2-3 տարում 274 մլրդ դրամ գումարներ են տվել տնտեսվարողների, և չգիտենք՝ ում են տվել, վերադարձրել․ Արտակ Քյուրումյանի հարցազրույցը Factor.am-ին․ տեսանյութ

Փաստերի վրա հիմնված որոշումների, բաց և թափանցիկ կառավարման մասին Factor TV-ն զրուցել է պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ

Զրույցը սկսենք այն սպասումներից, որ կային նոր իշխանությունից, այսինքն՝ ավելի թափանցիկ գործելաոճ, ավելի բաց և հասանելի գործելաոճ։ Տեղեկություն ստանալու Ձեր փորձը վերաբերում է մի քանի կառույցների՝ Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, ՊԵԿ, վարչապետի աշխատակազմ։ Խոսքը վերաբերում է հարկային մնացորդների հետվերադարձին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես ներդրում։

-Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ վարչապետն այնպես ձևակերպեց իր միտքը, որ ստացվեց, որ ինքն այդ 274 միլիարդ դրամը ներկայացնում է որպես ներդրում։ Դա կարող է ներդրում դիտվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ պետությունից ստացած այդ գումարներն այդ ընկերությունները ներդրել են տնտեսության մեջ, արդեն արել են ներդրումները։

Փաստորեն, 2 կամ 3 տարիների ընթացքում 274 միլիարդ դրամ գումարներ են տվել ինչ-որ տնտեսվարողների, և մենք չգիտենք, թե ում են տվել։ Հանրությունը տեղեկացված չէ, թե ում են վերադարձվել այդ գումարները։ Դրանք շատ մեծ գումարներ են, գրեթե 500 մլն դոլար։

Որպես գաղտնիք է որակվում նաև Ձեր մյուս հարցմանը վերաբերող ինֆորմացիան՝ Պաշտպանության նախարարության մասով։

-Նախ՝ ինձ համար շատ տարօրինակ էր, որ վարչապետն Ազգային ժողովում պատգամավորին հարցին պատասխանելիս սկսեց ինչ-որ տվյալներ հրապարակել, որոնք ինձ համար տարօրինակ էին․ ամրաշինական կառույցների, տարբեր կառույցների հետ կապված, նախորդ իշխանությունների հետ համեմատ, այսքան շինարարություն են արել և այլ։ Ինձ համար տարօրինակ էր, որ վարչապետը նման տվյալներ է հրապարակում։

Ես հարցում ուղղեցի վարչապետի աշխատակազմ, որ եթե ակտիվներ են ստեղծվել ներդրումների արդյունքում, ապա որ պետական մարմնի հաշվեկշռում են դրանք արտացոլվում։ Ու որոշ ժամանակ հետո, ի զարմանս ինձ, պատասխան եկավ ՊՆ-ից, որ այո՛, այդ կառույցները կառուցվել են, բայց հիմա դրանք գտնվում են հակառակորդի կողմից գրավված տարածքներում։

Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ ներկա կառավարությունը շատ ավելի մեծ ծավալով ծախսեր է կատարել, քան նախորդ իշխանությունը, բայց մենք հիմա որևէ միջոց չունենք ստուգելու՝ արդյո՞ք այդ ծախսերը կատարվել են, թե՞ ոչ։ Իսկ, միգուցե, այս աղետը, որ մենք ունեցանք, հենց այն պատճառով էր, որ այդ ներդրումներն իրականում չեն կատարվել։ Ինչպե՞ս են պետական վերահսկողական տարբեր մարմինները հիմա հսկելու կամ ստուգելու այդ ծախսերի առկայությունը։

Եվ եթե չեն ստուգելու, ապա ինչ թիվ ուզես՝ կարող ես ասել։

-Այո՛, և այստեղ կա հետևյալ հարցը․ ծախսերը կատարում ես՝ որոշակի արդյունքի հասնելու համար։ Ազգային անվտանգության ոլորտում, իմ ընկալումներով, արդյունքը մեկն է՝ կա՛մ ազգային անվտանգությունը կա, կա՛մ չկա։ Եվ այդ առումով, եթե չես կարողացել ապահովել անվտանգությունը, ապա չես կարողացել ապահովել արդյունք։ Այսինքն՝ վարչապետը ինչ-որ տեղ գլուխ է գովում՝ ասելով, որ շատ ծախս են արել, բայց այդ ծախսերի արդյունավետությունը զրո է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։