Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհի անցանելիությունը

Մայիս ամսվա երկրորդ կեսից պետական միջոցների հաշվին կմեկնարկի «Հ-53,Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։

«Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 196 միլիոն դրամ: Հայտարարված շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում:

«Ծրագրով նախատեսված է շուրջ 1000 քառակուսի մետր մակերես ընդգրկող փոսային նորոգում, 24 հազար 578 քառակուսի մետր միաշերտ ասֆալտի եւ ճանապարհային նշանների տեղադրում: Բարելավվող ճանապարհի երկարությունը 11,8 կիլոմետր է, որը սկսվում է Ծովագյուղի խաչմերուկից, անցնում Սեմյոնովկա համայնքով եւ ավարտվում Գեղարքունիք-Տավուշ սահմանաբաժանում:

Ճանապարհի անցանելիության բարելավման ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելը ենթարկվի հիմնանորոգման»,- ներկայացրեց վարչության պետը»: