Թշնամին մեզ սոցցանցերում ուշադիր հետևում է, մեզ համար պատրաստում խայծեր․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանական թելեգրամ ալիքների քննարկումների մշտադիտարկման (դիսկուրս անալիզի մեթոդով) մեկ կարևոր եզրահանգում, որը լույս է սփռում Երասխում Ադրբեջանի հրահրած լարվածության հետապնդած հեռահար նպատակներից առնվազն մեկի վրա։

Ինչպես իրենք են հատուկ ընդգծված ու շեշտված նշում, վերջին օրերի մարտական գործողություններն ընթանում են ռուսական հենակետից 500 մետր հեռավորության վրա։ Քննարկումների որոշ մասնակիցներ ակտիվ հետևում են նաեւ հայկական տիրույթում ընթացող քննարկումներին ու մատնեցին, որ ուշադրության կենտրոնում հատկապես հայկական սեգմենտում հակառուսական դժգոհությունների հրահրումն է, որ 500 մետր այն կողմ կանգնած ռուսական զինուժը չի օգնում հայերին։

Իրենց արձանագրած ռեակցիաները պատմում էին քննարկման տակ։ Մեր ուշադրությունը դրա վրա հրավիրելու համար հենց իրենք են շրջանառության մեջ դրել հատուկ պատրաստված քարտեզը’ ռուսական հենակետի գտնվելու վայրի նշումով։ Ուզում են, որ հայկական կողմը դա վերցնի, քննարկի, զայրանա, հայհոյի ու շրջվի դեպի ուրիշ երկրի կողմ… Խորամանկ թիրախ են ընտրել. թիրախում ոչ այնքան լավ վիճակում գտնվող ռուս-հայկական հարաբերություններն են, դրանք ավելի վատթարացնելու ցանկությամբ, երբ Հայաստանում հուսահատությունից ու զայրույթից հակառուսական, այլ ուժեղ պետությունների ապավինելու հայտարարությունները կինտենսիվանային, որը նկատեն Մոսկվայում ու կպատժեն դժգոհ դաշնակցին։

Ըստ որում չեն թաքցնում, որ դա կարևոր է Ալիեւի Մոսկվա այցի ու Պուտինի հետ հանդիպման խորապատկերին։ Վերջապես հասկանալի է դառնում, թե երեկ Բաքվի քաղաքագետներն ինչու էին խոսում նրանից, որ Ռուսաստանը պետք է պատժի իրեն դավաճանած ու իրենից դժգոհ դաշնակցին և դիրքորոշումները համաձայնեցնի Բաքվի հետ, այլ ոչ թե Երևանի…

Ի դեպ, հենց իրենք չեն թաքցնում, որ հարձակման դիմելու քայլեր “այս անգամ չեն լինի”, բայց պետք է մեզ “հրաժարեցնեն” այլ հողում “անջատողական խաղեր տալուց”, այլապես “միջազգայնորեն ճանաչված տարածքում ապրել թույլ չեն տա”…Ժողովուրդ ջան, այսքանից հետո հասկացեք, որ թշնամին մեզ սոցցանցերում ուշադիր հետևում է, մեր համար պատրաստում խայծեր, ինչպես այդ քարտեզը, որպեսզի մենք ինքներս խայծը կուլ տանք… Ու հետայու որոշեք, թե որտեղից ինչ խայծ-ինֆո եք վերցնում, տարածում, քննարկում…