Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը 650 հազար դրամ պահանջեց հայցվոր Ռոբերտ Քոչարյանից

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը 650 հազար դրամ պահանջեց հայցվոր Ռոբերտ Քոչարյանից
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը 650 հազար դրամ պահանջեց հայցվոր Ռոբերտ Քոչարյանից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ երեկ խորհրդակցել է իր վստահորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և պնդում են, որ դատարանը դատական ակտում անդրադառնա նաև փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին և հօգուտ պատասխանողի՝ հայցվորից բռնագանձի 650.000 դրամ՝ փաստաբանական ծախսերի համար։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

Հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը պնդեց, թե պահանջած գումարի չափը ողջամիտ չէ։ Այսպիսով՝ դատարանը գործի քննությունը համարեց ավարտված։ Գործով դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին։ Նշենք, որ նախորդ դատական նիստին Քոչարյանը հրաժարվեց Փաշինյանի դեմ հայցից։ Հրաժարվելու առիթ դարձավ այն, որ Փաշինյանի ներկայացուցիչը աներկբա պնդեց, որ վարչապետը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, այլ Սահմանադրական նորմի մեկնաբանությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: