Հովհաննես Մովսիսյանը կշարունակի ղեկավարել Հանրային հեռուստաընկերությունը ևս երկու տարի

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել է ևս երկու տարով։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ ամփոփելով պաշտոնավարման հինգ տարիների արդյունքներն ու ձեռքբերումները։

Մովսիսյանի խոսքով՝ վերջին տարիներին Հանրային հեռուստաընկերությունը զգալի զարգացում է ունեցել․ ստեղծվել են նոր ալիքներ, ավելացել են հաղորդումների քանակը և վարկանիշը, գործարկվել է 1TV Armenia հավելվածը, անցկացվել է պատմության մեջ ամենամասշտաբային «Մանկական Եվրատեսիլը»։ Բացի այդ՝ հիմնադրվել է Մեդիա ակադեմիան, որի շրջանավարտներից շատերը հիմա աշխատում են Հանրայինում, իսկ տեխնիկական բազան արդիականացվել է շուրջ 2 միլիարդ դրամի նոր սարքավորումներով։ Ներկայում շարունակվում է նաև Հանրայինի նոր մասնաշենքի կառուցումը, որը կշահագործվի հաջորդ տարի՝ հեռուստաընկերության 70-ամյակի կապակցությամբ։

«Հաշվի առնելով ընթացիկ և ապագա ծրագրերը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի երեկվա որոշմամբ տնօրենի աշխատանքային պայմանագիրս երկարաձգվել է ևս երկու տարով։ Աշխատանքը շարունակվում է»,- գրել է Մովսիսյանը։