«Երեկվա և այսօրվա մարտերը կարելի է որակել որպես շատ արդյունավետ, որովհետև հակառակորդը ունի սարսափելի մեծ կորուստներ». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, Արցախի ՊԲ իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստ։ Այսօր հայկական կողմն ավելի վճռակա՞ն է իր գործողություններում։

– Նախ նշեմ, որ մեր բանակը միշտ էլ վճռական է։ Մենք միշտ էլ արժանի հակահարված ենք տալիս և շարունակելու ենք նույն ոգով։ Երեկվա և այսօրվա մարտերը կարելի է որակել որպես շատ արդյունավետ, որովհետև հակառակորդը ունի սարսափելի մեծ կորուստներ՝ և՛ մարդկային, և՛ զինտեխնիկայի։

Իսկ Ստեփանակերտը շարունակում է հրթիռակոծվել, բայց ստեփանակերտցիները համառ են, պինդ են, որևէ խուճապ, որևէ վհատության դրսևորում չկան։ Պարզապես մարդիկ պատսպարված են, ապրում են ռազմական դրության, պատերազմի պայմաններում, ինչը, իհարկե, իր յուրահատկությունն ունի։

– Պարո՛ն Բաբայան, ՌԴ-ից վերջին երկու օրերին ինտենսիվ հայտարարություններ, հեռախոսազանգեր կան, կարծեք թե Թուրքիան է որոշակի առումով փոխում իր հռետորաբանությունը։ Ի՞նչ եք կարծում, հայկական բանակի վճռականությո՞ւնն է ստիպում այսպիսի ինտենսիվությամբ հայտարարություններ տարածել։

Ընդհանրապես, երբ խոսում ենք զարգացումների մասին, պետք է նրբանկատ լինենք, հասկանանք՝ ինչ բարդ իրավիճակ է, ովքեր են մեր բարեկամները, ովքեր՝ թշնամիները։ Այս պահի դրությամբ և մե՛նք ենք հաստատակամ, մարտի դաշտում արմատական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել այն առումով, որ մենք վճռական ենք և կոտորում ենք թշնամուն։ 

Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ արդեն այլ ճակատ է բացվում, այսինքն՝ դիվանագիտական և քաղաքական ճնշումները սկսում են աշխատել Թուրքիայի և Ադրբեջանի վրա։ Եվ բուն ճնշումների դեպքում ավելի կարճ է տևելու այս ամենը։ 

Այստեղ կա կոալիցիոն մոտեցում՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իրանը՝ բոլորն էլ ունեն միատեսակ պատկերացումներ և բոլորն էլ դատապարտում են Թուրքիայի ահաբեկչական պահվածքը, Ալիևն ով է դարձել, որ մատ թափ տա Մակրոնի վրա, էդ իրենք իրենցից ի՞նչ են են ներկայացնում, աշխարհի տերե՞րն են, և եթե որևէ մեկը մտածում է, թե անպատիժ է մնալու, չարաչար սխալվում է։ 

Եվ հիմա արդեն, երբ դիվանագիտական և քաղաքական հարցերը կոալիցիայի միջև գրեթե համաձայնեցված են, և սկսվում է ճնշումների փուլը, որը լինելու է շատ հզոր և շատ կարճ, և այդ ճնշումները մեծ աշխատանք են պահանջում, գալիս է եզրափակիչ փուլ, մենք տեսնելու ենք ճնշում և այդ ճնշման արդյունքներ։

– Հաղթանակը մո՞տ է։

– Հաղթանակ և պարտություն հասկացությունները բարդ հասակցություններ են, պատերազմը պետք է վերջանա, ինչը լինելու է հաղթանակ բոլորի համար, բայց հետո պետք է լինեն գործընթացներ, այլ զարգացումներ, մեր առջև խնդիր է դրված ջախջախել թշնամուն, թույլ չտալ իր նենգ նպատակներն իրականացնել։ 

Գերտերությունները նույնպես շահագրգռված են խաղաղության և կայունության հաստատմամբ, բայց դրանով գործընթացները չեն սահմանափակվելու, և այլ հարթությունում այլ աշխատանք է իրականացվելու։ 

Եվ այսօր մենք պետք է ոսոխի ողնաշարը ջարդենք, որպեսզի 15 տարի հարաբերական կայունություն լինի տարածաշրջանում։ 

Ադրբեջանի կորուստները՝ և՛ մարդկային, և՛ տեխնիկայի, այնքան մեծ են, որ տարիներ են պետք ուշքի գալու համար։ Նրանք ընկել են ավանտյուրայի մեջ։ Թուրքիայի պարագայում էլ լուրջ խնդիրներ են լինելու, որ ազդելու են Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների վրա, այն պահվածքը, որ Թուրքիան է ցուցաբերում, ստոր, ահաբեկչական պահվածք է, ուրիշ ոչ մի բան։

– Ստեփանակերտը շարունակո՞ւմ է հրթիռակոծվել։

– Ստեփանակերտը հրթիռակոծվում է, այս պահին մի փոքր ավելի հանգիստ է, բայց ասել, որ հակառակորդը գթասրտություն է ցուցաբերում, նման բան չկա, հակառակորդի ցանկացած ոտնձգություն, միանշանակ, կասեցնելու ենք։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am