Մի քանի ժամից ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Սերժ Սարգսյանը

Այսօր` հունիսի քսաներկուսին, Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ենթադրվում է, որ աշխատանքային այցով Ստրասբուրգ ժամանած Սերժ Սարգսյանը Վեհաժողովի լիագումար նիստում կխոսի Հայաստանի ներքաղաքական խնդիրների, Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, նաեւ` հայ – թուրքական հարաբերությունների մասին:

Սերժ Սարգսյանը կլինի երկրորդ նախագահը, ով ելույթ է ունենում ԵԽԽՎ այս տարվա ամառային նստաշրջանում: Նրանից առաջ ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Ուկրանիայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Ելույթից հետո, ընդունված կարգի համաձայն, Վեհաժողովի պատվիրակները Սերժ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն կունենան: Սարգսյանին հարցեր ուղղելու համար արդեն հերթագրվել են ադրբեջանական պատվիրակության մի քանի անդամներ:

© Medialab.am