Ռուսաստանը վտանգ է տեսնում, որ Փաշինյանը կարող է հետ վերցնել Քոչարյանի կողմից իրենց նվիրած տնտեսական լծակները. Վահան Բադասյան

Ռուսաստանը վտանգ է տեսնում, որ Փաշինյանը կարող է հետ վերցնել  Քոչարյանի կողմից իրենց նվիրած տնտեսական լծակները. Վահան Բադասյան
Ռուսաստանը վտանգ է տեսնում, որ Փաշինյանը կարող է հետ վերցնել Քոչարյանի կողմից իրենց նվիրած տնտեսական լծակները. Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարո՛ն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում կադրային վերափոխումները, ռազմական ու քաղաքական նշանակումները, մասնավորապես, Արշավիր Ղարամյանի նշանակումը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

– Դա Բակո Սահակյանի վերջին հնարավորությունն է. նրա իշխանության վերջին ամիսներն են, և նա վերջին հնարավորություններն է օգտագործում։ Բացի դրանից, մասնավորապես Լևոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում խոսում է այն մասին, որ իշխանությունը փորձում է վերարտադրվել։ Լևոն Մնացականյանը մասնակցում է նախընտրական բոլոր պրոցեսներին իշխանության այսպես կոչված հաղթանակն ապահովելու համար։

Արտակարգ իրավիճակների վարչությունն այդքան էլ ակտիվ դաշտում չէ իշխանության վերարտադրվելու համար, դրա համար նրան նշանակեցին ոստիկանապետի պաշտոնում, որպեսզի առավել կարողանա օգտագործել եղած լծակները։ Չնայած, կարող եմ ասել, որ արդեն դա անհնարին է, բանը բանից անցած է։ Արցախում և ընդհանրապես հայկական աշխարհում այլևս չեն կարող հին մեթոդներն օգտագործելով հաջողության հասնել։

– Արշավիր Ղարամյանի նշանակումը նո՞ւյն տրամաբանության մեջ է։

– Բակո Սահակյանը հասկացավ, որ պետք է Վիտալի Բալասանյանին փոխի, որպեսզի Հայաստանի իշխանությունների հետ լարվածությունը թուլանա։ Հետևաբար, նրան պետք է փոխարիներ մեկով, որը էլի իր թիմից լիներ։ 

– Ինչպե՞ս եք գնահատում, որ Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է «Հայաստան Արցախ ռազմավարական դաշինքի» ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի ու Դավիթ Շահնազարյանի հետ։ Դուք սրանում ի՞նչ մեսիջներ եք տեսնում՝ հաշվի առնելով, որ դեսպանն ակտիվ հանդիպումների մեջ է, հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանը, Արթուր Դավթյանի հետ։

– Նիկոլ Փաշինյանը եղած հնարավորությունների սահմաններում չկարողացավ հեղափոխության հաղթանակն ամրագրել, ամեն դեպքում նա նախկին իշխանություններից որևէ մեկի նման չէ, առավել հայանպաստ դիրքերից է ելնում, դրա համար էլ Ռուսաստանը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, որի օրոք Հայաստանը կարող է լինել իրենց վասալը։ Դեսպանը փորձում է որպես նոր իշխանության ընդդիմություն տեղ տալ նախկին իշխանություններին և նրանց սպասարկու ուժերին։ 

– Ձեր կարծիքով, իրական վտանգ կա՞ նրանց կողմից։

– Նրանց իրական վտանգն այն է, որ Հայաստանը կարող է ամեն ինչ անել իր ինքնիշխանությունն ամրապնդելու համար։ Որքան էլ դժգոհ լինենք ՀՀ նոր իշխանություններից, որ հեղափոխությունն աջուձախ չի ջարդում, ամեն դեպքում պետք է ասենք, որ այն վտանգները, որ կային նախկինում մեզ համար, որ Հայաստանը պետք է ընկղմվի գաղութատիրության մեջ և՛ ԵԱՏՄ-ի մասով, և՛ ԱՊՀ-ի մասով, և՛ մեզնից խլված տնտեսական լծակներով, այսօր վիճակն այլ է։ Ռուսաստանը չի վստահում Նիկոլ Փաշինյանին ու վտանգներ է տեսնում իր համար։ 

– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի կողմից Ռոբերտ Քոչարյանին աջակցելու փաստը, ինչո՞վ է դա պայմանավորված։ Մենք տեսանք, որ ՀՀ իշխանությունը քննադատեց ՌԴ դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ, որից հետո դեսպանն էլ ավելի ինտենսիվ սկսեց հանդիպումներ ունենալ։ Սրանով ի՞նչ մեսիջ է Ռուսաստանը հղում Հայաստանին։

– Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի շահերի սպասարկուն է։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը պատժվում է «Մարտի 1»-ի համար, բայց պարզ է, որ Ռուսաստանը փորձում է աջակցել իր գործընկերոջը, որն իրենց է նվիրել Հայաստանի իշխանությունը տնտեսական ոլորտում։

Նրանք վտանգ են տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է այդ տնտեսական լծակները հետ վերցնել։ Տնտեսական իշխանություն ասելով մենք հասկանում ենք ոչ միայն գազը և էլեկտրահաղորդման գծերը, այլև կապը և ներքին ռեսուրսները, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի ողջ ընդերքը, ջրային ռեսուրսները, հէկերը, բաշխիչ ցանցերը, ինչպես նաև բնական մյուս ռեսուրսները։

– Հայաստանի իշխանությունների արձագանքը որքանո՞վ էր համաչափ, և արդյոք նորից անհրաժեշտություն կա արձագանքելու ՌԴ դեսպանի քայլերին։

– Ես կարծում եմ՝ ՀՀ իշխանությունը չի արձագանքելու ՌԴ դեսպանի հանդիպումներին, և անիմաստ է արձագանքելը։

Մանե Հարությունյան

MediaLab.am