«Պետք է բացառվի Լինչի կամ ամբոխի դատաստանի ձևավորումը». Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյան

«Պետք է բացառվի Լինչի կամ ամբոխի դատաստանի ձևավորումը». Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյան
«Պետք է բացառվի Լինչի կամ ամբոխի դատաստանի ձևավորումը». Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

 – Պարո՛ն Օրբելյան, այսօրվա ասուլիսի տապալումից հետո ի՞նչ քայլեր եք նախաձեռնում։

 – Այս պահին չեմ կարող պատասխանել հարցին։ Ասուլիսն ուղղակի կապ չուներ իրավական գործընթացների հետ։ Պարզապես ասուլիսն առնվազն այնքանով, որքանով փաստաբաններին և գրասենյակին հարցեր կային, դրանց պատասխանելուն էր ուղղված, իսկ իրավական գործընթացներն իրենց հունով շարունակվում են, ուղղակի այս պահին չեմ կարող պատասխանել երկու պատճառով. նախ՝ այս երկու օրը պետք է փաստաբանների խմբով քննարկում ունենանք արդեն հաջորդ քայլերի մասին Վերաքննիչի որոշումը ստանալուց հետո, բացի այդ, որոշակի դատավարական ստրատեգիայի հարցերով դեռևս հարմար չէ բացահայտել։

– Շատ է հանրային քննադատությունը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հասցեին։ Մարտի 1-ի զոհերի հարազատներն իրենց վիրավորանքն են արտահայտում, կոռեկտության  կոչ անում։ Ինչպե՞ս եք այս իրավիճակը գնահատում։

 – Խնդիրը հետևյալն է` եթե լսել եք Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, տվյալ գործը որևէ կապ չունի տասը զոհերի հետ, նա ուղղակի է դա նշել, և կարծում եմ՝ տեղին չէ փորձել սա կապել տասը զոհերի հետ, կամ հուզական էլեմենտ մտցնել, որովհետև մենք էլ ենք ուզում, որ տասը զոհերի սպանությունը կամ մահը բացահայտվի, բայց նույն ՀՔԾ-ն նշեց, որ սա ոչ մի առնչություն չունի զոհերի հետ։ Փաստաբանները կատարում են իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը, և դրա  հետ կապված որևէ մեղադրանք առաջադրել փաստաբաններին, կարծում եմ, տեղին չէ։ Նույնը կլինի, որ բժիշկներին, որոնք վիրահատում են և՛ հարուստներին, և՛ աղքատներին, և՛ օտարազգիներին, և՛ հայաստանցիներին, այդ թվում նաև պատերազմի ժամանակ մի շարք ռազմագերիների են բժշկական օգնություն ցույց տվել, մենք ասենք՝ ինչո՞ւ եք այդ օգնությունը ցույց տալիս։ Պայմանական ինքը իրավական օգնություն է, որն ուղղված է Հայաստանում իրավունքի գերակայության ձևավորմանը։ Այսինքն՝ ըստ էության՝ պետք է բացառվի Լինչի կամ ամբոխի դատաստանի ձևավորումը։ Կա իրավական գործընթաց, և իրավական գործընթացը միակն է իրողությունը պարզելու համար, մնացած բոլոր գործընթացներն ունեն բազմաթիվ ռիսկեր, որ իրողությունը չի պարզվի, և անմեղները, ըստ էության, կդատվեն։ Խոսքը միայն իմ պաշտպանյալի մասին չէ, խոսքը ընդհանրապես ցանկացած քրեական գործի մասին է։

– Նախկինում Ռոբերտ Քոչարյանը միշտ հրաժարվել է ասուլիսներից և հարցազրույցներից: Այս անգամ փաստաբաննե՞րն էին նրան համոզել ասուլիս տալ։

