ԱԽ քարտուղարի մոտեցումն ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց այն հիմա ժամանակավրեպ է. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

– Օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին: Նա, մասնավորապես, ասել է, որ եթե գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն այդ ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ճիշտ ԱԽ քարտուղարի կողմից նման հայտարարություններ հնչեցնելը:

– Ես կարծում եմ, որ նման մոտեցումն ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց այն հիմա ժամանակավրեպ է:

Այն պարտությունից հետո, որ մենք կրել ենք, և այն քաղաքականությունը, որ մեր նկատմամբ իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմը, նման մոտեցումը և՛ ժամանակավրեպ է, և՛ սխալ, որովհետև նախ՝ Թուրքիան Արցախյան երկրորդ պատերազմը հրահրեց, նախապատրաստեց, իրականացրեց և հիմա էլ փորձում է Ադրբեջանի հետ համատեղ ուժեղացնելով ճնշումը Հայաստանի վրա՝ նոր զիջումներ կորզել Հայաստանից: 

Այս պայմաններում, ես կարծում եմ, որ մոտեցումը Թուրքիայի նկատմամբ պետք է վերանայել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա Թուրքիան արդեն հանդես է գալիս որպես թշնամական պետություն:

Մենք պետք է ավելի կոշտ դիրքորոշում ունենանք Թուրքիայի նկատմամբ, ճիշտ կլինի՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցենք մեր ազգային արժեքների վրա, այսինքն՝ արժեքային արտաքին քաղաքականություն վարենք:

Իսկ դա նշանակում է, որ, օրինակ՝ Ցեղասպանության ճանաչման խնդրին մենք պետք է ավելի մեծ նշանակություն տանք, հայկական հարցին նշանակություն տանք:

Նաև շատ կարևոր եմ համարում, որ մեր երկիրն ունենա մեծ ռազմավարական նպատակ, որը կհամախմբի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ սփյուռքի հայությանը: Դա պետք է լինի մեր պետականության վերականգնումը մեր բնօրրան Հայկական լեռնաշխարհում: Այդ նպատակի համար մենք պետք է աշխատենք:

Իհարկե, ես չեմ ասում, որ միանգամից գնանք զենքի ուժով վերցնենք: Դա պետք է մեծ նպատակ լինի, որը կհամախմբի ամբողջ հայությանը, և մենք քայլ առ քայլ կգնանք այդ նպատակի իրականացման ճանապարհով: 

– ԱԽ քարտուղարի այդ հայտարարությունը որևէ վտանգ չի՚՞ պարունակում իր մեջ այն առումով, որ, ըստ Բայդենի աշխատակազմի հայտարարության՝ այս տարի հնարավոր է Ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի կողմից: 

– Այո՛, կան նախանշաններ, որոնք վկայում են այն մասին, որ Բայդենը կարող է նաև ավարտել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ի կողմից:

Այդ գործընթացը, մենք գիտենք, որ սկսվել է անցյալ տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, և հիմա մնում է, որ նախագահն ավարտի: Կան այդ նախանշանները: Ցեղասպանության ճանաչման գործընթացն ամերիկյան մեծ, գլոբալ քաղաքականության մաս է կազմում, որի էությունը հետևյալն է. ամերիկյան արտաքին քաղաքականության կենտրոնը տեղափոխվում է Խաղաղ օվկիանոսի այդ շրջաններ, որը կապված է այն հանգամանքի հետ, որ Չինաստանն է դառնում ԱՄՆ-ի հիմնական ախոյանը միջազգային թատերաբեմում:

Իսկ սա բերում է այն նոր հանգամանքը, որ Մերձավոր Արևելքի դերն ամերիկյան քաղաքականության մեջ նվազում է:

Դա էլ իր հետ բերում է նոր երևույթ՝ Թուրքիայի նշանակության նվազման ամերիկյան քաղաքականության մեջ: Առաջ, երբ Մերձավոր Արևելքը շատ կարևոր էր ամերիկյան քաղաքականության մեջ, Թուրքիան էլ էր շատ կարևոր՝ որպես մերձավորարևելյան առաջատար երկիր: Հիմա, երբ փոխվում է ամերիկյան մեծ քաղաքականությունը, Թուրքիայի դերն էլ է նվազում:

Եթե դրան ավելացնենք, որ ամերիկյան վերնախավի շրջանում կա բավական բացասական վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ՝ կապված նրանց կողմից C-400-ների գնման, այն հանգամանքի հետ, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը սկսել է շատ հաճախ չհամաձայնեցնել Ամերիկայի հետ, մերձենում է Ռուսաստանի հետ, ապա ես կարծում եմ՝ ամերիկյան վերնախավի մի հատվածի և, համապատասխանաբար, Բայդենի և նրա աշխատակազմի մոտ կուժեղանա Թուրքիային պատժելու ձգտումը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Բացի այդ, արդեն փաստեր կան, որոնք վկայում են, որ ինքը՝ Բայդենն էլ է դրա մասին ասում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ավելի մեծ դեր կատարի ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ:

Ամերիկացիները մի կողմից տեսնում են, թե ինչպես են Թուրքիայում զանգվածաբար խախտվում մարդու իրավունքները, մյուս կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց դիտարկվում է նաև այդ տեսանկյունից, որ մարդու ամենահիմնական իրավունքը, ապրելու իրավունքն է զանգվածաբար խախտվել:

Այս մոտեցումներն են ամերիկացիների համար հիմնականը, ոչ թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: 

– Այսօր ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան այսօր պետք է ոչ պակաս շահագրգռված լինի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, բայց նաև նշել է, թե Թուրքիայի հետ որևէ բանակցություն, պայմանավորվածություն չունեն:

– Կարելի է այդպես ենթադրել, որ պետք է շահագրգռված լինի, բայց 30 տարվա փորձառությունը, մանավանդ վերջին Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի քաղաքականությունը վկայում է, որ Թուրքիայի մոտ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու բնագավառում շահագրգռություն չկա:

Թուրքիան պահանջում է, որ մենք գնանք փոխզիջումների, և եթե մինչև Արցախյան պատերազմը պահանջում էր և փորձում էր հարկադրել մեզ, որ փոխենք մեր քաղաքականությունը, հրաժարվենք Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, հրաժարվենք Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելուց, անվտանգության երաշխավոր լինելուց, ընդունենք 1921 թվականի Մոսկվայի և Կարսի անարդարացի պայմանագրերը, վերջին պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիան արդեն մեր նկատմամբ հանդես է գալիս ավելի կոշտ դիրքորոշմամբ, որը կարելի է բնութագրել որպես թշնամական, որովհետև այս պատերազմն ինքը նախապատրաստեց, ղեկավարեց, վարձկաններ բերեց և հիմա էլ շարունակում է Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու քաղաքականությունը: 

Այնպես որ, ես հիմա արդեն ոչ միայն Թուրքիայի կողմից չեմ տեսնում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու որևէ ձգտում, այլև ընդհակառակը՝ տեսնում եմ ճնշման ուժեղացում Հայաստանի վրա, որ Ադրբեջանի հետ փորձեն օգտվել Հայաստանի այս ծանր իրավիճակից նոր զիջումներ կորզելու առումով: Ահա թե ինչու ես իրատեսական չեմ համարում, որ Թուրքիան շահագրգռված է մեզ հետ հարաբերություններ հաստատելու հարցում:

Գիտե՞ք ինչն է ընկած Թուրքիայի կողմից այդ շահագրգռվածության բացակայության հիմքում. առաջինը՝ աշխարհաքաղաքական գործոնն են նրանք հաշվի առնում, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, բավականին մեկուսի վիճակում է գտնվում, իրենք էլ ամեն ինչ անում են, որ ուժեղացնեն Հայաստանի մեկուսացումը: Նրանք կարծում են, թե Հայաստանը կգնա զիջումների, որ Թուրքիայի միջոցով հնարավորություն ստանա դուրս գալու Սև ծով:

Մյուս կողմից՝ նրանք նաև համոզված են, որ այս վիճակը Հայաստանին կստիպի զիջումների գնալ: Եվ մի շատ պարզ հանգամանք էլ կա, որ Հայաստանը՝ որպես շուկա, Թուրքիայի համար հետաքրքրություն չի ներկայացնում իր ապրանքները վաճառելու իմաստով:

Այնպես որ, և՛ աշխարհաքաղաքական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական հաշվարկները, որ Թուրքիայի քաղաքականության հիմքում են դրված Հայաստանի նկատմամբ, նրանց համար չեն ստեղծում այնպիսի իրավիճակ, որ նրանք նստեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու:

Մանե Հարությունյան

MediaLab.am