Քաշաթաղի Աղավնո գետի վրա՝ ռուս խաղաղապահների կողմից վերականգնված հիդրոէլեկտրակայանն ունի 1,7 մեգավատ դրվածքային հզորություն: Արտադրված էլեկտրաէներգիան՝ միանալով ընդհանուր ցանցին, մատակարարվելու է նաև Աղավնո համայնքին, Բերձորին ու Ստեփանակերտին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը:
«Վերականգված հիդրոէլեկտրակայանից արտադրված էլեկտրաէներգիան միանում է Հայաստանից դեպի Արցախ եկող հոսանքի ընդհանուր ցանցին, որից հետո հասնում՝ Աղավնո, Բերձոր, Ստեփանակերտ: Ներկայումս՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող ՀԷԿ-երն ունեն ընդհանուր առմամբ մոտ 75 մեգավատ հզորություն: Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ից եկող էլեկտրաէներգիան գումարվելով դրան՝ ինքնաբավության մակարդակի բարձրացման խնդրին որոշակի լուծում է տալիս: Հայաստանից եկող էլեկտրաէներգիայի խափանումների դեպքում՝կկարողանանք տեղում որոշ չափով ապահովել էլեկտրամատակարարումը»,-հայտնեց Թովմասյանը:
Անդրադառնալով Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման ներկա աշխատանքներին նախարարի տեղակալը տեղեկացրեց,որ մասնավորապես Մարտունու էլեկտրամատակարարման ապահովման նպատակով՝ Ստեփանակերտի ենթակայանից 10 կՎտ լարմամբ, օդային՝ 3 գիծ է անցկացվել:
Մանրամասները՝ այստեղ



















