«Սա պիոներական ճամբար չէ, քաղաք է, չի կարելի մարդկանց ասել՝ բոլորդ նույն ժամին արթնացեք». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը «աննորմալ» է համարում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի այն որոշումը, որի համաձայն առավոտյան ժամը 07։00-ից երաժշտություն կհնչի Երևանի վարչական բոլոր շրջաններում, որպեսզի մարդիկ քնից շուտ արթնանան։

«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»,-հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Աննորմալ է նման որոշում ընդունել, չի կարելի ամբողջ բնակչությանը ստիպել նույն երաժշտության տակ կամ միևնույն ժամին արթնանալ։ Սա քաղաք է, ճամբար չէ»,- «Մեդիալաբին» ասում է Իզաբելլա Աբգարյանը։

Իզաբելլա Աբգարյանը, հիշեցնենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, որը, սակայն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից հետո դուրս եկավ «Իմ քայլից»՝ անհամաձայնություն հայտնելով իշխող խմբակցության քաղաքականությանը:

Ավագանու անդամի խոսքով՝ ինքն այս որոշումից ո՛չ նախապես է տեղյակ եղել, ո՛չ ընդունումից: Ավելին՝ Աբգարյանը երկար ժամանակ կարծել է, թե իր ծանոթները կատակ են անում, երբ իրեն տեղեկացրել են քաղաքապետի որոշման մասին։

«Սա ավագանու որոշում չէ, նման նախագիծ չի եղել, ենթադրում եմ, որ միայն քաղաքապետի որոշումն է դա, որովհետև ավագանիում նման թեմա չի քննարկվել, դրա համար էլ հիմա ծիծաղում եմ, երբ ասում եք, թե իսկապես նման որոշում է ընդունվել»,- ասում է Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով, որ, բնականաբար, տեղյակ չեն նաև, թե որքան ֆինանսական միջոց է տրամադրվել բյուջեից այս որոշման իրականացման համար։

Հարցին՝ նման պրակտիկա կա՞ քաղաքապետարանում, որ առանց ավագանու հաստատման են կայացվում նման որոշումները, կամ դա նորմա՞լ է, Աբգարյանն ասում է․

«Գուցե էլի ինչ-որ բան է եղել, որ մենք չենք իմացել, բայց, կարծում եմ, նման որոշումը պետք էր նախևառաջ ավագանու հետ խորհրդակցել, բայց նման խորհրդակցություն չի եղել, գուցե «Իմ քայլի» հետ առանձին եղել է, չգիտեմ, բայց ես ո՛չ նամակ, ո՛չ առաջարկ, ո՛չ նման մտահղացման մասին ոչինչ չեմ ստացել կամ լսել»։

Աբգարյանի խոսքով՝ եթե ինքը տեղյակ էլ լիներ, միևնույն է՝ դեմ էր լինելու, որովհետև, նրա բնորոշմամբ՝ «սա պիոներական ճամբար չէ, քաղաք է, չի կարելի մարդկանց ասել՝ բոլորդ նույն ժամին արթնացեք»։

«Այո՛, մեր քաղաքն ուշ է արթնանում, բայց խոսքը բիզնեսի մասին է, օրինակ՝ առաքման մեքենաները խանութների մատակարարումը ժամը 06։30-ից սկսեն, որ երբ աշխատանքային ժամը սկսվի, խցանումներ չառաջացնեն։ Նորմալ է, որ բիզնեսը պետք է շուտ արթնանա, բայց սովորական մարդկանց ասել՝ արթնացե՛ք ինչ-որ երաժշտության տակ, կներեք՝ դա մարդկանց ավելի շուտ ծաղրել է»,- ասում է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am