«Հայաստանում կյանքի տեմպն ավելի դանդաղ է, քան Չինաստանում։ Մարդիկ ավելի հանգիստ են ու անշտապ, իսկ ես սովոր էի կյանքի ավելի արագ ռիթմին։ Մեկը բազմամիլիոնանոց, արագ վազող մեգապոլիս է, մյուսը՝ արևոտ, դանդաղ ռիթմով քաղաք»,- սա առաջին ակնհայտ տարբերություններից մեկն էր, որ չինուհի Ռեն Ջիայուն նկատել էր Երևան գալուց հետո։
Ռենը Հայաստան է եկել 2025 թվականի սեպտեմբերին։ Այստեղ ապրող ճապոնացի ընկերներից լսել էր, որ Հայաստանը հանգիստ, ապահով երկիր է՝ համեղ խոհանոցով։ Երբ պատահաբար իմացել էր, որ Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության ծրագիր կա, որոշել էր հնարավորությունը բաց չթողնել։ Դա նոր երկիր ու մշակույթ բացահայտելու լավ առիթ էր։
«Անկեղծ ասած, մինչև Հայաստան գալը շատ բան չգիտեի այս երկրի մասին։ Քարտեզի վրա փնտրեցի, գրեթե չէր երևում,- ծիծաղում է Ռենը։ – Չինաստանի նման մեծ երկրում ապրելուց հետո մի փոքր վախենալու էր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր՝ ինչպիսի՞ն է կյանքը փոքր երկրում»։
Ռեն Ջիայուն Չինաստանի Ուլանչաբ քաղաքից է։ Հայաստան տեղափոխվելու որոշմանն աջակցել են ծնողները․ նրանք դեմ չեն եղել, որ դուստրն ուսումը շարունակի օտար երկրում։
Ռենն ապագա լրագրող է։ Նրա համար կարևոր են մարդկանց հետ շփվելը, նրանց լսելն ու հասկանալը։ Սակայն Հայաստան գալուց հետո հենց լեզուն է դարձել ամենամեծ դժվարությունը։
«Ինձ համար ամենադժվարը մարդկանց հետ շփվելն է, քանի որ լեզուն չգիտեմ։ Դրա համար էլ փորձում եմ շատ չշփվել, մինչև հայերեն սովորեմ։ Բայց մարդիկ հիմնականում բարեհամբույր են, թեև երբեմն տարօրինակ հայացքով են ինձ նայում։ Չգիտեմ՝ ինչու, երևի իրենցից տարբերվում եմ։ Բայց նման դեպքերը քիչ են, ու չեմ անհանգստանում։ Հիմա արդեն կարողանում եմ հայերեն որոշ բառեր ու նախադասություններ ասել, բայց ազատ խոսելու համար դեռ շատ սովորելու բան ունեմ»,- պատմում է Ռենը։
Հայերենի որոշ հնչյուններ՝ «բ», «փ», «խ», «հ», «ռ», դեռ դժվարությամբ է արտասանում, բայց համառորեն փորձում է հաղթահարել այդ դժվարությունը։ Ասում է՝ դասախոսներն իրեն շատ են օգնում ու մեկ առ մեկ շնորհակալություն է հայտնում նրանց։ Ռենը համոզված է՝ կարևորը ուշադիր լսելն ու ամեն օր նոր բառեր սովորելն է։ Այդպես ժամանակի ընթացքում լեզուն էլ կհաղթահարի։
Ռենը վստահ է՝ երբ ավելի լավ տիրապետի հայերենին, մարդկանց հետ շատ ավելի ազատ կշփվի։ Արդեն հասցրել է սիրել Հայաստանն ու այստեղի մարդկանց, որոնց բարի ու հյուրընկալ է համարում։ Առաջին իսկ հնարավորության դեպքում ցանկանում է ծնողներին էլ Հայաստան բերել, որպեսզի նրանք սեփական աչքերով տեսնեն այն երկիրը, որն այսքան հարազատ է դարձել իրենց դստերը։
«Հայաստանում շատ լավ եմ հարմարվել։ Նույնիսկ փորձում եմ նմանություններ գտնել մեր երկրների միջև։ Գիտե՞ք՝ թե՛ հայերը, թե՛ չինացիները շատ բարյացակամ են։ Այդ առումով երկու ժողովուրդները նման են։ Հայաստանի կլիման էլ է հիշեցնում իմ երկրի կլիման, և դա հաճելի է։ Դեռ որևէ վատ կամ անսովոր բան չեմ նկատել, որը կցանկանայի փոխել։ Առայժմ ամեն ինչ լավ է»,- ժպտում է Ռենը։
Թեև Ռենը փորձում է նմանություններ գտնել Հայաստանի և Չինաստանի միջև, տարբերություններն ավելի շատ են։ Օրինակ՝ նրա հայրենի քաղաքը կառուցված է չինական մեծ մասշտաբներով՝ լայնահուն պողոտաներ, նորակառույց թաղամասեր, բարձրահարկ շենքեր ու բուռն երթևեկություն։ Երևանն ավելի փոքր ու կոմպակտ է։ Հատկապես կենտրոնում ամեն ինչ մոտ է, ինչն էլ, Ռենի կարծիքով, քաղաքին ավելի ջերմ ու մտերմիկ մթնոլորտ է հաղորդում։
«Մեծ տարբերություն կա նաև խոհանոցում։ Մեր երկրում շատ ենք օգտագործում ոչխարի միս, կաթնամթերք, կծու համեմունքներ, լապշա, մսով ու կաղամբով դամփլինգներ։ Հայկական խոհանոցում կարծես ավելի բնական համերն են գերակշռում։ Ցավոք, դեռ շատ բան չեմ հասցրել փորձել՝ ընդամենը մի քանի ուտեստ, որոնց անուններն անգամ չեմ հիշում։ Միայն քաբաբն է տպավորվել, որովհետև շատ եմ հավանել։ Հիմա դասերի ընդմիջումներին հենց դա եմ սիրում ուտել»,- ծիծաղում է չինական խոհանոցի կծու ու արտահայտիչ համերին սովոր Ռենը։
Հայաստանում Ռենը հիմնականում ինքն է պատրաստում իր ամենօրյա ուտելիքը՝ օգտագործելով Չինաստանից բերած համեմունքները։ Ամենաշատ սիրում է տավարի մսով լապշան, որը հաճախ է պատրաստում։ Դա չինական խոհանոցի նրա ամենասիրելի ուտեստն է, որի ծանոթ համերով փորձում է նաև մեղմել հայրենիքի կարոտը։
«Չինական խոհանոցին ծանոթացրել եմ նաև համակուրսեցիներիս։ Շատ են հավանել իմ պատրաստած ուտեստները։ Ընդհանրապես, նկատել եմ, որ Հայաստանում մարդիկ շատ են սիրում չինական խոհանոցը, անտարբեր չեն մեր ուտեստների նկատմամբ, ու դա ինձ շատ է ուրախացնում»,- պատմում է Ռենը։
Ռենը գնահատում է նաև հայերի անմիջականությունն ու ջերմությունը։ Ասում է՝ չինական հասարակությունում մարդիկ ավելի զուսպ են, սովոր են պահպանել անձնական տարածությունը, մինչդեռ հայերը հանդիպելիս հաճախ գրկախառնվում ու համբուրում են միմյանց։ Իր համար դա մի փոքր անսովոր է, բայց աստիճանաբար փորձում է հարմարվել նաև այդ սովորությանը։
«Ես ուզում եմ երկար մնալ Հայաստանում, որովհետև շատ եմ սիրել այս երկիրը, բայց թե ինչպես ամեն ինչ կդասավորվի, դա էլ ժամանակը ցույց կտա»,- համեստ ու անկեղծ ժպիտով ասում է չինուհի Ռենը:
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















