«Ժամանակակից գրողին անընդհատ նվաստացնում են, և այսօր շատ տեղեր ամաչում եմ ասել՝ գրող եմ»․ Հուսիկ Արա

«Մեդիալաբի» հարցազրույցը գրող, բանաստեղծ Հուսիկ Արայի հետ

– Վերջին օրերին ուսումնական ծրագրերում «Հայ գրականություն» և «Գրականություն» առարկաների վերաբերյալ բուռն են քննարկումները։ Շատերը քննադատում են քննարկման դրված նախագծով «Հայ գրականության» փոխարեն ընդհանրապես «Գրականություն» առարկան ներմուծելու գաղափարը։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

– Գիտեք, որ մեր դպրոցներում մշտապես եղել է հայ գրականություն։ Բայց երեկ գիշերը նայեցի առաջարկվող նախագիծը, պարզ դարձավ, որ ավելի մեծ ֆորմատ է վերցված՝ հայ գրականությանը զուգահեռ նաև համաշխարհային գրականության մեծերն են ընդգրկված՝ Շեքսպիր, Կաֆկա և այլն։

Հիմա, ինչպես հասկանում եմ, ավելի մեծացվել է շրջանակը, ինչը լավ է, գովելի է, որովհետև ինքներս էլ, հատկապես գրական աշխարհի մարդիկ, միշտ ձգտել ենք ուսումնասիրել նրանց, անցել ենք համալսարաններում։ Բայց դրան զուգահեռ հայ միջնադարյան գրականությունը դպրոցական ծրագրից հանում են։ Ես չեմ կարող ասել՝ ի՛նչ սկզբունքով են առաջնորդվել, ինչպե՛ս կբացատրեն այդ քայլը։

Միաժամանակ շատ գովելի է, ուրախալի է, որ ժամանակակից հեղինակներ են ընդգրկել ուսումնական ծրագրում։ 

– Դուք ասում եք՝ ուրախալի է, բայց վերջին օրերին քննադատության թիրախում էին հայտնվել հենց ժամանակակից գրողները։

– Այո՛, անկեղծ ասած, այդ հեղինակների մեջ վերջում շատ պատահական երեկ իմ անունն էլ տեսա։ Այդ ո՞ւմ են քննադատում, Արամ Պաչյանի՞ն, որը փայլուն գրող է, Հրաչ Սարիբեկյանը նույնպես փայլուն գրող է, Գրիգը փայլուն գրող է, իսկ Խանջյանը մեծ գրող է։ Մենք 20-30 տարի անընդհատ խոսում ենք՝ ժամանակակից գրականությանն ուշադրություն չեն դարձնում, չեն ընդգրկում ուսումնական ծրագրերում։

Արմեն Օհանյանին են քննադատում, ախր ինչո՞ւ։ Ընդհանուր մոտեցումը շատ լավ է, ժամանակակից գրականությանը, ժամանակակից գրողին ուշադրություն դարձնելու մոտեցումը շատ լավ է, ուղղակի մտահոգող է՝ ինչպես է մատուցվելու միջնադարյան գրականությունը։

Այդ ժամանակաշրջանի փայլուն գործեր ունենք, էդ հրաշք գրականությունը, որ այդ ժամանակաշրջանում ստեղծել են, ո՞նց ծանոթ չլինեն դրան։ Գուցե բացատրեն կամ հատուկ մի դասաժամ լինի՝ հայ միջնադարյան գրականությանը նվիրվի։

Թե չէ ընդհանուր մոտեցումը շատ գովելի է, ողջունելի է և՛ համաշխարհային մեծերին ընդգրկելը, և՛ հայ ժամանակակիցներին։ Մշակույթը համաշխարհային պրոցես է, և միայն տեղում սահմանափակվել պետք չէ․ և՛ ընթերցողը, և՛ գրողը պետք է միշտ իրենց համաշխարհային ռիթմի մեջ զգան: Դպրոցում համաշխարհային մեծերին ուսումնասիրելը լավ է, քանի որ կան մարդիկ, որ դպրոցից հետո այլ տեղ չեն գնում սովորելու։

– Քննադատությանը զուգահեռ երեկ մի քանի տեղ նկատեցի՝ ժամանակակից գրողները նաև ծաղրի էին ենթարկվում՝ Արմեն Հայաստանցին, Պաչյանը։ Ինչո՞ւ ժամանակակից գրողները լայն զանգվածների կողմից չեն հասկացվում, մի տեսակ կարծես օտարված լինեն։

– Բոլոր ժամանակներում է այդպես՝ ժամանակակիցները եղել են խոցելի, թիրախավորված։ Դասականներին էլ, որ ուսումնասիրում եք, տեսնում եք, որ իրենց ժամանակ ծաղրուծանակի են ենթարկվել, քանի դեռ չեն դարձել դասական։ Օրինակ՝ Թումանյանը, Չարենցը։

Չարենցը նույնպես ունի դպրոցականին ոչ պատշաճ ստեղծագործություններ, և էլի շատ հեղինակներ: Բայց Չարենցին դրանց համար չենք դատում, դպրոցում այլ գործեր են ուսումնասիրում:

Միշտ այդպես է, դժվար է, բարդ է, դասականը պատրաստ մատուցված է, սիրում ենք դասականի ստվերում թաքնվել, բայց ժամանակակից գրողը, գրականությունը հենց քո ժամանակն են ներկայացնում։ Հատկապես մեր արձակն այսօր փայլուն է, շատ լավ արձակ ունենք։ Պետականության արգասիք է արձակ ունենալը, և կարողացանք ունենալ։

Չգիտեմ։ Միշտ էդպես է եղել, միշտ էդպես է լինելու։ Միշտ ծաղրանքի ենք ենթարկվելու, հեղինակը միշտ դժվարությամբ է իր ճանապարհը հարթելու։ Բացի ուսումնական ծրագրում ընդգրկված անուններից, կրկնակի ավելի շատ ժամանակակից գրողներ ունենք, որ փայլուն գրողներ են։ 

– Ֆեյսբուքում կատակել էին, որ նրանք պետք է մահանան, հետո միայն համարվեն դասական։

– Ցավոք այդպես է։ Այ տեսեք՝ Շիրազը իր կենդանության օրոք ընդգրկված էր դասագրքերում, լայն ընդգրկում ունեին նրա գործերը, նույնը՝ Համո Սահյանը։ Խորհրդային Միությունում նման բան կար, այո՛, ժամանակակից գրողներին մեծ ուշադրություն էին հատկացնում, լայնորեն ուսումնասիրում էին՝ և՛ դպրոցում, և՛ բուհում։ Անկախության շրջանում մի տեսակ խաչ քաշվեց ժամանակակից գրողի ու գրականության վրա։

Թող բացեն 80-ականների դասագրքերը և համեմատեն։ Վերջին 20 տարում տոտալ անտարբերություն էր, և հենց դա բերեց գրականության նկատմամբ հաղթարշավ, անընդհատ նվաստացրեցին, արժեզրկեցին, ոտատակ գցեցին։ Այսօր շատ տեղեր ամաչում եմ ասել՝ գրող եմ, կամ փչացնում են, կամ ծաղրի են ենթարկում, գնում եմ աշխատանքի ընդունվելու, հաճախ թաքցնում եմ գրող լինելս։

Հենց ասում եմ՝ պոետ եմ, գրող եմ, անկախ իրենցից, մարդիկ սկսում են սրվել իմ առաջ։ Սա բարբարոսություն էր, ինքնասպանություն էր։ Հիմա փոձում ենք ինքնասպանության մեթոդից մի քիչ ազատվել։ Գրողի խնդիրը ո՞րն է, զրուցել իր ժամանակակցի հետ, կիսվել։ Իմ նպատակը դա է, ոչ թե մեռնելուց հետո ինձ թարգմանեն, գործերս տարածեն։

Մեզ ասում են՝ հայ գրողը վատն է, ամերիկյան գրողը լավն է։ Եթե հայ է՝ վատն է, եթե օտար է՝ լավն է։ Արդյունքում՝ ունենք արհամարհված մտավորական, գրող։ Ասում են՝ ինչո՞ւ չեն կանգնում, խոսեն։ Էդ մարդիկ խեղճացած են, իրենց շան տեղ դնող չկա, ի՞նչ խոսեն։ Միտքը հրեցին, գցեցին էս կողմ, դրա համար իշխանության մեջ միտք չկա, մտածող էլ չկա։ 2018-ին մտավորականները չէին կարողանում խոսել, բարդույթներ ունեին։

Ես էլ էի ուզում կանգնել, խոսել, բայց մտածում էի՝ բա որ խնդան, բա որ սուլեն։ Մինչդեռ 88-ի շարժումը հենց մտավորականներն արեցին։ Վանոն կանգնում, խոսում էր, բարդույթներ չուներ։ Այդ կոմպլեքսներից մտավորականներին ազատել էր Սովետը, որքան էլ բռնապետություն լիներ։ Այդ մասին թող մտածեն քննադատողները, ոչ թե նորից հարձակվեն ու սպանեն գրողին։ 

– Հիմա, փաստորեն, նկատել են ժամանակակից գրողին, և դուք հայտնվել եք ուսումնական ծրագրում։ Ի՞նչ զգացողություններ ունեք։

– Անկեղծ կարող եմ ասել՝ ինձ շատ լավ եմ զգում, շատ շնորհակալ եմ ընդգրկողներին։ Ինձ լավ եմ զգում, որ գնահատվում եմ։ Դրանից ավելի էլ ի՞նչ ուզենամ։ Բայց դա չէ պատճառը, որ ես դրական եմ արտահայտվում այս փոփոխությունների վերաբերյալ։ Ես կատարվողին գրողի հայացքով եմ նայում՝ ինչպե՞ս կարելի է մեծանալ առանց համաշխարհային մեծերի։

Չէ՞ որ մարդը կարող է գնալ մաթեմատիկայի ֆակուլտետ և ժամանակ ու հնարավորություն չունենալ Կաֆկա կամ Շեքսպիր ուսումնասիրելու։ Բա ամոթ չի՞ մարդը Շեքսպիրից որևէ գործ չիմանա, Կաֆկայից չիմանա։ Էսօր Կաֆկան կարող է մտածողություն ձևավորել։

Բայց մյուս կողմից՝ չպետք է անտեսվի հայ միջնադարյան գրականությունը, գուցե 10-րդ դասարանում վեց ամիս այդ ժամանակահատվածը դառնա ուսումնասիրության թեմա։

Առանց միջնադարի անհնար է, մեր միջնադարյան մեծերը նույն համաշխարհային մեծերն են, հետո՞ ինչ փոքր ազգ ենք, մերոնց չեն ճանաչում։

Հասմիկ Համբարձումյան 

MediaLab.am