Էլեկտրոնային թմբուկ, որը շատ ավելի քիչ տարածք է զբաղեցնում, սակայն հնչողությամբ չի զիջում դասական գործիքին։ Երաժշտական աշխարհում եզակի այս գործիքն արդեն իր անունն ունի՝ DrumStar Kit, բայց ընդամենը 2.5 տարի առաջ այն գոյություն ուներ միայն նրա հեղինակի՝ ամերիկահայ Գրեգ Դոստուրի մտքում։ Նյու Յորքի սրճարաններում, նոթատետրն ու գրիչը ձեռքին, Գրեգը ժամերով էսքիզներ էր անում, ջնջում ու կրկին փորձում՝ իր երազանքը իրականություն դարձնելու ուղին գտնելու համար։
«Ես շատ լավ պատկերացնում էի, թե ինչ եմ ուզում ստեղծել, բայց չգիտեի՝ ինչպես իրականացնել դա։ Ո՛չ տեխնիկական գիտելիքներ ունեի, ո՛չ ֆինանսական ապահովություն։ Այդ երաժշտական գործիքը պահանջում էր մեծ ներդրում, իսկ ես հարուստ ընտանիքից չէի։ Բայց հավատում էի իմ երազանքին և չսխալվեցի։ Սկսեցի սովորել Autodesk Inventor ծրագիրը՝ գումար խնայելու համար, ապա ձեռք բերեցի 3D տպիչ, այդպես էլ ամեն ինչ սկսվեց»,– ասում է Գրեգ Դոստուրը՝ նստած իր ստեղծած թմբուկի առաջ Երևանում։
Գրեգ Դոստուրը ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում։ Նրա ծնողները պոլսահայեր են, որոնք Նյու Յորք էին տեղափոխվել Գրեգի ծնվելուց առաջ։ Ապրել է մի ընտանիքում, որտեղ մանկուց շրջապատված էր հայերեն խոսքով ու պատմություններով։ Ասում է՝ այդպես էլ ձևավորվել է իր սերն ու կապվածությունը հայոց լեզվի և Հայաստանի հանդեպ։
Գրեգը հիշում է, որ երբ 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Արցախյան պատերազմը, անչափ մեծ ցանկություն ուներ օգտակար լինելու։ Պատմում է, որ այդ օրերին, երբ ամերիկյան մամուլը հաճախ կողմնակալ հրապարակումներ էր անում Հայաստանի մասին, ընկերների հետ քայլերթ կազմակերպեց՝ ցույց տալու իրականությունը։ 10 հազարից ավելի մարդ մասնակցեց այդ ակցիային՝ իրազեկելով տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Դրանից հետո դրամահավաք նախաձեռնեցին և հավաքած շուրջ կես միլիոն դոլարը փոխանցեցին Հայաստան:
«Դժբախտաբար, Ամերիկայում հայություն պահպանելը հեշտ չէր, բայց ինձ համար ամենակարևոր կապը հայության հետ մեր պատմություններն էին։ Հերոսների, բարի հայերի, արժանապատիվ անցյալի մասին հիշողություններն էին, որ մայրս ու հայրս միշտ պատմում էին։ Նրանք ուզում էին, որ մենք պարզապես հայի անուն չկրենք, այլ իրապես հայ մեծանանք»,– պատմում է Գրեգը։
Հայրենիքը տեսնելու ու հայրենիքի համար աշխատելու ցանկությունը նրա մեջ այնքան խոր արմատներ էր գցել, որ 2022-ին որոշում կայացրեց տեղափոխվել Հայաստան ու երազանքը հենց Հայաստանում իրականացնել՝ Հայաստանի անունը հանրահռչակել։
«Ես Հայաստան եկա հստակ նպատակով. ուզում էի, որ DrumStar Kit-ը հայկական լիներ։ Ցանկանում էի հնարավորություններ ստեղծել մարդկանց համար, որոնք ունեն տաղանդ ու գաղափար՝ ինչպես ես, և հարթակ են փնտրում իրենց գաղափարներն իրականացնելու համար։ Ուզում էի, որ իմ փորձով կարողանայի ուղղություն ցույց տալ նրանց։ Ճանապարհն այստեղ իհարկե ավելի դժվար էր, բայց ոչ անհնար։ Բայց ես վճռական էի։ Իմ երազանքն էր գործիքի վրա մի օր գրված տեսնել՝ Made in Armenia»,– ասում է Գրեգը։
Գրեգը հիշում է, որ Նյու Յորքում գրեթե անհնար է որևէ բան գտնել, որի վրա գրված լինի Made in Armenia, միայն միրգ կար այդ նշմամբ։ «Հենց այդ պահից էլ գաղափարը ծնվեց՝ գալ Հայաստան ու երազանքների թմբուկի վրա դրոշմել՝ Made in Armenia»,– պատմում է նա։
