«Արցախում նաև պարենային աղետ է, ու վատն այն է, որ Հայաստանում համակերպվել են այդ փաստի հետ»․ Դավիթ Պիպոյան

Լուսանկարը՝ Դավիթ Պիպոյանի ֆեյսբուքյան էջից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր, ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, երկու ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության բնակիչների համար պարենային այս ճգնաժամն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Արցախում տիրող իրավիճակը բառի բուն իմաստով գնահատվում է որպես աղետ, ավելին ասեմ, սա արդեն ձեր ասած ճգնաժամը չէ, սա արդեն կոնկրետ մարդկության որոշակի խմբի նկատմամբ էթնիկ զտման փորձ է, որովհետև բնական է, շրջափակման պարագայում, երբ կա պարենային ապրանքների անհրաժեշտություն, այսօր իհարկե երևի թե որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 21-րդ դարում 120 հազար մարդ կարող է զրկված լինել կյանքի համար կարևորագույն առաջնային ապրանքներից ու իհարկե պարենից։

Ես երբեք ու երբեք մասնագիտական շրջանակներից դուրս չեմ գալիս, բայց կոնկրետ այս պարագայում պետք է խոսեմ մի շատ կարևոր խնդրի մասին։ Դրանք աշխարհաքաղաքական գործընթացներն են, ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև այսօր աշխարհը, ցավոք սրտի, դարձել է ոչ թե կրկնակի, այլ եռակի-քառակի ստանդարտներով ապրող։

Այսօր ազգերի խնդիրների նկատմամբ համաշխարհային ընկալումներն ու արձագանքները կախված են խոշոր աշխարհաքաղաքական գործընթացներից, ու, ցավոք սրտի, պետք է շեշտել, որ այս ահռելի մեծ աղետը, որը տեղի է ունենում 120 հազար մարդու կյանքում, որպես մարդասիրական և մարդկության դեմ այսպիսի սարսափելի պայմանների դրսևորում, լայն արձագանք չի ստանում նաև համաշխարհային հանրության, այդ թվում՝ այն երկրների կողմից, որոնք մարդասիրական արժեքներ են քարոզում։

Սա պայմանավորված է նաև նրանով, որ մեր հանրությունը կարծես թե սկսեց համակերպվել այդ իրավիճակի հետ։ Երբ նոր էր փակվել կյանքի ճանապարհը, կար որոշակի ընդվզում, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մարդիկ էին հավաքվում, ես էլ էի միանում այդ խմբին, ֆեյսբուքյան հարթակը լի էր տարբեր մեկնաբանություններով, ու կարծես թե այդ փակված ճանապարհը դարձել էր բոլորիս համար ամենակարևոր խնդիրներից մեկը։ Հիմա նկատվում է միտում, որ մարդիկ սկսել են համակերպվել ու հարմարվել այդ իրավիճակի հետ։ Եվ, հավատացեք, որ այդ համակերպվելն ու հարմարվելը նկատում է նաև միջազգային հանրությունը, որովհետև նրանք ևս հնարավորություն ունեն հասկանալու, թե երկրում ինչպիսի ներքին իրավիճակ է։

Ես առնվազն ինչո՞ւ եմ մասնակցել այդ գործողություններին, որպեսզի այդ կառույցները տեսնեն, որ Հայաստանը կանգնած է մեր հայրենակիցների կողքին, ու մենք դա դիտարկում ենք որպես մարդկության դեմ մեծ հանցագործություն, բայց, ցավոք սրտի, ո՛չ ներսից, ո՛չ դրսից չի նկատվում այդ աղետը։

Ես ուղղակի հիանում եմ Արցախի ժողովրդի կամքով, ու նրանք ապացուցելու են բոլորին, որ ուժ ունեն ու պատրաստ են հաղթահարելու բոլոր խնդիրները և արժանապատվորեն ապրելու Արցախում, ինչո՞ւ, որովհետև ես չեմ կարծում, որ արժանապատվությունը միայն կուշտ փորով հաց ուտելն է։

Նրանք այս երկու ամսից ավելի ապացուցում են, որ շատ ավելի արժանապատիվ կյանքով են ապրում, չնայած շատ ավելի խոր ճգնաժամի մեջ են, ծայրահեղ ծանր պայմաններում, ու բառի բուն իմաստով Արցախն այսօր ապրում է մեծ ողբերգություն, և, նորից եմ կրկնում, ցավոք սրտի, մենք ոչ բոլորս ենք կանգնած այդ ողբերգության կողքին ու չենք ապրում այդ ողբերգությունը։

– Կարծում եք, որ եթե Հայաստանում ապրեին այս աղետի ցավով, միջազգային արձագանքն ա՞յլ կլիներ։

– Իհարկե։ Նորից եմ կրկնում, աշխարհը երկակի ու եռակի ստանդարտներով է առաջնորդվում, բայց, այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ, կարծում եմ, որ, իսկապես, առնվազն ստիպված կլինեին անընդհատ արձագանքել այդ խնդրին, կոչեր անել, որպեսզի կարողանային եղած դժգոհությանը պատասխանել։

– Պարո՛ն Պիպոյան, այնուամենայնիվ, խնդրում եմ մասնագիտորեն գնահատեք հետևանքները, որոնք կառաջանան թերսնուցման հետևանքով։

– Առաջանալու են բնականաբար շատ լուրջ խնդիրներ, մենք իհարկե այս խնդրին անդրադառնում ենք պարբերաբար, այնպես չէ, որ միայն Արցախի Հանրապետությունն է բախվում այդ խնդրին, Հայաստանը նույնպես այդ խնդրին բախվում է, որովհետև երբ խոսում ենք պարենային հասանելիության խնդիրների մասին, բնականաբար, շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով ենք խոսում, և Հայաստանում ևս հայ ազգաբնակչությունը թերսնման տարբեր ձևերի է բախվում: Այդ առումով պետք է ասեմ, որ 60 օրը շատ երկար ժամանակահատված է, մարդկությանն անհրաժեշտ են գազ, առողջ սնուցման համար՝ բավարար քանակությամբ վիտամիններ, իմունային համակարգի համար՝ մրգեր, բանջարեղեն, իսկ դուք շատ լավ գիտեք, որ այսօր Արցախում կան նմանատիպ խնդիրներ։

Առկա են նաև ջեռուցման խնդիրներ, և, բնականաբար, օրգանիզմի դիմադրողականության անկումը կարող է պատճառ հանդիսանալ, հիմա գիտեք սուր վարակիչ հիվանդությունների սեզոն է, որ մարդիկ հաճախ հիվանդանան։

Կան իհարկե թերսնման ձևեր, երբ ավելի հեռահար ու երկարաժամկետ ազդեցություն են թողնում, մասնավորապես՝ վիտամինային, միներալային անբավարարությունները։ Նորից եմ կրկնում, այսօր մենք խոսում ենք բառի բուն իմաստով աղետի ու ճգնաժամի մասին, ոչ թե պարզապես պարենային ինքնաբավության կամ անհասանելիության խնդիրների մասին։

– Եթե նկատի ունենանք այն երկար ժամանակահատվածը, որ արցախցիները գտնվում են պարենային աղետի մեջ, ապա կարո՞ղ ենք ասել, որ դրա հետևանքները զգալու են ոչ միայն թիրախային խմբերի մարդիկ՝ տարեցներ, փոքրահասակներ, այլ նաև տարիքային մյուս խմբերի մարդիկ։

– Իհարկե, միանշանակ այդպես է։

– Պարո՛ն Պիպոյան, այս իրավիճակում նաև դժվար է, չէ՞, ինչ-որ խորհուրդ տալ, թե ինչպես կարելի է մեղմել սնվելու հետ կապված խնդիրը։

– Իհարկե, ի՞նչ խորհուրդ տանք։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ճանապարհի փակումը զուգադիպեց նաև ամենաանհարմար եղանակային պայմաններին, երբ բոլորի մոտ վերջանում են պաշարները։ Ես իհարկե չեմ էլ կարծում, թե այս ամենը պատահականություն էր, ընտրված էր հենց այնպիսի սեզոն, որպեսզի հնարավորինս տեղի ազգաբնակչությունը ծայրահեղ պայմանների մեջ լինի՝ և՛ եղանակային, և՛ բնակլիմայական, և՛ պարենային։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am