Անի Սամսոնյանը դիմել է Պաշտպանության նախարարին՝ անհետ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների ապահովման հարցով

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, որում նշվում է․

Հարգարժա´ն պարոն Հարությունյան, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 10-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամաշտաբ պատերազմի հետևանքով այս պահին կան տասնյակից ավելի անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողներ, որոնց ընտանիքի անդամները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, մասնավորապես այն դեպքում, երբ ընտանիքի միակ կերակրողը եղել է պայմանագրային զինծառայողը:

Ստացվել են բողոքներ, որ այդ պայմանագրային զինծառայողներին ազատել են զինվորական ծառայությունից և չեն վճարել նրանց աշխատավարձերը:

Փաստում ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության պատճառով չկան հստակ տվյալներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ և մենք չենք կարող ժխտել այն հնարավոր վարկածը, որ կարող են նաև անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողներն այս պահին լինել ռազմագերու կարգավիճակում կամ թաքնված այն տարածքներում, որոնք հանձնվել են Ադրբեջանին:

Ինչ վերաբերվում է վերջիններիս զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ապա առկա են օրենսդրական հստակ կարգավորումներ:

Մասնավորապես՝ Զինվորական ծառայության և Զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝  Պայմանագրային զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմք է հանդիսանում զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի
համաձայն՝

1. Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:

2. Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:

Այսպիսով, փաստում ենք այն, որ ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողները կարող են ճանաչվել անհայտ բացակայող բացառապես դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, եթե մեկ տարվա ընթացքում չկան տեղեկություններ նրանց բնակության վայրի մասին:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ վերանայել զինծառայողներին հապշտապ աշխատանքից ազատելու մոտեցումը կամ հնարավոր սեղմ ժամկետում ստեղծել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների ապահովմանը: