«Հիմա ես չգիտեմ՝ ապրում եմ, թե չեմ ապրում, ապրածս կյանք չէ, առանց արժեքի մի բան». Մարիետա Ավանեսյանը՝ Արցախից՝ միայնություն

Աբովյանի գերեզմանատանը` հողաթմբերի ու սառը քարերի արանքում, Մարիետան է կանգնած, դիմացը՝ վաճառքի ծաղիկներն են։ 60-ամյա Ավանեսյանը գերեզմանի մոտ օրավարձով աշխատում է, նա նաև ապրում է մոտակայքում՝ մի քանի ոտնաչափ սենյակում: Գերեզմանատունը դարձել էր Մարիետայի տունը, քանի որ հենց այստեղ են ամփոփված իր ամենաթանկ մարդիկ՝ որդիներն ու թոռը։ 

«Չէի պատկերացնում, որ ցավն ու դաժանությունը կարա էսքան շատ լինի մի մարդու կյանքում»,- կիսաձայն հուզվում է Մարիետան։ 

Արցախյան պատերազմները ու Հայկազովի բենզինի պահեստի պայթյունը խլեցին նրա երկու որդիների ու թոռան կյանքը։

Մարիետա Ավանեսյանը Արցախի Հադրութի շրջանի Հակակու գյուղից է: 

«Երկար տարիներ հարգված ուսուցչուհի էի, հետո էլ ակումբի վարիչ եմ եղել, մեր կյանքը լրիվ ուրիշ էր, ուրիշ»,-պատմում է նա: 

Ասում է՝ կյանքը թեպետ երբեք էլ հեշտ չի եղել, բայց գոնե ապրելու իմաստ ուներ: Այսօր Մարիետայի կյանքը սահմանափակվում է Աբովյան քաղաքում գտնվող 10-12 քմ մակերեսով փոքրիկ սենյակում, որտեղ ապրոմ է միայնակ։ Միայնությունը կոտրելու ձևը գտել է՝ սենյակի պատերը շնչում են հիշողություններով։ Գլխավերևում փակցված նկարները իր մշտական զրուցակիցներն են։ Հիմա ապրում է մի աշխարհում, որտեղ իրականության ու հիշողության միջև սահմանը վաղուց ջնջվել է։

«Սա է հիմա իմ կյանքը»,-հայացքով նկարներն է ցույց տալիս նա:

Հիշում է՝ որդիների տանջող կարոտը, մենակությունն ու անզորությունը երբեմն իրեն հասցնում էին նրան, որ գիշերեր հենց շիրիմների մոտ։ Գերեզմանատանը միայնակ կնոջը նկատելով և կյանքի պատմությանը ծանոթանալով՝ առաջարկել են ծաղկավաճառի աշխատանք, չի մերժել։

Հիմա Մարիետան գերեզմանատան մոտ օրվա մեջ մի քանի ժամ ծաղիկ է վաճառում, որը և՛ ապրուստի միջոց է, և՛ ամեն օր որդիներին մոտ լինելու հնարավորություն։ 

«Միշտ ասում եմ, որ երեք որդի եմ կորցրել. Գոռն ինձ համար տղայիս պես էր»,- պատմում է Մարիետան ու ցույց տալիս վզից կախված կախազարդը։ Քանի որ երեքին միասին պատկերել չէր հաջողվել, նկարները դաջել էին կախազարդի երկու կողմերում։

Մարիետայի ընտանիքը ծանր փորձությունների միջով է անցել դեռ մինչև պատերազմը։ 2015-ին հանկարծամահ է եղել ամուսինը։ Ասում է՝ ամուսնու մահն արդեն իսկ ազդել էր նրա հոգեկան աշխարհի վրա։ Մեղքի զգացումը, որ չէր կարողացել փրկել ամուսնուն, հանգիստ չէր տալիս։ 

«Ինձ վրա շատ ծանր ազդեց, մեղքի զգացում ունեի, որ չկարողացանք փրկել, ու չհասկացա, թե ինձ հետ ինչ կատարվեց, անտարբեր դարձա, չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Երեխեքս էին շորերս փոխում, սանրում, էլ չկարողացա աշխատել»,- պատմում է Մարիետան։ Բայց ամենադաժան օրերը դեռ առջևում էին։ 2016-ին՝ ամուսնու մահից 6 ամիս անց, դիրքում դիպուկահարի գնդակից նաև որդին՝ Գարիկն է զոհվում։ 

Որդու մահվան լուրը հայտնել ոչ մեկը չի համարձակվել, մինչ այն պահը, երբ մարմինն արդեն տուն են բերել։

