Արցախցիների մասին ադրբեջանական տեսանյութերն առանց մեկնաբանության տարածելով՝ նպաստում ենք թշնամու քարոզչությանը. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն ու քարոզչամեքենան շատ ակտիվ են աշխատում: Մասնավորապես մի քանի տեսանյութերով կարողացան հայ հասարակության շրջանում բուռն քննարկումներ առաջ բերել՝ ներկայացնելով Արցախից բռնի տեղահանվող մեր հայրենակիցներին, որոնք ճնշման տակ  Հայաստանի, Արցախի մասին վատ բնորոշումներ էին տալիս: Որոշ փորձագետներ հորդորեցին զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից և չնպաստել ադրբեջանական քարոզչությանը: Ի՞նչ եք մտածում այս հարցի մասին:

– Ամեն մի կոնկրետ դեպքում կոնկրետ գնահատական կտայի, եթե իրենք մատնանշեին կոնկրետ տեսանյութը, բայց, ընդհանուր առմամբ, նույն Սամվել Մարտիրոսյանի գրառումը ոնց որ հոգու ճիչ լիներ, որովհետև բավականին շատ են այնպիսի տեսագրություններ, որոնք, իսկապես, իրականությանը չհամապատասխանող, ճարահատյալ մարդկանց մեկնաբանություններ են:

Մասնավորապես՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ձայնագրում են բռնի տեղահանվող մարդկանց՝ տալով նրանց ուղղորդող հարցեր, ինչպես, օրինակ՝ դուք ձեր կամքով եք, չէ՞, գնում Արցախից, մարդիկ ասում են՝ այո՛: Հարցազրույցն այսքանով ավարտվում է, մարդկանց էլ չեն հարցնում, թե ի՛նչն է իրենց բերել այդ հանգրվանին, իսկ եթե այդ նույն մարդիկ խոսեն հայաստանյան լրատվամիջոցների հետ, վստահաբար կասեն, որ ռազմական ագրեսիան, բիրտ ուժի կիրառումը՝ավիացիայով, հրետանիով հանդերձ, ստիպել է իրենց լքել հայրենի գյուղերն ու քաղաքները: 

Իրականությունը սա է, իսկ ադրբեջանական կողմը, բնականաբար, նման հարց չի տալու: Եթե հայաստանյան լրատվամիջոցները պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն, խնդիր չէ, այսինքն՝ մանրամասնեն, մեկնաբանեն, բայց երբ ուղղակի վերցնում ես Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսագրությունը, որտեղ ընդամենը մեկ հարց է, ու տարածում ես, դա սխալ ու ինչ-որ առումով, այո՛, թշնամու քարոզչության տարածում է Հայաստանում, ու այս առումով Սամվել Մարտիրոսյանն իրավացի է:

– Այսինքն՝ ուղիղ, առանց հավելյալ պարզաբանումների, մեկնաբանության տարածե՞լն եք սխալ համարում:

– Այո՛, յուրաքանչյուր տեսանյութ պետք է ուսումնասիրվի, որ հասկանալի լինի, թե ո՛ր տեսանյութը ճիշտ կլինի տարածել առանց մեկնաբանության: Կրկնում եմ՝ այստեղ հմտություններ են պետք, պրոֆեսիոնալիզմ, որպեսզի չնպաստենք թշնամու քարոզչությանը, այլ հակառակը՝ արժեզրկենք նրանց ջանքերն ու ցույց տանք իրականությունը, որ այդ մարդկանց տեղահանումն իրականում բռնի է:

– Պարո՛ն Մելիքյան, իսկ այս օրերին մեր գործընկերների աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:

– Շատ տարբեր են իհարկե, բնական է, որ երբ մի երկրում այսպիսի բևեռացված մամուլ է լինում, շատ դժվար է պատկերացնել, որ այս ճակատագրական իրադարձությունները օբյեկտիվորեն լուսաբանվեն: Հին հիվանդությունը շարունակվում է, ու ամեն մեկն այս ամբողջ իրադարձությունները լուսաբանում է այնպես, ինչպես հարմար է իրեն հովանավորող քաղաքական ուժերին:

– Օբյեկտիվ լուսաբանման չե՞ք հանդիպել:

– Բնականաբար տեսել եմ, ուղղակի, ցավոք, որակյալ լրագրությունը կորչում է շատ ավելի ծավալներ ստացած վայրի լրագրության մեջ: Ու հենց վերջինի շրջանակներում է, որ լինում են նաև ապատեղեկատվություն, ֆեյք լուրեր, վիրավորանք ու զրպարտություն: Այս ամենը բևեռացվածության հետևանք է առաջին հերթին ու, իհարկե, պրոֆեսիոնալիզմի պակասի: 

– Որ ադրբեջանական կողմը նաև տեղեկատվական դաշտում է շատ լավ պատրաստված գործում, ակնհայտ է, մենք կարողանո՞ւմ ենք համարժեք պատասխանել նրանց:

– Կարծում եմ, որ մեզանում մի փոքր ակտիվացել է այդ հակաքարոզչությունն ընդդեմ Ադրբեջանի, և, մեծ հաշվով, դա տեղ է հասնում միջազգային մամուլի միջոցով, ու, ակնհայտորեն առաջընթաց կա, բայց որ ասենք՝ հաղթում ենք ադրբեջանական քարոզչամեքենային, ցավոք, չեմ կարող ասել: Ընդ որում՝ նրանց փաստարկներն այնքան խոցելի են, որ հայկական կողմից այդքան մեծ ջանքեր էլ չեն պահանջվում դրանք մերկացնելու ու չեզոքացնելու համար, բայց դրա համար պետք է պետական ինստիտուտների աշխատանք, ինչպես Ադրբեջանն է անում: Եթե մենք նման համախմբում չանենք, չենք կարող շատ լուրջ դիմակայություն ցուցաբերել: Դա լուրջ խնդիր է ու պետք է լուծվի, քանի որ պատերազմը, ցավոք, չի ավարտվել, ու նման հնարավորությունները պետք է զարգացնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am