Մեր կողքին ապրող մարդիկ. Թովմաս-Առաքելը

Երբ նա ծնողներին ասաց, որ որոշել է ընդունվել ճեմարան ու հոգևորական դառնալ, մեծ ջանք գործադրելով, որ հանդուրժող թվան, ապշած նայեցին իրենց որդուն՝ «ի՞նչ պատահեց, ախր երեկ լավ էիր» դեմքի արտահայտությամբ: Լռությունը խախտեց տատը. 

– Թովմա՛ս, խնդրում եմ, դրսում ոչ մեկին չասես այդ մասին, կանցնի, դու պարզապես չպատմե՛ս հարևաններին, ընկերներիդ: 

Ընկերները լուրն ընդունեցին հետաքրքրությամբ, ու երբ Հառիճավանքում սովորելուց վեց ամիս անց Թոմն արձակուրդ եկավ, բոլորը կարծում էին, թե վերջ, նա արդեն ամեն ինչ գիտի, ու այնպիսի հարցեր էին տալիս, որոնց տակից երիտասարդը չէր կարողանում դուրս գալ: 

TikTok և Ինսթագրամ հարթակներում 25-ամյա «Թովմաս-Առաքել» օգտատերը պատմում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, Աստծո պատվիրանների, «կարելի»-ների և «չի կարելի»-ների, այն ամենի մասին, ինչն իրեն է հետաքրքրում և մարդկանց: 

Նրան Ինսթագրամում հետևում է ավելի քան 26 000 մարդ: Թովմասը Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատուն է: Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսանած և այժմ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի արվեստի կառավարում բաժնի ուսանող, ուրարակիր [եկեղեցական պաշտոնյա՝ դպիրից բարձր է, սարկավագից՝ ցածր, որին իրավունք է տրվում ուրար կրել եկեղեցում սպասավորելիս] երիտասարդին հանդիպեցի Երևանի զբոսայգիներից մեկում: 

Կաթնագույն, ժամանակակից տրենչի տակ հոգևորականի սև հագուստ է, գեղեցիկ շարֆ և ուսապարկ: Սպիտակամաշկ, չսափրած դեմքով, բարի աչքերով ու մեղմ ժպիտը դեմքին, որ գեթ մի վայրկյան չխամրեց, անգամ այն դեպքում, երբ ես չափազանց աշխարհիկ տեսակետներ էի հայտնում, որոնց հետ գուցե այնքան էլ համաձայն չէր: Թովմասին հետևողները հաճախ են նրան տեսնում սև հագուստով, որի տակից երևում է կապյուշոնը: 

Առաջին անգամ նրան համացանցային տիրույթում հանդիպելիս անհնար է կանգ չառնել ու որևէ reels [կարճ տեսանյութ] չնայել: Հետո կարծրատիպերն են գալիս՝ չափազանց հանդուգն չէ՞: 

@tovmas_ Շատ ուշադիր լսել-սովորելու 🙂 Երբևէ եղել ե՞ք աղանդներում ))) #աղանդ #լեզու #խոսել #սատանա #ծառա #վատ #մեղք #ոչ #առաքելական #եկեղեցի #փրկություն #իմանալ #քրիստոնյա #աստվածաշունչ #սուրբգիրք #ռեկ #rec #տիկտոկ ♬ original sound – Tovmas Arakelyan

Սկսում ես վերլուծել և հասկանում ես, որ մենք անվերջ եկեղեցուց պահանջում ենք հասարակությանը մոտ լինել, բայց երբ եկեղեցին իր սպասավորի գլխավորությամբ հայտնվում է այն տարածքում, որը թվում է թե միավորում է բոլորիս, համարում ենք հանդգնություն, ոչ վայել մի բան: 

Թոմին ասում եմ՝ լավ, ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ, որ տնեցիներդ զարմացան հոգևորական դառնալու մտադրությանդ մասին լսելուց հետո, բայց չեմ պատկերացնում այն պահը, երբ դու հոգևորականի հագուստով մտնում ես թատերական ինստիտուտ՝ իսկական կինո: 

– Հա, սկզբում տարօրինակ է, հետո՝ հետաքրքիր, բայց քանի որ ես մի կուրսեցի ունեմ, նա արդեն սովորել է իմ ներկայությանը: Գործը բարդանում է, երբ սկսում ենք զրուցել այն մասին, թե ինչպես է եկեղեցին վերաբերվում թատրոնին, ու հասկանում եմ, որ լիքը կարծիքներ, որ ունեն աշխարհիկ մարդիկ, ոչ այլ ինչ են, եթե ոչ կարծրատիպ, որ Աստված գիտի թե ինչպես են առաջացել: 

Թովմասը չորս տարուց ավելի ապրել է Արցախում: 14 տարեկանում, երբ դասընկերներով գնացել են Դադիվանք, առաջին անգամ աղոթել է, հետո՝ հետաքրքրվել Առաքելական Եկեղեցու պատմությամբ, Գևորգյան ճեմարանով ու որոշել ծառայել այդ ամենին: Նա գտնում է, որ Հայաստանյայց Եկեղեցին մեր անկախ պետության ամենակայացած կառույցն է: 

– Ինքն ունի հիմք, հաստատուն կանգնած է, չի դողում, դիմակայուն է զանազան հարձակումների նկատմամբ: Եկեղեցին չի սողում, չի էլ վազում, հստակ քայլում է իր ուղենշած ճանապարհով: Անգամ փորձությունների միջով անցնելով՝ մնացել է զուսպ ու հասել 21-րդ դար: 

Եկեղեցին ու արվեստը ոչ միայն չեն հակասում միմյանց, այլև ընդհակառակը՝ շատ փոխկապակցված են, բայց ես առաջին անգամ էի հանդիպում երիտասարդի, որը հոգևորական է և զուգահեռ սովորում է Թատերական ինստիտուտում՝ հավակնելով դառնալ, օրինակ՝ պրոդյուսեր: Թովմասը իմ զարմանքի մեջ ոչ մի զարմանալի բան չի տեսնում, որովհետև գտնում է, որ այդ հասարակությունն է հաճախ իր ունեցած կարծրատիպերով որոշակի պատկերացումներ ունենում հոգևորականի ընտրության, նրա ապրելակերպի մասին: 

Այն, որ երբեմն եկեղեցուց պահանջում ենք անմիջականություն, բայց ստանալուն պես կասկածամիտ ենք դառնում ու թերահավատ, երիտասարդ հոգևորականն էլ է նկատել, սակայն ուսումնասիրելով մեր եկեղեցու պատմության բազում դրվագներ, հասկացել է, որ այս կառույցը հաճախ է հայտնվել թիրախում ու ենթարկվել պարսավանքի, չնայած ամեն բան արել է ժամանակին զուգընթաց քայլելու համար: 

– Եկեղեցին, Տիկ-տոկից սկսած մինչև բոլոր վանքերի խորաններ, ժողովրդին հասցնում է Աստծո խոսքը: Հասարակությունը, սակայն, երբեմն պատրաստ չէ ընկալել ու մարսել եկեղեցու առաջադիմությունը, թե չէ եկեղեցին բոլոր դարերում էլ առաջադեմ է եղել: 

Ես հանկարծ հիշում եմ, որ երբ փոքր էի, ու առաջին անգամ մեր տուն տնօրհնեքի համար պետք է քահանա գար, մենք երեխաներով վախեցած դեմքով նստած սպասում էինք այդ սևազգեստ, մեզ անհաղորդ թվացող մարդուն: Իսկ նա եկավ ու ասաց. 

– Կուզե՞ք ձեզ համար եղևնի նկարեմ…

Եկեղեցին ու հասարակությունը տարբեր բևեռներում չեն գտնվում, պարզապես արհեստական անջրպետ կա, որ գոյացել է խորհրդային տարիներին: Մեզ ու մեր եկեղեցուն մի ամբողջ 70 տարի բաժանել են. մեղավորներ չկան, կամ մեղավոր ենք բոլորս, բոլորս ենք պատասխանատու, որ մեր կապը ամուր լինի: 

Թովմասի համար լավագույն ուսումնական հաստատությունը դարձավ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որովհետև այդ ընթացքում ժամկետային զինծառայող էր: Պատերազմում քրիստոնեության ճշմարտության հետ կապված բազմաթիվ բացահայտումներ է արել, որովհետև զինծայառող լինելով՝ մի կողմ չէր դրել հոգևորական լինելը: Մեծագույն հաճույք էր իր համար զինվորներին պատմել Քրիստոսի մասին, օրվա ստանձնած ծառայությունը չէր, որ նրան թելադրում էր Աստծո մասին խոսել, այլ այն, որ Աստծո մասին պատմելը իր բնական վիճակն է: 

– Ես Աստվածաշունչը սկսեցի վերարժևորել զրոյից: Թվում է, թե ճեմարանում այդքան սովորելով, մեկնություններ կարդալով՝ պիտի ահագին բան իմանայի, բայց պատերազմում այլ է, այստեղ իրոք մոտ ես Աստծուն՝ ընկնող ինքնաթիռի մեջ աթեիստներ չկան: Զինվորներն ասում էին՝ Թո՛մ, էն աղոթքը, որ ասում էիր, կհիշեցնե՞ս, ուզում էին լսել, անվերջ հարցեր էին տալիս: 

Թոմին ասում եմ՝ հիմա ի՞նչ, որոշել ես քահանա-պրոդյուսե՞ր դառնալ: Նա էլ իր չափազանց բարի, այնքան, որ անհնար է չնկատել, ժպիտով նայում է ու ասում, որ պատերազմն իրեն սովորեցրել է մի քիչ կարճ ժամանակի համար ծրագրեր կազմել: Մինչև Թոմը կդառնա պրոդյուսեր, իր տիկ-տոկները նկարելիս ունի իր այսպես ասած պրոդյուսերը՝ Տավուշի թեմի մեդիա պատասխանատուն: Նա է Թոմին ասում՝ այստեղ կոպիտ խոսեցիր, նորից ենք նկարում, այստեղ մի քիչ մե՛ղմ եղիր, ձայնդ բարձր, իջեցրո՛ւ և այլն: 

– Մի օր նկարեցինք ու տեսանք, որ շատ արագ տարածվեց: Մարդկանց մոտ հոգևոր սննդի կարիք կա, այնքան, որ հաճախ «հոգևոր ֆասթ ֆուդ» են ուտում, միայն թե կարողանան լրացնել այդ բացը: 

Լավ մեկնաբանություններին զուգահեռ սկսվեց ատելության խոսքի ահռելի հոսք երիտասարդ հոգևորականի նկատմամբ: Սկզբում նա այդ ամենին հումորով էր վերաբերվում, քանի որ մեկնաբանությունների քանակը, անկախ դրական կամ  բացասական լինելուց, դիտումներ էին ավելացնում: Հետո, սակայն, տարբեր կրոնական շարժումների ներկայացուցիչներ սկսեցին բացահայտ սպառնալ Թովմասին, հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է.  

@tovmas_ Սիրում եմ բոլորիդ 💚 #քրիստոնյա #սեր #եկեղեցի #համայնք #աստվածաշունչ #քրիստոնեություն #astvacashunch #rec #tiktok #ռեկ #բլոգ #սիրել #love #սիրեքմիմյանց #ներել #բարի #հավատք #rek ♬ original sound – Tovmas Arakelyan

– Գրում էին՝ ա՛յ եթե դու չհեռացնես մեր մասին (հոգևորականը կրոնական շարժման ներկայացուցիչներին բնորոշելիս օգտագործում է «աղանդ» բառը) տեսանյութերդ, մենք ունենք տարբեր նամակագրություններ, որոնք դու անձնական էջով վարել ես, ու մենք դա կհրապարակենք: Ես անգամ ասացի՝ ինչո՞ւ եք նեղություն քաշում, հեռախոսս մի քանի օրով կտամ ձեզ, ամբողջը նայեք ու հրապարակեք: 

Թովմասն ասում է, որ գրում էին հայհոյախառն արտահայտություններ, հաճախ՝ ոչ գրագետ հայերենով, լատինատառ: Բանը նույնիսկ հասավ նրան, որ Հայաստանում գործող տարբեր կրոնական շարժումների ղեկավարներ համացանցում բավական երկար տևողությամբ տեսանյութեր սկսեցին հրապարակել՝ նվիրված Թովմասին: 

– Երբեք ուշադրություն չեմ դարձրել, չեմ արձագանքել: Երբ տեսնում եմ, որ իրական կյանքում իմ նկատմամբ մարդկանց կողմից ատելություն գոյություն չունի, այլ շատերի մեջ համակրանք կա, զրուցելու, լսելու պահանջ, հասկանում եմ, որ նման բաների ուշադրություն դարձնել պետք չէ: 

Թոմի հետ երկար զրուցեցինք՝ համաձայնվեցինք, բանավիճեցինք, տեղ-տեղ իրար չհասկացանք: Կրոնը չափազանց անձնական թեմա է, և մեզնից ամեն մեկն ունի իր վերաբերմունքը դրա նկատմամբ, որը երբեմն հիմնավոր է, երբեմն՝ ոչ այնքան: 

Մի բան միայն ակնհայտ էր ինձ համար՝ այս երիտասարդ տղան Աստծո մասին խոսելիս միշտ ժպտում է՝ աչքերը լայն բացած, լուսավորված, այնպիսի ջերմեռանդությամբ է պատմում, որ անգամ եթե իր հետ համաձայն չես, միևնույն է, ուզում ես լսել: 

Մենք կարող ենք շատ անհամաձայնություններ ունենալ, բայց մի բանում վստահ եմ՝ եկեղեցին պետք է իսկապես ժամանակին համընթաց քայլի, խոսի մեզ հետ հնարավոր բոլոր միջոցներով, այլապես տարիներ անց մենք կրկին ստիպված կլինենք փաստել, որ հասարակության ու եկեղեցու միջև մի մեծ անջրպետ կա, ու այդ դեպքում, այն իսկապես դժվար կլինի լցնել:

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am