Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը

Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը
Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը
Հեղինակ MediaLab

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հայաստանյան յուրաքանչյուր ընտանիքի վրա ամսական կտրվածով միջինը 1000 դրամ հավելյալ ծախս կարժենա:

Այս հաշվարկներն արել է «Հայաստանի սպառողների միությունը», որի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ մեկը մյուսին հաջորդող թանկացումները բարդ խնդրի առաջ են կանգնեցրել մարդկանց:

«Խնդիրն այն է, որ ամեն մի թանկացում ունի իր տեսակարար կշիռն ընտանեկան ծախսերի մեջ: Թանկացումներն անընդհատ են լինում, այսօր կաթն է, վաղը՝ ջուրը, մյուս օրը էլեկտրաէներգիան»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, եթե թանկացումները դիտարկենք երկարատև ժամանակահատվածում, օրինակ, երեք տարվա կտրվածքով, ապա կտեսնենք, որ հայ ժողովուրդը հայտնվել է անելանելի իրավիճակում: Սպառողների միությունը հաշվարկել է՝ սնունդն ու հանրային ծառայություններն այսօր Հայաստանում նվազագույն սպառողական զաբյուղում մոտ 90 տոկոս են կազմում:

«Ստացվում է, որ այդ մարդիկ չեն ապրում, գոյատևում են: Սա ապրել չէ, եթե մարդը գրքի, թատրոնի փող չունի, դա ապրել չէ»,- ասում է Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում նախատեսվում է 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը, որն այսօրվա դրությամբ 38 դրամ է բարձրացնել 10 տոկոսոով` 3.8 դրամով:

Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝  հաշվի առնելով էներգետիկ համակարգի 11 ընկերություններից ստացված հայտերը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, սակագնի վերանայման պատճառն այն է, որ ոլորտում ներկայումս առաջացել է 17.9 մլրդ դրամ ֆինանսական ճեղք, որն էլ ծածկելու համար սակագինը բարձրացվել է: Ֆինանսական ճեղքվածք ունեն ինչպես էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, այդ թվում՝ Հայկական ատոմակայանը, այնպես էլ ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը, որը Հայկական էլեկտրական ցանցեր ընկերության կառավարիչն է:

Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան ասում է, որ ֆինանսական խնդիրների առաջացման պատճառները երկուսն են: Ըստ Նազարյանի, առաջին պատճառն այն է, որ  ատոմակայանը նախորդ տարի նախատեսվածից երկար ժամանակով է կանգնեցվել վերալիցքավորման, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի բացը լրացվել է ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է: Երկրորդ պատճառն, ըստ նրա,  այն է, որ վերջին տարիները սակավաջուր են, ՀԷԿ-երը էլեկտրաէներգիա քիչ են արտադրում:

Եթե էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, Ռոբերտ Նազարյանի խոսքով, ՀԷՑ-ի ֆինանսական խնդիրները չեն լուծվի, Երևան ՋԷԿ-ը վարկային  պարտավորությունների մարման խնդիրների առաջ կկանգի, համակարգը կպարալիզացվի:

Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք կարծում են, որ պետք է ֆինանսական ճեղքը փակել ոչ թե հասարակության գրպանի հաշվին, այլ ֆինանսավորման ուրիշ աղբյուրներ գտնել:

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը կարծում է, որ այս իրավիճակը վատ կառավարման հետևանք է: Նա հարցադրում է անում, թե ինչո՞ւ պետք է տնտեսվարող սուբյեկտների կատարած սխալը փոխհատուցի ժողովուրդը:

Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովին դիմել է առաջարկով՝ թույլ չտալ բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Սխալ մենեջմենթի մասին խոսում է նաև ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի սխալ կառավարման հարցերը և պարզի, թե ինչո՞ւ է ոլորտում գոյացել այդ ճեղքվածքը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անթույլատրելի է համարում ժողովրդի գրպանի հաշվին թանկացումներ անելը: Նա կարծում է, որ չպետք է ոլորտի ընկերությունների սխալների համար հատուցի ժողովուրդը:

Նույն կարծիքին է նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյան: Նա համոզված է, որ թանկացումները կբերեն արտագաղթի ու աղքատության խնդիրների սրմանը:

Նա կառավարության ու Ազգային ժողովին կոչ է անում զսպել ՀԷՑ-ի ախորժակը և չգնալ թանկացման: Հակառակ դեպքում, ըստ պատգամավորի, մենք կորցնում են Հայաստանի քաղաքացուն, որն ամեն թանկացումից հետո արտագաղթում է:

Կառավարությունում դեռ չեն որոշել՝ ֆինանսական ճեղքվածն ամբողջությամբ սակագնի բարձրացման միջոցով է փակվելու, թե ֆինանսավորման այլ աղբյուրների: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը «Մեդիալաբի» այն հարցին, թե կառավարությունում մտահոգված չե՞ն, որ սակագնի թանկացման պատճառով սոցիալական խնդիրները կսրվեն, Իսայանը նշում է, որ այդ հարցը քննարկվել է, սակայն հաշվի առնելով, որ ֆինանսական ճեղքը փակելու այլ հնարավորություններ չկան, կանգ են առել սակագնի բարձրացման տարբերակի վրա:

«Մեզ մտահոգում սոցիալական բունտի սրման հարցը, ոնց չի՞ մտահոգում: Հիմա դեռևս լուծումներ չկան, լրացուցիչ կքննարկեն, եթե լինեն այլ լուծումներ, կասենք»,- «Մեդիալաբին» ասում է փոխնախարարը:

«Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը կանխատեսում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը արտագաղթի նոր միտման առիթ կհանդիսանա:

«Ամեն մի թանկացում ազդում է ժողովրդի տրամադրությունների վրա: Մենք ունենք հասարակության 10-12 տոկոս, որի համար նշանակություն չունի թանկացումը, կապ չունի՝ լեքսուսն ինչ արժե, գազն ինչ արժե, բայց մյուսների վրա դա էական ազդեցություն կունենա»,- ասում է Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում, ուր աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչ, գնաճի, գործազրկության, եւ արտագաղթի մտահոգիչ միտումների կողքին, էլեկտաէներգիայի եւ գազի սակագներն արդեն 2013-ին մեկ անգամ բարձրացրել էին:

«Հայաստանի սպառողների միությունն» առաջարկում է թանկացումներն անել տարբերակված, սոցիալապես ապահովների համար այլ սակագին սահմանել, անվճարունակների համար՝ այլ:

«Նույն գինը վերաբաշխում ենք, դղյակ ունեցողը չի էլ զգա գազի կամ ջրի գնի թանկացումը: Սա մեր առաջարկներից մեկն է, էլի առաջարկներ կան, որը կառավարությունը չի ընկալում»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Պողոսյանը:

© Medialab.am