Տեղի գյուղի էսկալացիան տրամադրություններ ստուգելու նպատակով էր՝ ավելի լայնամասշտաբ գործողությունների դիմելուց առաջ. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, երեկ Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքից հետո Ադրբեջանում ի՞նչ տրամադրություններ են, ի՞նչ են գրում տեղական ԶԼՄ-ները:

– Ընդհանուր առմամբ՝ ի սկզբանե իրենք ամբողջ գործողությունների մեղքը փորձում են բարդել հայկական կողմի վրա, բայց երեկ տարածված տեսանյութից հետո արդեն ակնհայտ է, որ իրենք են սադրել իրավիճակը, այսինքն՝ հայկական կողմն ընդամենը ինժեներական աշխատանքներ է իրականացրել իր տարածքում։ Այսօր տեսա, որ մի քանի պատգամավորներ դարձյալ սլաքներն ուղղել էին Հայաստանի ուղղությամբ, նշելով, թե իբր Հայաստանն է այդկերպ փորձում խափանել խաղաղության գործընթացը, մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է։ 

Մի շարք քարոզչական կայքերում հայտնվում էին կեղծ տեղեկություններ, թե իբր Հայաստանն իրանական անօդաչու սարքեր կամ հնդկական զինատեսակներ է օգտագործում։ Հատկապես Իրանի մասով՝ ես կարծում եմ, որ հատուկ էին սկսել այդ տեղեկատվական արշավն ու հատուկ էին դա իրականացնում: 

Չեմ զարմանա, եթե հետագայում պարզվի, որ դա անում էին նաև Իսրայելի տեղեկատվական որոշ մասնագետների օգնությամբ, որովհետև մոտավորապես մեկ ամիս առաջ մամուլում տեղեկատվություն հայտնվեց իսրայելական կիբեռանվտանգության կենտրոնի բացման մասին, ու եթե ուշադրություն դարձնենք, այդ պահից ի վեր հակաիրանական տրամադրություններն առանձնակի թափով սկսեցին տարածվել, ու այդ քարոզչական գիծը հստակ նկատվում է։ 

Ադրբեջանը մշտապես սլաքներն ուղղում է դեպի Հայաստան, երեկ էլ մի աբսուրդային հոդված էր հայտնվել, թե իբրև Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանությունը խստացրել է, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է․ Փաշինյանն անընդհատ պնդում է, որ ինքը չի գնա էսկալացիայի, և, ցավոք, այդ ֆոնին մենք նոր էսկալացիաներ ենք ստանում։ 

– Երեկվա էսկալացիան Ադրբեջանն ի՞նչ նպատակով սանձազերծեց։

– Մի քանի նպատակ կարող ենք ասել․ սովորաբար տարբեր դերակատարների արձագանքը ստուգելն է, հատկապես որ, համոզված եմ, Ադրբեջանն ավելի լայնամասշտաբ գործողությունների է պատրաստվում ու մինչ այդ նման գործողություններով փորձելու է տրամադրություններ ստուգել, ընդ որում և՛ Հայաստանի ներսում, և՛ դրանից դուրս, որ հետագայում իր հաշվարկն անի ավելի լայնամասշտաբ գործողությունների համար։

Սակայն եթե նայենք իրականությանը, ապա այդ էսկալացիայի գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ ընդամենը օրեր առաջ Տեղ գյուղում մեր դիրքերն ուղղակի մի գիշերվա մեջ զիջեցին Ադրբեջանին, դա կանխելու համար որևէ բան չարվեց, մեզ փորձեցին ներկայացնել, թե քարտեզներում անճշտություններ կան և այլն։ 

– Այսինքն՝ կարծում եք, թե ավելի լայնամասշտաբ էսկալացիան դեռ առջևո՞ւմ է, տիկի՛ն Հայրապետյան։

– Միանշանակ, Ադրբեջանը դրան է պատրաստվում, տարածաշրջանում բոլոր երկրներն են դրան պատրաստվում, բացի Հայաստանից։ Ակնհայտ է, որ լարումն ավելի է խորանալու, ու դրան բոլոր առումներով պետք է պատրաստվել, բայց, ցավոք սրտի, ինչ մենք ենք անում, դրա հակառակն է։

– Ասացիք, որ Իրանի մասով ապատեղեկատվությունը Ադրբեջանը միտումնավոր է տարածում, ինչո՞ւ, նպատակ ունեն Իրանին ամեն գնով ներքաշել հնարավոր պատերազմի մե՞ջ։

– Միանշանակ այո՛, տեղեկատվական առումով նաև փորձում են Արևմուտքի աչքին Հայաստանը ներկայացնել որպես Իրանի դաշնակից, ինչպես, օրինակ՝ արել են Ռուսաստանի դեպքում, որպեսզի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը բացասական լինի, ու այդ ֆոնին Ադրբեջանը ստանա այն պետությունների աջակցությունը, որոնք Իրանի դեմ են, իսկ Հայաստանն էլ հայտնվի հակառակ ճամբարում։ 

– Կարո՞ղ ենք հուսալ, որ Ադրբեջանը կբացի Լաչինի միջանցքը: 

– Ես չեմ տեսնում այդ միտումները, ակնհայտ է նաև, որ այդ հարցի շուրջ եղած աղմուկն էլ գնալով անկում է ապրում տարբեր պատճառներով, նաև Ռուբեն Վարդանյանի հեռացմամբ Ադրբեջանն այդ խնդիրը փակեց։ Ադրբեջանը, օգտվելով իրավիճակից, օղակն ավելի ու ավելի է սեղմում, ու ավելի գլոբալ գործողությունների դիմելուց առաջ Ադրբեջանի համար կարևոր է «այդ խնդիրը լուծել»։

– Ադրբեջանը նշանակել է Հայաստանի հետ դելիմիտացիայի հարցերով զբաղվող անձին։ Այս իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք նման աշխատանքների իրականացումը։

– Չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ շատ բան կատարվում է կուլիսների հետևում ու մեզնից գաղտնի, ու մենք փաստի առաջ ենք կանգնում: Տեղ գյուղի դեպքերը դրա վառ ապացույցն էին, երբ պետությունը ոչ մի արձագանք չի տալիս իրականության վերաբերյալ, մարդն ուղղակի արթնանում ու տեսնում է, որ ադրբեջանցին իր վարելահողում է: Սա ցույց է տալիս, որ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց մենք տեղյակ չենք, հակառակ դեպքում կլինեին արձագանքներ կամ կանխարգելիչ քայլեր։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, այսինքն՝ կարծում եք, որ ադրբեջանական զորքի՝ Տեղ գյուղ մուտք գործելը, ըստ էության, սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համատեքստո՞ւմ է արվել։

– Այդպես է ստացվում, չկա պաշտոնական որևէ նորմալ բացատրություն, բայց փաստացի իրենք գալիս, դիրքավորվում ու մնում են մեր հողում՝ որևէ քայլ չնահանջելով։ Ի՞նչ եզրահանգում կարող ենք դրանից անել, որ այդ սահմանը «գծվում» է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am