«Մեկ էլ արթնացել եմ՝ տղուս մարմինը տանը դրած։ Մազերս գլխիցս պոկում էի, գոռում էի։ Գարիկս ոնց որ քնած լիներ։ Անլեզու մնացի, չէի ուզում ապրեի»,- հիշում է նա։

Գարիկը կապիտանի կոչում պետք է ստանար, ծրագրեր էր կազմել՝ տունը պետք է նորոգեր, ընկերուհուն մոր հետ ծանոթացներ։ Այս ողբերգությունը ծանր հարված էր Մարիետայի համար, նա հայտնվեց հոգեբուժարանում: Ասում է՝ կարողացավ ուժ գտնել ու վերականգնվել հանուն մյուս որդու՝ Մանվելի, որը 7 տարեկանից հաշմանդամություն էր ձեռք բերել տուբերկուլոզի պատճառով, սայլակով էր տեղաշարժվում ու մոր խնամքի կարիքն ուներ։

Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ։ Մարիետայի թոռը՝ Գոռը, 2023-ին զորակոչվել էր բանակ. ընդամենը երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց։ սեպտեմբերի 19-ի պատերազմը։ 10 օր նրանից լուր չեն ունեցել։ Գոռն ու զինակիցները անտառներում մոլորվել են, ադրբեջանցիների հանդիպել, որոնք, սպառնալով, որ Արցախն այլևս իրենցն է, հրահանգել են անհապաղ լքել տները։ Տուն հասնելուն պես Գոռը ստիպել է հարազատներին արագ հեռանալ։

«Թեև չէր խոստովանում, բայց վախը նկատելի էր։ Շտապեցնում էր մեզ՝ ասելով, որ Արցախը հանձնված է, և բոլորը հեռանում են։ Վառելիք չունեինք, և երբ լուր տարածվեց, թե Հայկազովում բենզին կա, երկու մեքենայով գնացինք այնտեղ։ Պահեստին մոտենալիս Մանվելն ու Գոռը թույլ չտվեցին, որ մեքենայից դուրս գանք. «Ամոթ է, դուք սպասեք, մենք կգնանք,- ասացին։ – Մի քանի րոպե անց ուժեղ պայթյունի ձայն լսվեց, կրակ տեսանք ու փախչող այրված մարդիկ։ Ամեն ինչ անցավ, բայց այդ ձայնն իմ ականջներից այդպես էլ չանցավ»,- պատմում է ու հուզվում Մարիետան։

Պայթյունին հաջորդած քաոսի մեջ այրվածքներ ստացած հարազատներին գտնելն անհնար էր։ Հիվանդանոցները լի էին ցավից գոռացող մարդկանցով։ Գոռը կարողացել էր զանգով իր մասին տեղեկացնել։ Մանկական հիվանդանոցում էր, իսկ Մանվելը չկար ու չկար, ոչ մի ցուցակում նրա անունը չէին գտնում, մինչև որ նրա հեռախոսից մի ռուս զինվորական էր զանգել ու հայտնել, որ Մանվելը Խոջալուի հիվանդանոցում է։ 

«Ո՛չ որդուս էի տեսել, ո՛չ թոռանս։ Հարազատներս թույլ չէին տալիս տնից դուրս գալ, բայց գիշերը, երբ բոլորը քնած էին, փախա՝ Մանվելիս գտնելու հույսով։ Հասա ռուսական կետին, գետնին չոքած աղաչում էի, որ թույլ տան անցնել, բայց չթողեցին։ Այդպես, դրսում՝ սառը քարերին նստած էլ լուսացրի։ Միայն հաջորդ օրը հայտնեցին, որ նրանց ուղղաթիռով արդեն Հայաստան են տեղափոխել»,- հիշում է Մարիետան։

Գոռն ու Մանվելը հոսպիտալացվել են Այրվածքաբանության կենտրոնում։ Գոռը 50 օր պայքարեց կյանքի համար, սակայն թիկունքի ծանր այրվածքներն ու արյան սեպսիսը ճակատագրական եղան։ Շուտով կյանքից հեռացավ նաև Մանվելը՝ թոքերի վնասվածքների պատճառով։

Ճակատագրի հերթական հարվածներին Մարիետայի սիրտն այլևս չդիմացավ։ Հաջորդեցին հիվանդանոցային երկարատև օրերն ու հոգեբուժական վերականգնումը։ Թեև նա դուրս է գրվել, սակայն առանց հոգեմետ դեղերի չի կարողանում ապրել։

«Հիմա ես չգիտեմ՝ ապրում եմ, թե չեմ ապրում։ Իմ ապրածը կյանք չի, առանց արժեքի մի բան, որ օրվա հետ մթնում ու գնում է»,- ասում է տիկին Մարիետան ու երկար լռում։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am