Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ. Factor.am

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է Factor TV-ի տեղեկությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնյաների ձերբակալության մասին։ «Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ»,- ասաց կառույցի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ մատնանշելով նախաքննության շահերը։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ձերբակալվել են Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանը, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանը, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը։ 4-րդ ձերբակալվածը, ամենայն հավանականությամբ, ենթադրյալ կաշառք տված քաղաքացին է։