Դպրոցներում բուլլինգի (հալածանք) արատավոր երևույթի մասին է քննարկվել Պաշտպանին առընթեր խորհրդի նիստում

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց առաջին հանդիպումը կայացել է օգոստոսի 21-ին տեղի է ունեցել: Խորհուրդը կազմված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ քննարկվել են դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ, որոնց բախվում են երեխաները, նրանց ծնողները կամ ուսուցիչները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներառական կրթության արդյունավետ կազմակերպմանը, հատուկ դպորցներում կրթության իրավունքի ապահովմանը, ինչպես նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում դպրոցների վերաբացմանն ու դասերի անցկացմանը:

Արման Թաթոյանը բացման խոսքում, մասնավորապես, նշել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովման ոլորտում կան տարիներով կուտակված համակարգային բնույթի խնդիրներ՝ կապված ուսումնական նյութերի, ծրագրերի, դասագրքերի, ֆիզիկական միջավայրի մատչելիության, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետների քանակի հետ:

«Երեխաններն ու ծնողները հաճախ հանդիպում են խնդիրների. դրանք և՛ օրենսդրական բացերի, և՛ իրազեկման պակասի արդյունք են: Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է երեխաների համար կրթության հավասար և արժանապատիվ պայմանների ապահովումը՝ բացառելով որևէ տեսակի մեկուսացում և խտրականություն: Ոլորտում առկա են կարծրատիպեր, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների կրթության վրա»,- նշել է Արման Թաթոյանը:

Խորհրդի հանդիպման օրակարգային հարցերն առավել մանրամասն ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարը և Երեխաների իրավունքների բաժնի ներկայացուցիչները: Այնուհետև յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ հարցադրումներ և իրենց դիտարկումներն են ներկայացրել խորհրդի անդամները՝ կիսվելով սեփական փորձով և հարցերի լուծման իրենց մոտեցումներով:

Քննարկման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև դպրոցներում բուլլինգի (հալածանք) արատավոր երևույթը՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ:

Խորհրդի անդամները ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն համագործակցել ոլորտի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ:  

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները: Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որին կարելի է դիմել  (+374 10) 53-85-77 հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով: