«Եթե թեկնածուին ճնշում են այն աստիճան, որ նա հանում է թեկնածությունը, վաղն էլ մեզ կճնշեն այնքան, որ հեռանանք». Կապանում քաղաքապետ են ընտրում

«Եթե թեկնածուին ճնշում են այն աստիճան, որ նա հանում է թեկնածությունը, վաղն էլ մեզ կճնշեն այնքան, որ հեռանանք». Կապանում քաղաքապետ են ընտրում
«Եթե թեկնածուին ճնշում են այն աստիճան, որ նա հանում է թեկնածությունը, վաղն էլ մեզ կճնշեն այնքան, որ հեռանանք». Կապանում քաղաքապետ են ընտրում

Սյունիքի մարզկենտրոն Կապանում առավոտյան ժամը 08:00-ին մեկնարկած քաղաքապետի ընտրություններում «ընտրապայքարում» մնացած միակ թեկնածու ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Հայփոստ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղի տնօրեն ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը ընտրատեղամասում պատասխանելով «Մեդիալաբի հարցերին» նշել է, թե «միայնակ պայքարելը հեշտ գործ չէ»:
Հիշեցնենք, որ Կապանում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. Ընտրություններին թեկնածությունն առաջադրած, իսկ հետո ինքնաբացարկ հայտարարած գործող քաղաքապետ, դաշնակցական Արթուր Աթայանը ավելի ուշ հայտարարություն էր տարածել` նշելով թե նման քայլի է գնացել «ճնշումների» հետեւանքով:
«Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ, ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները:

Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ծննդավայրում հաստատվեն թշնամանքն ու դավաճանությունը:

Համոզված եմ, որ հազարավոր կապանցիներ համամիտ են ինձ հետ ու չեն մեղադրի ինձ: Ես ուզում եմ հավատալ, որ այս օրերին հնչող հայտարարությունները, թե մեկ տարի հետո մենք ունենալու ենք անճանաչելիորեն բարեփոխված Կապան, իրականություն կդառնան: Ու եթե դրան խոչընդոտում է միայն իմ կուսակցական պատկանելությունը, ապա ես նպատակահարմար եմ գտնում զիջել իմ տեղը: Հանուն Կապանի եւ հանուն կապանցու ես հրաժարվում եմ ընտրապայքարից»,-ինքնաբացարկի անսպասելի որոշումը բացատրել է Աթայանը, ով ըստ շրջանառվող լուրերի հիասթափված հեռացել է Հայաստանից:

Սակայն, Աթայանի հայտարարությանն ի պատասխան, քաղաքապետի միակ թեկնածու Հայրապետյանը «Մեդիալաբի» թղթակցին հավատացրել է, որ նման բան չկա:

«Ես ճնշումների չեմ ենթարկվել, իմ կողմից միանշանակ դաշնակցական թեկնածուն չի ենթարկվել ճնշման»,-ասել է նա`հավելելով, որ ընտրության է եկել «հանուն քաղաքի վաղվա օրվա»:

Ընտրություններին մասնակցող Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանն էլ ընտրություների ընթացքը գնահատել է որպես «արդար»:

«Մեր օրինասեր, օրինապահ ու պարտաճանաչ ժողովուրդը կգնա ու կընտրի իր թեկնածուին,-«Մեդիալաբին» ասել է Գրիգորյանը,- եթե Աթայանը իր համախոհների միջոցով լրատվամիջոցներով հայտարարում է, որ ինքը ճնշումների է ենթարկվում, առաջին հերթին այդ մասին պիտի իրավապահները տեղյակ լինեին և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին, քանի որ չկա փաստ, սուտ փաստերով խոսելն անիմաստություն է»:

Ընդհանուր առմամբ, ինչպես հաղորդում է «Մեդիալաբի» թղթակիցը, Կապանում մթնոլորտը շնչում է անտարբերությամբ եւ հիասթափությամբ:

Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ, ասում է, որ հիասթափված է նման «տարօրինակ ու ստորացնող ընտրություններից».

«Մեկ ա գիտենք, ով ա ընտրվելու, էնքան որ ես եկել եմ ասեմ՝ ինձ մի ստորացրեք, ես դեմ եմ քվեարկել ու գիտեք՝ ով ուզում է ընտրվի, թող արդար լինի, ես չեմ ասում գործող քաղաքապետ Արթուր Աթայանը աչքիս լույսն է, բայց աչքիս գրողն են դառնում բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են իրենց օլիգարխիկ վիճակները խառնել ընտրություններին: Եթե թեկնածուին ճնշում են այն աստիճան, որ նա հանում է թեկնածությունը, վաղն էլ մեզ կճնշեն այնքան, որ հեռանանք»,-ասում է նա:

Մի ուրիշ ընտրող, Վալերիկ Վարդանյանցն ասում է, որ դեռ «հույսերով կսպասի»:

«Տեսնենք ինչ կանի նոր քաղաքապետը,-ասում է նա, ով առավոտ կանուխ եկել է կատարելու իր ընտրությունը,-սկզբում աշխատում են, հետո էլի նույն վիճակն է լինում, ոչ մի բան չի փոխվում»:

© Medialab.am