«Մարդկանց հիմնական տագնապի պատճառը վերահսկողության ռեալ լծակ չունենալն է». մասնագետը՝ անհանգստություններն հաղթահարելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբույժ, հոգեթերապևտ, MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը

– Պարո՛ն Հովսեփյան, հասարակության մեջ տագնա՞պ է, թե՞ խուճապ, երբ դատարկում են խանութները՝ ձեռք բերելով մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Թեև նշվում է, որ դրա կարիքը չկա, բայց, միևնույն է, դա չի հանգստացնում քաղաքացիներին։

– Խուճապ հաստատ չենք կարող անվանել, քանի որ ամեն ինչ այս պահին բավականին կազմակերպված է: Ավելի շուտ տագնապային վիճակ է, անհանգստություն, որը ինչ-որ չափով հիմնավորված է։ Պարզապես կախված մարդկանց բնավորությունից, նրանց սեփական տագնապայնության մակարդակից՝ նրանք մի քիչ ավելի շատ կամ  քիչ են դրսևորում: Խուճապ, կարծում եմ՝ չենք կարող անվանել: Հիմքում խմբային անհանգստությունն է, որտեղ մի անդամի անհանգստությունը փոխանցվում է մյուսին, և գումարային միջին անհանգստության մակարդակը ավելի բարձր է լինում, քան կլիներ առանձին-առանձին: 

– Իսկ ի՞նչն է մարդկանց մեջ տագնապային տրամադրություններ առաջ բերում:

– Մարդկանց հիմնական տագնապի պատճառը վերահսկողության ռեալ լծակ չունենալն է: Դրանով է պայմանավորված, որ ինչ հնարավոր է վերահսկել՝ անում են գերկոմպենսացիայով, նույն առևտուրը, օրինակ, կամ առանց անհրաժեշտության դիմակ կրելը, խունկ վառելը: Իհարկե, այն սերունդը, որը 90-ականներին բախվել է սնունդ հայթայթելու խնդրին, մի քիչ ավելի շատ է անհանգստանում, դա էլ է բնական: Եթե կան կարգապահություն ու բավական աստիճանի պատասխանատվության զգացում, տագնապն ավելորդ է:

– Պարո՛ն Հովսեփյան, տագնապած է ողջ աշխարհը: Նույնիսկ այն երկրներում, որտեղ ցուրտ ու մութ տարիներ չեն եղել, 90-ականների բարդություններ չեն եղել: Ինչո՞ւ:

– Աշխարհի տագնապը պայմանավորված է ոչ թե վտանգի աստիճանով, այլ նրանով, որ աննախադեպ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում, որին հասարակությունը լիովին պատրաստ չէ:

– Իսկ ի՞նչ աշխատանք պետք է կատարվեր հասարակության հետ նաև հոգեբանական տեսանկյունից: Հոգեբանների աշխատանքը ո՞րը պիտի լինի:

– Մենք, օրինակ՝ ունեցել ենք մի քանի հաղորդում այդ առնչությամբ։ Չեմ կարծում, որ շատ անելիք ունենք: Եթե ասեմ՝ սկզբունքորեն ինչ-որ բան պետք է անեինք, չէ։ 

Պարզ է՝ բնակչությանը պետք է սովորեցնել մի կողմից չափավորել անհանգստությունը, մյուս կողմից՝ նաև լուրջ վերաբերվել իրավիճակին, ընդհանուր առմամբ այդպես էլ արվում է: 

Եվ իհարկե կարևոր է, որ ցանկացած հոգեբանական, հոգեկան առողջության հետ կապված ծառայություն մատչելի լինի, որովհետև բնական է, որ այս օրերին մարդկանց անհանգստության մակարդակն ավելի բարձր է, և ավելի շատ մարդիկ են հարցեր, օգնության կարիք ունենալու:

Դրա համար պետք է պարզապես շատ խոսել այդ հոգեբանական ծառայությունների մասին, նրանց ավելի շատ հասարակական դաշտում պահել, որպեսզի նրանք ավելի մատչելի լինեն, մարդիկ իմանան՝ ինչպես կարող են այդ օգնությունը ստանալ:

– Պարո՛ն Հովսեփյան, իսկ արդյոք նկատե՞լ եք, որ կան խմբեր նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որ փորձում են այդ խուճապային տրամադրությունը ստեղծել։ 

– Եթե նկատի ունեք քաղաքական նկատառումներով է ինչ-որ մեկն անում, միգուցե, բայց ասել, թե առանձնապես ինչ-որ հետք է թողում հասարակության վրա, ապա՝ ոչ: 

Միշտ եղել և լինելու են մարդիկ, որ մինչև վերջ խնդրից տեղյակ չեն, ունեն իրենց սուբյեկտիվ պատկերացումները, որոնք իրականությանը չեն համապատասխանում: 

Դա բնակչության մի մեծ զանգված է, որոնք ոչ օբյեկտիվ են դատում ինչ-որ բաների մասին: Պարզ է՝ որպես հակակշիռ պետք է հնարավորինս շատ լինի հավաստի տեղեկություն՝ մատչելի ձևով, վստահելի աղբյուրներից ներկայացված: Այդ ամենն արվում է, և, կարծում եմ, վատ չէ այն բալանսը, որն այսօր կա:

– Այս իրավիճակը հաղթահարելու ինչ տարբերակներ կան: Ի՞նչ անել եթե տագնապը խեղդում է:

– Ինչ անել՝ կատարել բոլոր անհրաժեշտ պրոֆիլակտիկ գործողությունները, հետևել պաշտոնական տեղեկատվությանը, քիչ լինել սոցցանցերում, ունենալ հետաքրքիր զբաղմունք։

Եթե անհանգստությունը լուրջ աստիճանի է, այսինքն՝ խանգարում է մարդու սովորական կյանքին, խանգարում է զուտ նրա անհանգստությունը և ոչ թե ձեռնարկված կարանտինային մեթոդները, ապա, այո՛, պետք է դիմել մասնագետի, որովհետև եթե մարդը հասել է այնտեղ, որ դա խանգարում է, ուրեմն իր սեփական ուժերով չի կարող հաղթահարել: Մի խոսքով՝ եթե զգում եք, որ ձեր անհանգստությունը անկառավարելի է՝ դիմել մասնագետի:

– Հիմա շատերն են խուճապային, հոգեբանները մտածո՞ւմ են արդյոք սոցիալական ցանցերում ուղիղ եթերի միջոցով քաղաքացիների հետ զրուցել:

– Այո՛, մենք հիմա պատրաստվում ենք անցնել օնլայն ռեժիմի, հիմնական աշխատանքը օնլայն կազմակերպել: Կարծում եմ՝ շատ ծառայություններ այդ ուղղությամբ են մտածում, դա կարևոր է, որպեսզի և՛ մարդիկ հնարավորություն ունենան օգնություն ստանալու, և՛ միաժամանակ իրենց պաշտպանված զգան, չմտածեն, որ բժշկի կամ հոգեբանի դիմելու պատճառով իրենց առողջությունը վտանգվում է:

Կառավարությունն անընդհատ թարմացնում է տեղեկատվությունը, վարակվածների թվեր է հրապարակում։ Սա օգնո՞ւմ է քաղաքացիներին, թե՞ խանգարում:

– Հիմա վիճակն այնպիսին է, որ ամբողջ աշխարհում անընդհատ իրազեկում է գնում: Այդ պարագայում նույնն այստեղ չանելը ավելի մեծ անհանգստություն կառաջացներ: Կան որոշակի չափորոշիչներ, որոնց մենք պետք է համապատասխանենք: 

– Պարո՛ն Հովսեփյան, հոգեբանական օգնությունը հիմա ավելի շատ քաղաքացիների՞ն, թե՞ վարակվածներին կամ կարանտինում գտնվողներին է անհրաժեշտ:

– Եթե մարդիկ կարանտինի մեջ են, բնականաբար, կտրվում են հարազատներից, անհանգստությունը մեծ է, կա նաև որոշակի վախվորածություն, որ հիվանդություն կհայտնաբերվի: Դա անհանգստություն է առաջացնում, ուստի որոշակի աջակցություն պետք է: Այստեղ ավելի շատ խոսքը հոգեբանական աջակցության  մասին է, ոչ թե ինչ-որ նեղ մասնագիտական մոտեցման:

Մանե Հարությունյան

MediaLab.am