Սպասումներ. վերլուծաբանները կարծում են, որ մինչեւ մայիսի 31-ը քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն

Սպասումներ. վերլուծաբանները կարծում են, որ մինչեւ մայիսի 31-ը քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն
Սպասումներ. վերլուծաբանները կարծում են, որ մինչեւ մայիսի 31-ը քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն

Մինչև մայիսի 31-ը, երբ ընդդիմությունը կրկին կհավաքվի Ազատության հրապարակում հայտարարություններ անելու, շատերի սպասումները մեծ են իշխանություններից: Թեև ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքում ելույթ կունենան Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, որոնք ներկայումս ազատազրկված են, սակայն վերլուծաբաններին քննարկումների տեղիք են տվել իշխանությունների` քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին խոսակցությունները:
«Այստեղ սուբյեկտիվ գործոնը շատ մեծ է, այդ պարագայում քաղաքական հաշվարկ անելը դժվար է»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ընդդիմությունը նախորդ հանրահավաքում պահանջ էր դրել իշխանությունների առաջ` մինչև մայիսի 31-ի հանրահավաքն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հակառակ պարագայում ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը խոստացել է նստացույց սկսել Ազատության հրապարակում:

Զուրաբյանի այս նախաձեռնությանն արդեն արձագանքել են հազարավոր քաղաքացիներ` պատրաստակամություն հայտնելով միանալ սպասվելիք նստացույցին:

Սակայն զարգացումները և իշխանությունների հայտարարությունները վերլուծաբաններին հիմք են տալիս ենթադրելու, որ Ազատության հրապարակում նախատեսված նստացույցն այնուամենայնիվ չի կայանա:

Չորեքշաբթի քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորության մասին Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ համատեղ ասուլիսում խոսել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Աբրահամյանն ասել է, թե քաղբանտարկյալները «մինչև մայիսի 31-ը կարող են ազատ արձակվել», և «հնարավոր է, որ առաջիկայում համաներում հայտարարվի»:

«Բայց դա իմ անձնական կարծիքն է: Քննարկվում է նախագահականում… Թե ի՞նչ շրջանակ կլինի, ցանկում ովքե՞ր կլինեն` չգիտեմ… Իմ կարծիքով` համաներում էլ կլինի երևի, որը որ Ազգային ժողով պետք է գա: Չշտապենք: Մեկ շաբաթից հայտնի կլինի: Կարևորը` որ դրական լուծում կունենա»,- ասել է Աբրահամյանը:

Իր հերթին Եժի Բուզեկը ևս խոսել է ազատազրկվածների խնդրից:

«Մի քանի ընդդիմադիրների վերջին շրջանում ազատ արձակելը խոստումնալից որոշում էր: Ինձ հավաստիացրել են, որ բոլոր դեպքերն են արդար և պատշաճ քննվելու»,- նույն ասուլիսում ասել է Բուզեկը:

ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը իշխանությունների` քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին հայտարարությունները կապում է «բազմաթիվ ճնշումների» հետ:

«Պատճառները մի քանիսն են. Կոնգրեսի ձևավորած հասարակական մոբիլիզացիան և ճնշումները, երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, միջազգային հանրության ճնշումները»,- «Մեդիալաբին» ասում է Մուսինյանը:

Կոնգրեսի մամլո խոսնակի հավաստմամբ` «ստեղծված իրավիճակում տարրական տրամաբանությունը ենթադրում է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում»:

«Հակառակը վնասակար կլինի պետության համար»,- ասում է Մուսինյանը:

Անկախ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ևս այն կարծիքին է, որ մինչև մայիսի 31-ը քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն Բոզոյանն այլ պատճառներ է բերում:

«Կարծում եմ` մինչև մայիսի 31-ն այս հարցը լուծված կլինի, որովհետև այն խնդիրները, որոնք դրված են իշխանությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, լուծվում են, քանի որ այդ խնդիրները հեռահար նպատակներ ունեն: Այսինքն` երկու կողմն էլ` Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, իշխանություններն էլ հասկացան, որ չեն կարող միմյանց ոչնչացնել և այդ պատճառով էլ որոշել են փոխշահավետ պայմանագիր կնքել»,- համոզված է Բոզոյանը:

Նրա խոսքով` «փոխշահավետ պայմանագիր» ասելով ինքը նկատի ունի այն, որ երկու կողմերը որոշել են «քաղաքական դաշտը բաժանել երկու մասի»:

Երվանդ Բոզոյանը նաև նշում է, որ մեկ այլ հարց էլ կա, թե ինչո՞ւ իշխանությունները հիմա են գնում այս քայլերին` երեք տարի լռելուց հետո:

«Իշխանությունները երեք տարի առաջ նման քայլերի չէին գնում, նման հայտարարություններ չէին անում, քանի որ այն ժամանակ իրենց ավելի ուժեղ էին զգում: Սակայն այս երեք տարիների ընթացքում ներքին կյանքում, արտաքին կյանքում, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով իշխանությունները թուլացան: Դրա համար էլ իշխանությունը գնում են նման կոմպրոմիսի»,- ասում է Բոզոյանը:

Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, նշում է, որ իշխանությունները նման քայլի են դիմել առաջին հերթին ներքին և արտաքին ճնշումների արդյունքում:

«Բոլոր հնարավոր պատճառներից առաջինն այդ է: Հակառակ դեպքում իշխանություններն այդ քայլին ավելի շուտ կգնային»,- ասում է Մեհրաբյանը:

Իսկ հավանականության հարցն արդեն Մեհրաբյանը դժվարանում է ասել, քանի որ, ըստ նրա, իշխանությունները «պետք է դնեն և ռիսկերի հաշվեկշիռ անեն»:

«Նրանք պետք է հետևություններ անեն: Եթե որոշեն, որ տղաներին թողնելը իրենց համար ավելի լավ կլինի, ուրեմն կթողնեն, եթե ոչ, եթե համարեն, որ դա իրենց համար ռիսկային կլինի, ուրեմն չեն թողնի»,- ասում է Մեհրաբյանը:

Քաղաքագետը, սակայն, հավանական է համարում նաև այն, որ իշխանությունները կփորձեն ժամանակ ձգել:

«Իսկ ի՞նչ էին անում երեք տարի, նույնը` ժամանակ էին ձգում: Առավելևս, որ եթե տղաներին թողնեն, ապա դրանից հետո պետք է բարձրացվի արտահերթ ընտրությունների հարցը: Դրա համար էլ իշխանությունները պետք է ժամանակ ձգեն և գործընթացները տեղավորեն հերթական ընտրությունների տրամաբանության մեջ»,- ասում է Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքով` այստեղ միայն մեկ հարց է առաջանում` իսկ իշխանություններին կհաջողվի՞ արդյոք ժամանակ ձգել, թե՞ ոչ:

«Իսկ կստացվի՞ նրանց մոտ, թե՞ ոչ` այլ հարց է: Եթե թույլ տան` կստացվի, եթե թույլ չտան` չի ստացվի: Իսկ թույլ տալ-չտալ կարող է միայն Հայաստանի ժողովուրդը, իսկ դուրսը այս դեպքում հաշվի է նստում ներսի տրամադրությունների հետ»,- ասում է քաղաքագետը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am