Վրաստանում սահմանվել է պարետային ժամ

Վրաստանը սահմանում է պարետային ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գռուզիա-օնլայն»-ը տեղեկացնում է, որ մարդկանց տեղաշարժը սահմանափակվում է երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն:

Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Արտակարգ դրության ժամանակ փաստացի հայտարարվում է ամբողջական կարանտին: Երեկոյան 21:00-ից արգելվում է տեղաշարժն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով մինչև առավոտյան ժամը 06:00-ն»,- նշել է վարչապետը:

Կարանտինի ռեժիմի պայմաններում արգելվում է 70 և ավելի տարիքի քաղաքացիներին դուրս գալ փողոց: Բացառություն կլինի միայն այն դեպքը, եթե քաղաքացին գնում է տան հարևանությամբ գտնվող խանութ, դեղատուն կամ բուժհաստատություն: Գախարիայի խոսքով՝ 70-ից բարձր միայնակ քաղաքացիներին համապատասխան գերատեսչությունները կօգնեն: