Պատմե՞լ երեխային պատերազմի մասին, թե՞ ոչ. հոգեբանը՝ իրավիճակի մասին

Պատերազմական վիճակը ճգնաժամային է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Հոգեբանի խոսքով՝ երեխաների համար ճգնաժամը առավել սրվում է, երբ մեծահասակները այս խառը վիճակում մոռանում են նրանց, երբ փոխվում է երեխաների առօրյան։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկրում իրավիճակը կրկին լարվեց սեպտեմբերի 12-ին, երբ արդեն հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսեց՝ թողնելով հարյուրավոր վիրավորներ, զոհեր և գերիներ: Քննարկումների կիզակետում կրկին պատերազմն է, կրկին հնարավոր բախումները, մտավախություններն ու անվտանգային հարցերը:

Հոգեբան Անի Սարգսյանը լարված և հուզական այս իրավիճակում կարևոր է համարում երեխայի առօրյա կյանքը ապահովելը: Նա նշում է՝ երբ երեխայի ամենօրյա կյանքը փոփոխության է ենթարկվում, օրինակ՝ չի գնում պարապմունքների, զբոսանքի, ծնողների հետ շփումը բացակայում է, հասկանում է՝ ուրեմն ինչ-որ բան այն չէ:

«Երեխան մտածում է՝ ուրեմն ամեն ինչ այնքան լավ չի, ու փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, սկսում է աշխատեցնել իր երևակայությունը, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է մանկական հոգեբանը։

Հոգեբանի խոսքով՝ մյուս հանգամանքը, որ կարող է սրել ճգնաժամը երեխաների մոտ, այն է, որ ծնողները մերժում են խոսել թեմայի մասին՝ մտածելով, թե այդպես պաշտպանում են երեխային։ 

«Իրականում այդ ամենն ունենում է լրիվ հակառակ պատկերը,- նշում է հոգեբանը և ավելացնում,- 3 տարեկանից հետո երեխաները սկսում են որոշակի հարցեր տալ, և պատասխանը, թե «դու գնա խաղա, դու փոքր ես, դա քեզ չի վերաբերում, կամ մեծերի խոսակցություններին չխառնվես» և այլն, ի՞նչ է լինում երեխայի հետ, սկսում է կրկին աշխատեցնել իր երևակայությունը»։

Անի Սարգսյանը նշում է՝ երբ երեխայի երևակայությունը աշխատում է, ամենահասարակ վախը, որ երեխան կարող է ունենալ այս ընթացքում, որը շատ բնորոշ է՝ «իսկ եթե գան ինձ էլ սպանեն, մանկապարտեզից ինձ էլ տանեն»։ 

Երեխայի համար ավելի վատ հետևանքներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս խոսել երեխաների հետ, բացատրել իրավիճակը՝ հաշվի առնելով տարիքը։

«Եթե երեխային չի բացատրվում, բայց երեխան այդ ամեն ինչի մեջ է, ուզի-չուզի, լսելով «սպանել», «պատերազմ», «կռիվ», «տունը փլվեց» բառերը, նա այդ ամեն ինչը պրոյեկտում է, որ այդ ամենը կարող է ազդել իր վրա։ Դրա համար խուսափել այդ ամեն ինչից, խուսափելու հետ մեկտեղ բղավել երեխայի վրա, ճնշել երեխայի հույզերը, կարծիք արտահայտելը և խոսելը, տարբեր երեխաների մոտ կարող են շատ վատ հետևանքներ ունենալ՝ հստակ վախեր, տագնապներ, նույնիսկ այնպիսիք, որ մասնագետի միջամտության կարիք լինի»։

Սարգսյանը նշում է, որ անկախ թեմայից, ծնողը երեխայի հետ պետք է առավելագույնս անկեղծ լինի և հստակ պատասխանի երեխայի հարցերին։

«Երեխան գալիս է հարցերով, շատ հանգիստ պետք է պատասխանել երեխային։ Օրինակ՝ կարող է հարցնել՝ ի՞նչ է պատերազմը, մենք հստակ պետք է պատասխանենք, որ, օրինակ՝ կյանքում էլ սովորական մարդիկ երբեմն իրար չեն հասկանում, գիտես, չէ՞, որ վիճում են, բանավիճում են, պետություններն էլ, երբ իրար չեն հասկանում, ցավոք սրտի, մեկը հարձակվում է մյուսի վրա, ու մյուս պետությունը ստիպված պետք է պաշտպանվի։

Պատերազմը լավ բան չի, պարտադիր բան չի, բայց երբեմն, ցավոք սրտի, ստիպված այդ ամենը տեղի է ունենում, երբ երկու պետություն իրար չեն հասկանում։ 

Կարող են հարցեր տալ՝ իսկ եթե ինձ տանեն, իսկ եթե մեր տունն էլ պայթի, ուղղակի շատ հանգիստ պետք է ասել՝ որ այդ ամենը մեր տնից շատ հեռու է կատարվում, դա քեզ չի սպառնում, մայրիկը, հայրիկը կամ այլ բարեկամներ, մենք ոչ մեկս թույլ չենք տա, որ քեզ հետ ինչ-որ բան պատահի։ 

Եթե մենք այդ ամեն ինչը լղոզենք՝ վա՛յ, դե ինչ հարցեր ես տալիս, պատերազմ է, էլի, և այլն, միևնույն է, հատկապես երբ երեխան կարողանում է օգտվել գաջեթներից, գրել, կարդալ, ինքն իր աղբյուրները փնտրելու է, ու մենք գիտենք, թե մեդիա դաշտը ինչքան դաժան լուսանկարներով, նյութերով է լցված, ու երեխան իր հարցի պատասխանը այդպես է ստանալու»։

Հոգեբանի խոսքով՝ ծնողներն իրենք ևս պետք է նախաձեռնող լինեն, իրենք երեխաներին նաև հարցեր տան, զրուցեն, որ երեխայի մոտ որևէ մութ հարց չմնա։

«Ծնողները կարող են հարցնել՝ իսկ կա՞ էլի ինչ-որ բան, որ կուզես քննարկենք, իսկ կա՞ ինչ-որ բան, որ քեզ հետաքրքիր է, դու իմացիր, երբ, որ պահին քեզ որևէ հարց հետաքրքրի, դու կարող ես ինձ տալ, ես միանշանակ ու միշտ կփորձեմ պատասխանել քո հարցին։ Երեխայի մեջ պետք է վստահություն լինի, որ իր հարցին պատասխանող կա, ու ինչ հարց էլ ծնողին տա, նա կփորձի հասկանալ և երեխային պատասխանել»։

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին չփորձել երեխաներին զուր հույսեր տալ, հույսերը չարդարանալու պարագայում երեխան իրեն խաբված կզգա, որը կարող է ավելի վատ հետևանքներ թողնել երեխայի վրա.

«Օրինակ՝ եթե երեխայի հայրը զինվորական ա, ենթադրենք՝ մարտի դաշտում է, երբեք չասել՝ այ վաղը պապան գալու է, անպայման գալու է, փոխարենն ասել՝ պապան ամեն ինչ անում է, որ գա, ինքը ամեն բան կանի, որ վերադառնա մեզ մոտ, մենք սպասում ենք, լուր կունենանք, գնացել է մեր հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու։ Հստակ ասենք այնպես, ինչպես այդ ամենը տեղի է ունենում։

Եթե մենք երեխային տանք վստահություն, ու այդ վստահությունը չարդարանա, երեխան իրեն խաբված կզգա, որ իր հետ անկեղծ չեն։ Ծնողը գիտեր, բայց իրեն չէր ասում, ու դա էլ կբերի հոգեբանական տարբեր խնդիրների»։

Մասնագետը նաև խորհուրդ է տալիս այս օրերին չմոռանալ պահպանել մարմնի կոնտակտը, երեխային շատ գրկել, համբուրել, երեխային տալ վստահություն, որ ինքը պաշտպանված է։

Ինչպես նաև երեխայի քնից 2-3 ժամ առաջ ոչ մի նման թեմա չքննարկել, որպեսզի երեխան ունենա հանգիստ, խաղաղ քուն, ու ամեն պարագայում թույլ տալ, որ երեխան իր հույզերն արտահայտի, դա կարող է լինել նկարելու միջոցով կամ որևէ այլ գործունեությամբ։

Հոգեբանի խոսքով՝ այս օրերին տագնապներն ու վախերը հիմնականում առավել սուր կարող են արտահայտվել այն երեխաների մոտ, որոնք եղել են դեպքի վայրում կամ ականատես են եղել, լսել են պայթյունները, և երբ բացատրությունները չեն օգնում, և երեխաների մոտ լինում են գիշերային մղձավանջներ, առաջանում են տարբեր տեսակի վախեր ու տագնապներ, որ գնալով սրվում են: Սա արդեն ազդանշան է, որ պետք է դիմել մասնագետի։

«Որովհետև որքան թողնենք այդ վախերը երեխայի մեջ, դրանք չեն անցնելու, ավելի սրվելու են, գիշերային մղձավանջներն ավելանալու են և այդպես շարունակ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am