ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

«Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:

Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում: