Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը. «Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել»

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը. «Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել»
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը. «Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել»

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Ինչպես գիտեք, 2014 թվականի ապրիլի 22-ին 2rd.am կայքէջը հրապարակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը շոշափել էր վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև պատասխանել էր քաղաքական օրակարգի մի քանի հրատապ խնդիրներներին վերաբերող որոշ հարցերի:

Հաջորդ մի քանի օրերին, ինչպես և սպասվում էր, հարցազրույցն ակտիվորեն քննարկվում էր:  Գոհունակությամբ արձանագրում ենք, որ այդ առիթով քաղաքական մեկնաբանների ու լրագրողների ճնշող մեծամասնությունը հասարակությանը ներկայացրեցին համարժեք գնահատականներ: Թեմայի շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների բնույթն ու փորձագիտական արձագանքները տալիս են բոլոր հիմքերը համոզված ասելու, որ մարդիկ ճիշտ են ընկալել բոլոր շոշափված հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի հասկանալի ու փաստարկված դիրքորոշումը:

Այժմ հարցազրույցի վերաբերյալ իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքների մասին:

Ըստ բովանդակության, այդ արձագանքները կարելի է բաժանել երկու խմբի.

1.Արձագանքներ, որոնք հանգում էին մտքին, թե սահմանադրական բարեփոխումներն այնուամենայնիվ հասարակության պահանջն է ու հասունացած անհրաժեշտություն, և այդտեղ է մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ կենսական  խնդիրների լուծման բանալին:

2.Արձագանքներ, որոնք վերաբերում էին ոչ թե հարցազրուցի բովանդակությանը, այլ դրա ի հայտ գալու փաստին: Մասնավորապես, հնչեցին ուղղակի կամ անուղակի մեղադրանքներ առ այն, որ նախագահ Քոչարյանը մինչ իր տեսակետն արտահայտելը, պարտավոր էր հայտարարել մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին:

Հիմա դիտարկենք այդ արձագանքները առանձին-առանձին:

1.Եթե ծանոթանանք վերջին 4 տարվա ընթացքում տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրություններին, ապա կտեսնենք, թե որ խնդիրներն են մեր քաղաքացիները համարում ամենահրատապը: Հարցին, թե  «երկրի առջև ծառացած  խնդիր-ներից որո՞նք եք այս պահին համարում ամենակարևորը»՝ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը տարեցտարի պատասխանում է`գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, ինֆլյացիան, ցածր աշխատավարձը և կենսաթոշակը, ինչպես նաև կոռուպցիան : Ահա խնդիրների այն շարքը, որոնց լուծմանը մարդիկ սպասում են /իմիջիայլոց, հարցվողներից ոչ մեկը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակի Սահմանադրությունը չի հիշատակել/:

Մոլորություն է կարծելը, թե այդ խնդիրների լուծումը կախված է սահմանադրական բարեփոխումներից, և չինովնիկների դեկլարատիվ հայտարարությունները ոչ մեկին հակառակը չեն համոզի: Անգամ նախկին կառավարությունը, որ մշտապես օբյեկտիվ պատճառներ էր փնտրում բոլոր անհարթությունները բացատրելու համար, չէր փորձում արդարացնել դրանք Հիմնական Օրենքի անկատարությամբ:

2.Մեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաև՝ քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում՝ ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար: Սահմանադրության 27-րդ հոդվածով էլ կարծես թե նման որևէ նախապայման չի ենթադրվում /սա ի գիտություն արդարադատության նախարարի պաշտոնակատարի/: Ավելին, այստեղ խոսքը գնում է մի մարդու կարծքի մասին, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում և տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել՝ անկախ ապագայի իր ծրագրերից:

Վերջում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները: Նա համարում է /և այդ առիթով հրապարակավ արտահայտվում/, որ իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական: Նայենք ԱՄՆ-ին ու Կանադային, կամ Ֆրանսիային ու Գերմա-նիային: Դրանք միանգամայն տարբեր պետական կառուցվածք ունեցող հարևան երկրներ են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նախագահական կամ խորհրդարանական հանրապետության մոդելը չի հաջողությունների ձեռքբերման վճռորոշ գործոնը: Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն: Խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրը»:

© Medialab.am