Ինչպե՞ս օգնել Արցախի բնությանը․ հետպատերազմական անտառվերականգնման նախագիծ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ մշտապես գործելով ի շահ և բարօրրություն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, և՛ պատերազմի ընթացքում, և՛ ստեղծված դժվարին իրավիճակում շարունակում է ներդնել իր ամբողջ ներուժը՝ գործուն քայլերի միջոցով հնարավորինս աջակցել իրավիճակի կայունացմանը։ 

2020թ․-ի աշնանն Արցախում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների ընթացքում Հիմնադրամը շուրջ 50 մլն դրամ արժողությամբ նվիրատվություն՝ մարդասիրական և տեխնիկական աջակցություն է տրամադրել Արցախին։ Չսահմանափակվելով տրամադրված օգնությամբ՝ FPWC կողմից մշակվեց նաև «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավը, որի նպատակն է Արցախում 50 000 ծառ տնկել և նպաստել տեղի էկոհամակարգի կայունացմանը։ 

Ընդգծենք, որ արշավին կարող են միանալ բոլորը «1 դոլար = 1 ծառ» բանաձևով /հղում՝ https://www.fpwc.org/donate// ։ 2021 թվականի մարտ ամսից նախատեսվում է մեկնարկել աճեցման գործընթացը, իսկ արդեն հոկտեմբեր ամսին բույսերը պատրաստ կլինեն տնկման համար ընտրված վայրերում։ Տնկման շրջանը սկսվում է հոկտեմբեր ամսվա կեսից և ձգվում է մինչև նոյեմբերի վերջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև եղանակային պայմանները, ինչից կախված տնկման աշխատանքները միգուցե հնարավոր լինի իրականացնել նաև ձմռան ամիսներին։ Հիմնադրամը մշտապես հետևողական է կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ ու առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ և իրականացնելու համար տնկված ծառերի հետագա խնամքը՝ FPWC համագործակցում է «Արցախի բնության հիմնադրամի» (ANF) հետ, որն Արցախում առաջին բնապահպանական ՀԿ-ն է։ 

FPWC և ANF նախատեսում են հետևել ծառերի բնական աճին պայմանականորեն 5 տարի շարունակ։ Հետագա խնամքը ներառում է ոռոգման իրականացում ամռան ամիսներին, պահպանություն անտառապահների կողմից, ինչի միջոցով կկանխարգելվի տարածքների օգտագործումը որպես արոտավայրեր և խնամքի այլ եղանակների իրականացում։ 

Այսպիսով, նվիրաբերելով ընդամենը 1 դոլար 1 ծառ տնկելու համար, հնարավոր կլինի Արցախում տնկել և աճեցնել շուրջ 50 000 ծառ։ 

2020 թվականի լայնածավալ պատերազմական գործողություններից հետո, տարածքների կորստի պատճառով, Արցախի բնակչության համար առաջացել է նոր մարտահրավեր` ջրի սակավության հնարավոր խնդիրը, քանի որ ջրային ռեսուրսների մեծ մասն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնականաբար, անտառները ծառայում են որպես ջրի հավաքման, պահեստավորման, զտման և հոսքի բնական համակարգ ՝ առվակների, թաց մարգագետինների և ջրհորների միջոցով: 

Նվիրատվությանը մասնակցելու համար՝ https://www.fpwc.org/donate/ ։