«Եթե ինձ հաջողվի գոնե տասը մարդու բերել Հայաստան, որ ստեղծեն ու արտադրեն հենց այստեղ, վստահ եմ՝ հայկական արտադրանքը աշխարհում կճանաչվի, իսկ Հայաստանի տնտեսությունը կզարգանա։ Սա է իմ ամենամեծ նպատակը՝ վարակիչ օրինակ դառնալ ու Հայաստան բերել գործարարների աշխարհի տարբեր ծայրերից»,– հավելում է Գրեգը։
Սկզբնական շրջանում պահեր են եղել, երբ մտածել եմ՝ միգուցե հետ գնալ, բայց դա վախի հետևանք էր։ Այստեղ հիմնած բիզնեսը իմ առաջին նախագիծն էր։ Թանկ էր, ռիսկային ու անհայտ։ Անընդհատ մտքում հարց էր ծագում՝ իսկ եթե չստացվի, ի՞նչ եմ անելու, ինչպե՞ս եմ ապրելու։ Հայաստանում աշխատավարձերը ցածր են, կյանքի ծախսերը՝ բարձր, իսկ գները՝ չարդարացված։
Թեև ես կարողանում եմ ապրել, բայց տեսնում եմ, թե ինչպես են այդ չհիմնավորված բարձր գները ծանրություն դառնում շատերի համար։ Առանձնապես զարմացրել են անշարժ գույքի և վառելիքի գները։ Սակայն բոլոր դժվարություններին ու կասկածներին հակառակ՝ այսօր վստահ ասում եմ՝ ոչինչ ու ոչ ոք չի կարող ստիպել ինձ հեռանալ Հայաստանից։ Այստեղ շրջապատված եմ հարազատներով ու ընկերներով։ Որքան էլ զբաղված լինեմ, միշտ ժամանակ եմ գտնում ընկերներիս համար։
«Հայաստանում հենց կյանքի տեմպն եմ սիրել։ Այստեղ կարողանում ես ուրիշ կերպ ապրել, վայելել կյանքը։ Որքան էլ զբաղված լինես, ընկերների հետ կապը չի կտրվում, չես խենթանում արագ ռիթմի մեջ։ Իմ շրջապատում իսկական սեր կա, ու դա աշխարհում ամենաթանկ բանն է։ Սա է, որ հաղթում է բոլոր դժվարություններին։ Այստեղ բոլորը պատրաստ են օգնել միմյանց։ Եթե, օրինակ, պարտքով գումար է պետք՝ կտան, եթե մեքենադ պետք է սարքել՝ ընկերդ կողքիդ կլինի։ Դրանք այն արժեքներն են, որոնք Ամերիկայում չկային»,– պատմում է Գրեգը։
«Սա այն միջավայրն է, որտեղ ես ինձ իսկապես տանն եմ զգում»,– ասում է Գրեգը՝ հիշելով, թե ինչպես է ձևավորվել իր կապը արվեստի ու երաժշտության հետ դեռ մանկությունից։
Նա դեռ 2 տարեկանում ցույց էր տվել իր երաժշտական տաղանդը՝ ինքնուրույն կրկնօրինակելով հայտնի «Սկուբի-Դու» մուլտֆիլմի երաժշտությունը։ Երկու ծնողներն էլ՝ մայրը և հայրը, գեղեցիկ ձայն ունեն, երգում էին, հայրը երգել է Պոլսի եկեղեցու երգչախմբում։ Գրեգը վստահ է՝ երաժշտական շնորհը ժառանգել է հենց ծնողներից։ Հիշում է՝ երբ 8 տարեկան էր, իր երեք լավագույն ընկերների հետ ռոք խումբ հիմնեցին։ Այսօր արդեն 33-ամյա Գրեգը մասնագիտությամբ հնչյունային ռեժիսոր է։ Նա սովորել է Նյու Յորքի հեղինակավոր School of Audio Engineering Institute-ում, հետո նաև կիթառ նվագել սովորել։
«Մայրս ու հայրս հաճախ են «վիճում»՝ հայրս ասում է, որ երաժշտական ձիրքս իրենից եմ ժառանգել, մայրս էլ պնդում է՝ իրենից,– ծիծաղում է Գրեգը։ – Ես այդ ընդունակություններս երկար ժամանակ թաքցնում էի, մինչև ինքնավստահություն ձեռք բերեցի ու սկսեցի դրանք բացել»։
Նա հիշում է, որ թմբուկ նվագել սովորել է ծնողների հայրենիքում՝ Պոլսում։ Ամառային արձակուրդին մեկ ամսով այնտեղ էին գնացել հանգստանալու, ու Գրեգը կարծում էր՝ ժամանակը ձանձրալի է անցնելու։ Բայց դա հենց այն շրջանն էր, երբ նա, ունենալով բավականին ազատ ժամանակ, սկսեց ինքնուրույն զբաղվել երաժշտությամբ ու փորձել թմբուկի շարժումները։ Ռիթմը միշտ ներսում զգացել էր, պատկերացրել, բայց պետք էր ձեռքերի շարժումները սովորել։