– Չէ՛, համոզելու կամ չհամոզելու խնդիր չկա, ուղղակի իրականում բազմաթիվ հարցեր կային, որոնք տալիս էին և՛ ինձ, և՛ փաստաբանական թիմի մնացած անդամներին։ Քննարկվել և նման որոշում է կայացվել, այնպես չէ, որ ինչ-որ մեկին մի կերպ համոզել կամ խնդրել ենք, ոչ մեկին չենք համոզել։

– Շատերի գնահատմամբ՝ Մարտի 1-ի խնդիրը բացի իրավականից ավելի շատ բարոյական տիրույթում է գտնվում։ Հետաքրքիր է՝ Ձեզ հե՞շտ էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանությունը ստանձնելը, թե՞ երկար եք մտածել նախքան համաձայնելը։

– Պարոն Ալումյանն այդ հարցին շատ դիպուկ պատասխանել է։ Ցանկացած մասնագետի համար կան դժվար և հեշտ գործեր, և ցանկացած մասնագետ մեծ հաճույքով պետք է զբաղվի նաև դժվար գործերով, որովհետև եթե մենք միշտ հեշտ գործերով զբաղվենք, այն գործերով, որոնք որոշակի բարդություն չունեն, մասնագիտության մեջ չենք աճի։ Հիմա հաշվի առնելով և ունենալով հնարավորություն, ըստ էության, քննարկելու տարբեր փաստաբանների հետ և ընտրելու տարբեր փաստաբանների, որոշում է ընդունվել օգտվել նաև մեր ծառայությունից։ Չմոռանանք, որ սա առաջին բարդ գործը չէ, որով ես զբաղվում եմ: Պետք է հաշվի առնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանին առևանգեցին, նույնպես հայտարարություն տարածվեց, երբ Տիգրան Ավինյանին կալանավորեցին, այդ հարցով նույնպես զբաղվել ենք, և նաև այլ գործեր։

Մենք մեր թիմով ունենք բավականին բարդ գործերով զբաղվելու ընդունակություն։ Այս դեպքում էլ, հասկանալով՝ արդյոք կարո՞ղ ենք օգտակար լինել իրավունքի պաշտպանությանը այս գործի շրջանակներում, որոշում է ընդունվել։

– Անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելը արդյոք չի՞ նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկացած պահի կարող է լքել երկիրը։

– Երկրից դուրս գալու հնարավորություն նա կունենա ցանկացած ժամանակ՝ անկախ նրանից, թե որ հիմքով կվերացվի գործը։ Ըստ էության՝ դատարանը մի շարք արգումենտներից մեկին է անդրադարձել, որը վերաբերում է անձեռնմխելիությանը։ Ինչպես հասկանում ենք դատարանի պարզաբանումից, մյուս արգումենտներին դատարանը չի անդրադարձել. քանի որ կա անձեռնմխելիություն, քրեական հետապնդման իրականացումը բացառվում է, և դատարանը, ըստ էության, իրավունք չունի անդրադառնալու մնացած արգումենտներին։ Իսկ թե ինչ նպատակով է դատարանը նման որոշում կայացրել, ես չեմ կարծում, որ հատուկ նպատակ կա։ Պարզապես դատարանը գնահատել է իրավական վերլուծությունը, որը ներկայացվել է, և գտել է, որ առկա է անձեռնմխելիություն, ինչի մասին ես անձամբ, մինչև այս գործով զբաղվելը բարձրաձայնել եմ ԶԼՄ-ների միջոցով։

Եվ երբ գտել է, որ կա անձեռնմխելիություն, արդեն ասել է, որ այս գործով այլ հարցերին անդրադառնալու իրավասություն չկա, որովհետև ցանկացած ձևով անդրադառնալը կբերի անձեռնմխելիության տված երաշխիքի, այն է՝ հետապնդման չենթարկվելու իրավունքի խախտման։ Ես չեմ կարծում, որ այստեղ հատուկ նպատակ պետք է փնտրել, պարզապես պետք է սպասել դատարանի հիմնավորումներին, և նոր դրանից հետո կարող ենք գնահատականներ տալ։

Մանե Հարությունյան

MediaLab.am