«Մենք այս օրերին շատ տառապեցինք ու տառապում ենք, բայց, ես չեմ կարծում, որ պետք է վարչապետին այդքան խփել». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, որում նա մասնավորապես ասել էր. «Այսօր տրվելու է չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ պրոֆեսիոնալներ»: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ողջ դատական համակարգը գործում է Նիկոլ Փաշինյանի դեմ:

– Կարծում եմ՝ այդ հայտարարությունը շատ ուշացած է ԲԴԽ-ի կողմից: Հարցադրումը, թե մենք ովքեր ենք՝ պրոֆեսիոնալներ, թե վնգստացող դատավորներ, ես կարծում եմ, որ դատական համակարգն ինքը պետք է առաջին հերթին իրեն այդ հարցը տա և առաջնորդվի այդ հարցի պատասխանով: 

Ես չգիտեմ՝ ինչ-որ մեկը պետք է գա ու դատական համակարգը կայացնի՞, թե՞ իրենք պետք է դա անեն: Ես չեմ հասկանում այս օրերին նման հայտարարության իմաստը: Այո՛, ինչ-որ տոնայնություն կա վարչապետի դեմ, եթե ասելիք ունեն, թող կոնկրետ ասեն: 

Մենք այս օրերին շատ տառապեցինք ու շարունակում ենք տառապել պատերազմի և դրա շարունակության համար, բայց, այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ պետք է վարչապետին այդքան խփել: 

Քաղաքական հարց կա, թող որոշի՝ հեռանում է, թե մնում է: Բայց հիմա, իրnք, ես միանում եմ տեսակետին, որ երկիրը պետք է կայունացվի 45-օրյա պատերազմից հետո: 

Վարչապետը մարդ է և չպետք է անընդհատ նրան հարվածել, ամեն մեկը տեղից վեր կենա, հայտարարություններ տարածի: Այս հայտարարությամբ տեսնում ենք, որ ինչ-որ բան են ուզում ասել վարչապետին, նրա դեմ ինչ-որ բան կա, բայց ի՞նչ՝ հստակ չեն ասում: 

Ի դեպ, բոլոր դատավորներն ստանում էին պարգևավճարներ իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով: Այնպես չի, որ դատական համակարգը փոխվել է, դատավորները փոխվել են, ու հիմա այդ հայտարարությունը համարենք, թե ինչ իրավացի է Վարդազարյանը նման ակնարկներ անելիս, կարծես ինչ-որ մեկը խոչընդոտում է նրանց դառնալ անկախ համակարգ: 

Դարձեք: Նաև երդում են տալիս ժողովրդի առջև՝ զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից: Այս հայտարարությունը նման է խոստովանության, որ հիմա որոշեցին ցույց տալ, որ հիմա մաքրվում են: Լավ կլիներ ավելի անկեղծ հայտարարություն լիներ, ոչ թե կիսատ-պռատ ակնարկներ:

– Վերջին օրերին կրկին ականատես ենք բռնել-բաց թողնելու գործընթացին: Մասնավորապես, Ծառուկյանին, Վանեցյանին, Աշոտ Մինասյանին ձերբակալեցին, ապա բաց թողեցին: Այս ամենն արդյոք ապացույց չէ՞ այն բանի, որ այս 2,5 տարում այդ ոլորտում փոփոխություններ ուղղակի տեղի չունեցան: 

– Այդ հարցն ինձ հուշեց, թե ինչու է այս հայտարարությունն արել ԲԴԽ-ն հենց այդ բռնել-բաց թողնելու կապակցությամբ: Մենք չենք կարող հիմա ասել, որ դա վարչապետի քաղաքականությունն է: 

Այս իրավիճակում, երբ վարչապետը խոցելի է, դատավորները նայելու են իրենց հայեցողությանը, կամ էլ կարող է գործել կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմ, դա էլ չեմ բացառում: 

Մենք գիտենք, որ դատական համակարգը մնացել է հին վիճակում, այնպես որ, ԲԴԽ նախագահի հայտարարությունում երդում տալու հիշատակմանն ուզում եմ ասել՝ պետք չի երդվել, ձեր աշխատանքով ցույց տվեք: Դատական համակարգի հանդեպ անվստահությունը երդվելով չեն կարող փոխել: Մենք ունենք նույն անվստահելի դատական համակարգը: Շատ կարևոր է տեսնել, թե գործնականում դատական համակարգն ինչ է անում: 

