«Ես դողում եմ, որ հանկարծ հեղափոխություն չլինի, կուտ չուտենք, և արաբական գարունները չհասնեն Հայաստան». Լեւոն Ջավախյան

«Ես դողում եմ, որ հանկարծ հեղափոխություն չլինի, կուտ չուտենք, և արաբական գարունները չհասնեն Հայաստան». Լեւոն Ջավախյան
«Ես դողում եմ, որ հանկարծ հեղափոխություն չլինի, կուտ չուտենք, և արաբական գարունները չհասնեն Հայաստան». Լեւոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանն այս օրերին Ազատության հրապարակ պայքարի դուրս եկած ժողովրդին զգոնության կոչ է անում, որպեսզի, նրա խոսքով, «արաբական գարուններն ու մարտի մեկերը չներթափանցեն Հայաստան»:
«Մեդիալաբի» հետ զրույցում Լևոն Ջավախյանը նշեց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքը անակնկալ էր ինչպես իշխանության, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների համար:

«Լավ կլինի խաղաղ ձևով այս ամենը վերջանա, Մարտի 1-ի հանգուցալուծում չունենա»,- ասում է նա:

Նա նշում է, որ երբեմն ժողովուրդը նաև «արյուն է ուզում», բայց և իշխանությունը, և ընդդիմությունը պետք է ամեն ինչ անեն, որ դա չլինի:

«Ես կողմ եմ, որ խաղաղ ձևով, հանդուրժողականության մթնոլորտում էս հարցը լուծվի»,-ասում է նա:

Արձակագիրը միաժամանակ նշում է, որ դժվար է ժողովրդի ձայնը չլսել, եթե հատկապես ժողովուրդը դուրս է եկել հրապարակ:

«Ամեն դեպքում ես դողում եմ, որ հանկարծ հեղափոխություն չլինի, կուտ չուտենք, և արաբական գարունները չհասնեն Հայաստան: Գարնան շեմին ենք հիմա, դա հղի է մեծ վտանգով»,- նշեց նա:

Լևոն Ջավախյանն ասում է, որ թերահավատորեն է վերաբերվում և Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի օգտին քվերակածների պաշտոնական թվերին:

«Նա ասում է`Րաֆֆին, որ 80 տոկոս ձայն է հավաքել: Ես, մեղմ ասած, չեմ հավատում: Այսինքն` սուտ է ասում: Հիմա Սերժ Սարգսյանն էլ ասում է` 58 տոկոս, էլի երևի սուտ է ասում: Հիմա ի՞նչ տարբերություն, որ հանկարծ մի սուտասան փոխարինի մյուս սուտասանին»,- հարցադրում է անում Լևոն Ջավախյանը:

Անդրադառնալով նախորդ հինգ տարիներին երկրում ստեղծված իրավիճակին ու արտագաղթի տեմպերի ավելացմանը` արձակագիրն ասում է, որ այս ընտրությունները Սերժ Սարգսյանի համար մեծ մեսիջ էին:

«Ինքը չի՞ տեսնում, որ սա Րաֆֆու ձայները չէր, իրենից դժգոհողների ձայներն էր: Ընդհանուր առմամբ ժողովուրդը ստեղծված իրավիճակից է դժգոհ: Ինքը հետևություններ պիտի անի, թե չէ շամպանսկու պրոպկի նման կթռչի, եթե ոչ էսօր, ապա վաղը»,- ընդգծեց Ջավախյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am