Ատելության ցանկացած խոսք անթույլատրելի է` Օմբուդսմենի աշխատակազմ. «Ազատություն»

Ատելության ցանկացած խոսք անթույլատրելի է`  Օմբուդսմենի աշխատակազմ. «Ազատություն»
Ատելության ցանկացած խոսք անթույլատրելի է` Օմբուդսմենի աշխատակազմ. «Ազատություն»
Հեղինակ MediaLab

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը անդրադարձել է Խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին և դրան հաջորդած հասարակական քննարկումներին:

«Ատելության ցանկացած խոսք, սպառնալիք կամ բռնության կոչ անթույլատրելի է: Այս երևույթը հատկապես նկատելի է սոցիալական մեդիայում: Ատելությունը, սպառնալիքը կամ բռնության կոչը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով: Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից: Ըստ այդմ, պետության իրավասու մարմինները կրում են հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ յուրաքանչյուրի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ապահովման պարտականություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոհրդարանում ապրիլի 5-ին տեղի ունեցած քննարկմանը հաջորդած իրադարձություններից անմիջապես հետո կապի մեջ է եղել Ոստիկանության հետ: Ոստիկանությունը ձեռնարկել է պահանջվող անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ նախաձեռնել է նյութերի նախապատրաստման վարույթ՝ սպառնալիքների ու բռնության կոչերի առնչությամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել քաղաքացու անձնական անվտանգության ապահովման ուղղությամբ:

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունն ունի կարևորագույն նշանակություն: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ ձևավորված է արդյունավետ համագործակցություն, որն ուղղված է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը: Հանձնաժողովի հետ համատեղ արդեն իսկ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող կարևորագույն հարցեր (քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում վիճակը և այլն): Այդ հանձնաժողովի գործունեությունը երկրի համար ունի կարևոր նշանակություն, քանի որ դրա ստեղծմամբ պետությունն առավել ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության իր հանձնառությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր արդյունավետ աշխատանքն ինչպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, այնպես էլ խորհրդարանի մյուս հանձնաժողովների հետ:

Խորհրդարանից բացի, շարունակական է լինելու Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը նաև ՀՀ կառավարության հետ:

Պաշտպանը լիարժեք աջակցություն է ցուցաբերելու կառավարության այն ջանքերին և իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են երկրի իրավապաշտպան համակարգի բարելավմանը»: