Սերժ Սարգսյան. Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը

Այսօր, Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում, Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելը:
«Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար»,-ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրության, ասել է Սերժ Սարգսյանը:

Նա շեշտել է, որ Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլև շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը:

«Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է»,-ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմք:

Հիշեցնենք, որ երեկ` Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ԵԱՀԿ  գագաթնաժողովի շրջանակներում չի կայացել: Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվել է հանդիպումից, իսկ իր ելույթում հայտարարել է, թե Հայաստանը փորձում է «իմաստազրկել խաղաղ բանակցային գործընթացը »:

© Medialab.am