Աննա Հակոբյանը Վայոց ձորում այցելել է մի շարք կրթական և մշակութային կենտրոններ

ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ վերջինս իր երկու դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց Ձորի մարզ: 

Այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է  Եղեգնաձոր քաղաքի Երկրագիտական թանգարան: Թանգարանի տնօրենը Տիկին Հակոբյանին ներկայացրել է մարզի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, այդ թվում՝ մի շարք եզակի նմուշներ:

ՀՀ վարչապետի տիկնոջ աշխատանքային օրվա հաջորդ այցը «Մոշ ստուդիոն» էր: Ձեռագործ զգեստների և աքսեսուարների այս կենտրոնի ղեկավարը Արմինե Աղաջանյանն է: Վերջինս իր գաղափարակից գործընկերների  հետ կենտրոնում կազմակերպում է նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր համայնքի կանանց համար: Աննա Հակոբյանը հետաքրքրվել է կենտրոնի գործունեության, Արմինեի երազանքներով և նպատակներով: «Մոշ Ստուդիոն» իր տեսակով եզակի նախաձեռնություն է Եղեգնաձոր քաղաքում:

Պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում ծղոտագործ Արթուր Պետրոսյանի «Եղեգ» արհեստանոցի վերաբերյալ պատմությունը: Վարպետ Արթուրը փափկացնում և ճկում է ուռենու ճյուղերը՝ դրանցից պատրաստելով զամբյուղներ և այլ գեղեցիկ իրեր: Նմանատիպ  մի զամբյուղ էլ պատրաստել են վարչապետի դուստրերը՝ Արփին և Շուշանը:  Իր արհեստանոցում  Արթուրն այցելուներին սովորեցնում է զամբյուղագործության գաղտնիքները:

Արենի գյուղում վարչապետի տիկինն այցելել է  մշակութային կենտրոն, որը նախկինում ծառայել է որպես գյուղի ժամ: Կենտրոնում երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու վարպետ Մարատի կողմից դասավանդվող քանդակագործության դասերին, ինչպես նաև Արփինեի կավագործության դասերին:

Աննա Հակոբյանը հյուրընկալվել է  նաև Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջը հիմնադրվել է 1971 թվականին, որի հիմնական նպատակը նախնական և միջին մասնագիտական որակի մասնագետների պատրաստումն է: Այցի շրջանակներում  ՀՀ Վարչապետի տիկինը շրջել է դասասենյակներով՝ հընթացս ծանոթանալով դասապրոցեսներին և ուսուցման մեթոդաբանությանը:

Աննա Հակոբյանն այցելել է նաև Արենի գինու գործարան, որտեղ տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը ներկայացրել է գործարանի հիմնադրման պատմությունը՝ հավելելով, որ այգիների հատվածը տարվա բոլոր եղանակներին պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների չդադարող հոսքերը:

Վարչապետի տիկինն այնուհետև այցելել է «Ընկուզենու տակ» անվանումը կրող հայկական ավանդական ռեստորան: Այն հետաքրքիր ընտանեկան բիզնես գաղափար է, որը կյանքի են կոչում ամբողջ ընտանիքով: Հիմնադիրը տան դուստրն է՝ Լիլիթ Խալաթյանը։ Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, հյուրընկալում է նաև զբոսաշրջիկներ, որոնց համար առկա է առանձին սենյակ: Ռեստորանը բավականին յուրհատուկ ճաշատեսակներ ունի, անցկացնում են գաթա թխելու և օղի թորելու վարպետաց դասեր զբոսաշրջիկների համար, որոնց հյուրասիրում են նաև տեղական խաղողից պատրաստած իրենց գինիները: 

Աննա Հակոբյանի նախավերջին կանգառն Աղավնաձոր գյուղի «Տրինիտի կանյոն այգիներ» անունը կրող գինու գործարանն էր: Ամերիկահայ գործարար Հովակիմ Սաղաթելյանի խոսքով գործարանում մշտապես հնչում է հոգևոր երաժշտություն, ինչը, ըստ նրա, օգնում է աշխատանքի արդյունավետ կազմակերպման գործում: Գործարանը ներառում է նաև ինտենսիվ այգիներ, որտեղ նախատեսվում է կառուցել 1500-2000 շիշ արտադրողականությամբ փոքրիկ գինեգործարաններ:

Այցի շրջանակներում տիկին Հակոբյանն այցելել է  նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տավարաբուծական ֆերմա, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Աննա Հակոբյանը բարձր է գնահատել ընկերության տնօրինության յուրովի մոտեցումներն ու հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: