում,- տունն էլ դժվարությամբ էինք առել, ես իմ ձեռքերով եմ ցեխը վեդրոներով կրել, ամուսինս, տղաս են շինարարությունն արել, մենք մեր ձեռքերով ենք սարքել։ Ամեն ինչ վերանորոգված թողինք թուրքին»,- ասում է Սարվանցը։

Սարվանցի ընտանիքը այժմ բնակվում է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում, տեղահանվելիս որևէ իր չեն կարողացել դուրս հանել, հուսահատորեն նշում է, որ այժմ նույնիսկ վերմակ չունեն, որ երեխան կարողանա առանձին քնել:

«Հարևանները մի բան տվել են, էնքան որ, յոլա ենք գնում, էնքան բանի կարիք ունենք, չգիտեմ որից սկսեմ, անգամ վերմակ չունենք, ես, ամուսինս, հաշմանդամ աղջիկս մի վերմակի տակ ենք քնում, պետությունից գումարներ ստացել ենք, բայց չի բավականացրել։

Պատկերացրեք՝ մեր տնից դուրս ենք եկել առանց ոչինչ, մի որոշ ժամանակ Քաջարանում էինք մնում, մեզ սնունդ չէին տալիս, շատ ժամանակ առնում էինք, նաև կոմունալներն ենք վճարում: Մենակ 50 հազար տվել ենք տաքսիին, որ Քաջարանից էստեղ հասնենք։ Էնտեղ 3 ամիս մորքուրիս տանն ենք մնացել, բայց շատվոր էինք, էլ չէինք կարող մնալ։ 

Էստեղ տունը Սամարայում ապրող մի մարդ է տվել, դեռ վարձ չենք տալիս, բայց տան վրա լիքը գործ կար, ո՛չ ջրի կռանտ կար, ո՛չ գազ կար, ո՛չ զամոկ կար, դրանք ենք սարքել, տան վրա շատ գործ ենք արել, քարուքանդ տուն էր, 10 տարի ա՝ էստեղ մարդ չի ապրել, փոփոխել ենք մի քիչ, որ կարողանանք մնալ»,- ասում է Նունեն:

Պատմում է, որ մինչև պատերազմը, ճիշտ է, դժվարություններ կային, երեխայի առողջական խնդրով շատ էին զբաղվում, բայց կարողանում էին ապրուստ ստեղծել, ամուսինն ու տղան աշխատում էին խաղողի այգում և օրական միասին ստանում 14 հազար։

«Ես էլ մեր հողամասում էի աշխատում, ամեն ինչ ցանում էինք, մեր հողը չէր հանգստանում, դոշաբ էի սարքում, ծախում: Մեր գյուղը զարգացած գյուղ ա եղել, աշխատանք կար, միայն դրա համար կամք էր պետք, մենք էլ աշխատում էինք, ստեղծում։

Հիմա ես չեմ աշխատում, աղջկաս եմ խնամում, ամուսինս էլ հլը գործ չի ճարել, ասում են՝ դեռ չկա: Ստեղ էլ այգիներ կան, որ կարա ա գնա մշակի, մեր գյուղում էլ ա տենց գործեր արել։ Բայց ասում են՝ սպասեք»,- նշում է Նունեն։

Ասում է, որ եթե տուն տան, անպայման ցանկանում է վերադառնալ Արցախ, միայն այնտեղ է պատկերացնում ապագան։ Պատերազմի օրերին անգամ չի ցանկացել գյուղից դուրս գալ, մինչև վտանգը զգալի չի դարձել:
«Չէի ուզում դուրս գայինք, չէի վախենում, ամեն օր էդ անօդաչու սարքը գալիս էր, մեր տան գլխի վրայով գնում, ինչի՞ց պիտի վախենայի: Նենց չի, որ առաջին անգամ էի պատերազմ տեսնում, առաջին պատերազմն էլ եմ տեսել, սովոր էի, արդեն գիտեի, թե դա ինչ ա։

Մենք մնացել էինք մի քանի հարևաններով, որ հաց թխեինք, պոստեր ուղարկեինք, ուղղակի գնում էինք, օգնում, քանի որ Ստեփանակերտի փռերը պայթեցրել էին, մենք գնացել էինք, որ կամավոր օգնեինք:

Հետո ասեցին՝ էլ չեն թողնում գյուղում կանայք մնան, ասեցին՝ պետք ա դուրս գաք,- հիշում է Սարվանցը և շարունակում,- ես մեր ապագան Ղարաբաղում եմ պատկերացնում: Եթե տուն լինի, մեծ ուրախությամբ կվերադառնամ։ Որտեղ տան՝ կգնամ, բայց հույս չունեմ, որ կտան։ Էնտեղ իմ ամեն ինչն ա։ Հորս գերեզմանը մնաց էնտեղ, հորաքրոջս տարին նոր էինք տվել, բայց արդեն գերեզման էլ չունենք, թուրքերը մեր գյուղի գերեզմանները քանդել են (հուզվում է)։ Բայց ես ուզում եմ հետ գնալ, Հայաստանում ո՛չ հարմարություն կա, ո՛չ գործ կա, ո՛չ տուն կա»,- ասում է Նունե Սարվանցը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am