«Ընդամենը մեկ ամսում ինքնուրույն սովորեցի։ Ձեռքերով անընդհատ փորձում էի միջիս երաժշտությունը, ռիթմը դուրս բերել, մինչև որ ստացվեց, ու ես հետ վերադարձա Ամերիկա արդեն լիովին սովորած։ Երևի ինչ-որ տեղ նաև ծուլությունն էր պատճառը, որ որոշեցի այս գործիքը ստեղծել։
Միշտ ուզում էի ունենալ մի թմբուկ, որը համակարգչիս կողքին կտեղավորեմ ու այդպես կաշխատեմ։ Հիմա էլեկտրոնային այս թմբուկը իմ երազանքի ու պատերացումների միաձուլումն է»,– ասում է ու նորից ցույց տալիս փոքրիկ այդ գործիքի հզորությունը։ Գրեգը մատներով է նվագում, բայց նաև փոքրիկ փայտիկներով նվագելու հնարավորություն կա։ Թմբուկը նաև հարմար է տեղափոխելու համար, քանի որ առանձնացող մասերը թույլ են տալիս այն հեշտությամբ տեղավորել նույնիսկ պայուսակում։
«Իմ անունը Գրեգ Դոստուր է և հպարտությամբ եմ ներկայացնում DrumStar Kit-ը՝ իր տեսակի մեջ առաջին փոքրածավալ, բազմաբարձրությամբ, շարժական էլեկտրոնային թմբուկը, որը կարելի է նվագել ինչպես մատներով, այնպես էլ փայտիկներով։ DrumStar Kit-ը ոչ միայն շատ զվարճալի է, այլև օգտակար ու լիովին արդիական»,– իր էջում ներկայացնում է Գրեգը իր ստեղծած գործիքը։
Հարազատներն ու ընկերները, նրան ճանաչելով, թերահավատ չեն եղել գաղափարի հանդեպ, բայց, ինչպես ինքն է ասում, մտավախություններ ու վախեր եղել են։ Փոքր գումար չէր, ներդրումը՝ առանց երաշխիքի, իսկ ճանապարհը՝ երկար ու անորոշ։ «Այդ պահին դժվար էր պատկերացնել՝ կհաջողի՞, թե՞ ոչ»,– հիշում է Գրեգը։ Բայց այսօր, երբ իր ստեղծած թմբուկը պատրաստ է, բոլորը մեկ բան են ասում․ «Տղան ասեց ու արեց»,– ծիծաղելով հավելում է նա։
Արդեն մեկ տարի է՝ ինչ երաժշտական գործիքն ստացել է իր վերջնական տեսքը և անցել փորձարկումներ։ Թեև Գրեգը դեռ շարունակում է կատարելագործել այն, ասում է՝ Հայաստանում հայտնի երաժիշտներ արդեն տեսել ու բարձր են գնահատել գործիքը։
«Երկու անգամ պատահաբար հանդիպել եմ հայտնի հայ երաժիշտների հետ և միայն դրական արձագանք եմ ստացել։ Ասում էին, որ հաճախ թմբուկի կարիք է լինում, բայց չափի պատճառով չեն կարողանում բերել։ Այս գործիքը կարող է իսկապես հեղափոխական լինել և ընդունելություն գտնել երաժշտական աշխարհում։ Փոխանակվել ենք կոնտակտներով՝ սպասում են»,– պատմում է Գրեգը։
Գրեգն ասում է՝ մարդկանց հետաքրքրությունը DrumStar Kit-ի նկատմամբ ամենուր է զգացվում։ Հայաստանում կայացած ցուցահանդեսներից մեկի ժամանակ էլ մարդկանց ուշադրությունը անընդհատ այդ փոքրիկ գործիքն էր գրավում։ Մոտենում էին, հետաքրքրվում ու դրական կարծիքներ թողնում, փողոցում ու սրճարաններում էլ, երբ մարդիկ տեսնում են, մեծ հետաքրքրությամբ են նայում։
«Հիմա արդեն սկսվել են մարքեթինգային աշխատանքները՝ գործիքի զանգվածային արտադրությունը կազմակերպելու նպատակով։ DrumStar Kit-ն ամբողջությամբ պատրաստ է մուտք գործելու երաժշտական աշխարհ և գտնելու իր տեղը։
«Ես խորին վստահություն ունեմ, որ այս գործիքը լայն տարածում է ստանալու։ Եթե գնորդի տեղում ես լինեի, անպայման կգնեի այն։ Իսկ եթե ինքս հավատում եմ ստեղծածիս արժեքին, ապա դա արդեն հաջողություն է։ Թեև գուցե բոլորը չհավանեն, ոմանք չկիսեն իմ կարծիքը, բայց դա էլ է նորմալ։ Կարևորը՝ ես վստահ եմ իմ արածին»,– ասում է Գրեգը։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















