Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը:

«Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա, բնականաբար, կարելի է  ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին: Երևի վաղ է խոսել ձևաչափի մասին, դեռ բավական ժամանակ կա,  դինամիկ փոփոխվում է իրավիճակը և փոփոխվելու է: Ցանկանում եմ հիմա ազատ թողնել հնարավոր ձևաչափերի հարցը, չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսել, հիմա ճիշտ է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց վրա ուղղված է լինելու քո գործունեությունը և այն ապագա ընտրողների զանգվածը, որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո հենարանն ապագայում: Այս պահին սրանք են հիմնական խնդիրները կոնկրետ ինձ ու այն թիմի համար, որը ձևավորվում է»,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝ ինքն առաջին հերթին փորձում է հույսը դնել իր և իր շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա:

«Առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասել է Քոչարյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր դաշինքի անդամ քաղաքական ուժերին, Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել անուններ հնչեցնել:

Նա ընդգծել է, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հաջորդած 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ-ին, Հայաստանը շատ է փոխվել։ Հետևաբար ինքը քաղաքականություն վերադառնալով` հենարան է ընտրել այն հատվածին, որը կյանքի որակի իրական բարելավման է ձգտում։

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի` ինչ է անում, որը կարողանում է կառավարել, նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։ Պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառերով կարող են հանդես գալ, կարող են ասել` ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, և մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կայունություն ապահովել երկրում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծել պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև»,- ընդգծել  է ՀՀ երկրորդ նախագահը։