Ինչ վերաբերում է այդ ձերբակալություններին, ես չեմ համարում, որ տեղին ու ժամանակին են նման քրեական գործեր հարուցելն ու ձերբակալությունները: Վարչապետը հիմա պետք է տարբերվի նախորդներից: 

Այն ժամանակ էին հարուցվում այդ գործերը: Եթե կան ձերբակալություններ, ապա պետք է ամեն բան այնքան ճշգրիտ լինի, որ մարդիկ հավատան, որ դա իսկապես այդպես է եղել: Կարիք չկա այդպիսի գործերով լարել մթնոլորտը: Ես ինքս մի փոքր անվստահություն ունեմ այդ գործերի նկատմամբ: 

– Ի վերջո, ինչպե՞ս կարելի է առողջացնել դատական համակարգը: Վարչապետը հայտարարում է, որ պետությունից գողացված միջոցների հաշվին կառուցած դղյակները պետք է վերադարձվեն, ազգայնացվեն: Այդ ճանապարհն ուշացած չէ՞:

– Իրավիճակը հիմա կփրկեր վարչապետի անկեղծությունը: Դրանից հետո պետք է իսկապես լծվել աշխատանքի, այն, ինչ խոստացել և չի արել վարչապետը և չի արել 2,5 տարի ոչ մի ոլորտում: Ամենակարևոր փոփոխությունները դատական համակարգում, ոստիկանությունում չեն արվել, այս ձևով շարունակել չի կարելի: Եվ եթե մինչև պատերազմն ինչ-որ բաներ արված լինեին, և ոչ թե յուրաքանչյուր քայլի տեսնեինք բարձիթողի վիճակ, կարծում եմ, որ ժողովրդի վերաբերմունքը միանշանակ կլիներ աջակցություն վարչապետին, պատերազմին: Եվ գուցե այդքան խոսվող զինվորների, հրամանատարների դավաճանությունը տեղի չէր ունենա: 

Եվ հիմա միակ ճանապարհը հետպատերազմյան վիճակի փոփոխությունն է, և հանրությունը պետք է տեսնի, թե ինչպես է իշխանությունն իր կողքին կանգնած: Ընտանիքներին, որոնք զավակներ են կորցրել, անհետ կորածների, գերիների ընտանիքներին աջակցությունը: 

Ավելին՝ վարչապետը ինքն անձամբ պետք է օրինակ ծառայի՝ այցելելով և մխիթարելով ընտանիքներին, որպեսզի մարդիկ մեջքները կարողանային ուղղել: Եվ սա լիներ առաջին պլանում:

– 2,5 տարվա մեջ իրական բարեփոխումների արդյունքում պետք է պատասխանատվության կանչվածնե՞րը շատ լինեին, և նրանցից հանրապետության սահմանները լքածներ չլինեի՞ն:

Արդարադատության համակարգի առողջացումը առաջին հերթին պետք է լիներ, նաև վեթինգ պետք է իրականացվեր: 

Բանակը, որը դեռևս չի ազատվել կոռուպցիայից, արմատացած է, ազատվե՞լ է արդյոք բանակը այդ բոլոր կոռուպցիոներներից, արդյոք բանակը մաքրվե՞լ է նրանցից, ես ամբողջ կյանքում դրա դեմ եմ պայքարել: 

Քննչական մարմինները, որոնք շարունակում են կոծկել բանակի գործերը, պետք է մաքրել և բանակին ավելի մեծ ուշադրություն է պետք: Վարչապետը պետք է հնչած կոչերին պատասխան տա… կարողանո՞ւմ է արդյոք իրացնել իրենց իշխանությունը, բարեփոխել երկիրը, եթե ոչ, ապա թող հեռանան, գան ուրիշները, մաքրեն այս արատները: 

Մեզ սա պետք է մղի մաքրելու այն բոլոր ոլորտները, որոնք մարդիկ ամենաշատ կարիքն ունեն: Այդ ամենը փոխելով միայն մենք կարող ենք արձանագրել հաղթանակներ:

Մանե Հարությունյան

MediaLab.am