Ինչպես ալկոհոլի ու ծխախոտի, այնպես էլ էներգետիկ ըմպելիքների վաճառքը պետք է արգելվի անչափահասներին. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, ֆեյսբուքյան ձեր էջում գրառում էիք արել, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը ակնհայտ բացասական ազդեցություն է ունենում անչափահասների և՛ վարքագծի, և՛ առողջության վրա, և անհրաժեշտություն եք համարում վերանայել դրանց ազատ վաճառքն անչափահասների շրջանում։ Որո՞նք են եղել հիմքերը, որ այս հարցը հանրային ուշադրության եք արժանացրել։

– Նման նախաձեռնությամբ հանդես գալու հիմնական ազդակը եղել է ծնողների անընդհատ դիմելու փաստը, որ հնարավորինս արգելվի վաճառքը 18-ից ցածր տարիքային խմբերին, քանի որ իրենց երեխաները սկսել են բավականին շատ օգտագործել էներգետիկ ըմպելիքներ։ Ծնողները ոչ միայն ինձ են դիմել, այլ նաև՝ իմ գործընկերներին, և ես որոշեցի հարցում անել և՛ ֆեյսբուքյան էջում, և՛ ուսումնասիրեցի միջազգային փորձը։ 

Միջազգային փորձն ուսումնասիրելիս հասկացա, որ կան շատ երկրներ՝ ԱՄՆ-ի որոշ նահանգներ, Լատվայի Հանրապետություն, Ֆրանսիա, որոնք արգելում են այս ըմպելիքների վաճառքը 18-ից ցածր տարիքային խմբի անձանց։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչ վիճակ է այս առումով Հայաստանում, պատրաստվում եմ դիմել Պետական եկամուտների կոմիտե, որպեսզի հասկանամ, թե ի՛նչ ծավալով են իրացվում էներգետիկ ըմպելիքները Հայաստանում։ 

Խոսել եմ արդեն առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, որոնք նույնպես ողջունել են նախագծի իմ միտքը։ Այսօրվանից սկսելու եմ աշխատել այդ նախագծի ուղղությամբ, որպեսզի աշնանը նախագիծը ներկայացնեմ։

– Այսինքն՝ հստա՞կ է, որ պատրաստվում եք հարցի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։

– Այո՛, որոշել եմ, դժվարություններ գուցե լինեն, բայց հիմք կա, որովհետև հենց տարայի վրա էլ նշված է, որ խորհուրդ չի տրվում 18 տարեկանից ցածր անձանց օգտագործել, ու քանի որ ծնողներն էլ են դրական արձագանքել, ու գրեթե բոլորը կողմ են, որ արգելվի վաճառքը, կարծում եմ, որ դա հիմք է ինձ համար հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։

– Տիկի՛ն Ղազարյան, իսկ ծնողները, որոնք իրենց մտահոգությունն ու բողոքն են ձեզ հաղորդել, ասե՞լ են, թե ի՛նչ հետևանքներ են ունենում էներգետիկ ըմպելիքներն իրենց երեխաների վրա։

– Առհասարակ բոլոր ծնողները բողոքում են, որ իրենց երեխաները շատ են օգտագործում գազավորված ըմպելիքներ և այլն, բայց նկատել են, որ վերջին շրջանում երեխաներն ավելի շատ օգտագործում են էներգետիկ ըմպելիքներ, ու հիմնական խնդիրը, որը նշում են, անքնությունն է, որի հետևանքով նաև չեն կարողանում կենտրոնանալ իրենց դասերի վրա և այլն։ Երեխաները նաև տվյալ ըմպելիքից կախվածություն են ձեռք բերում։

– Նախագծով արգելվելու է միայն էներգետի՞կ ըմպելիքների վաճառքը անչափահասներին, թե՞ գազավորված ըմպելիքները ևս այդ ցանկում կլինեն։

– Միայն էներգետիկներին է վերաբերում, որոնք ունեն կոֆեինի բարձր պարունակություն, իհարկե այլ նյութեր էլ կան, որոնք նշված են տուփի վրա, բայց միայն կոֆեինը բավարար է, որ անչափահասների շրջանում վաճառքն արգելվի։ Այսինքն՝ արվելու է ծխախոտի ու ալկոհոլի նմանությամբ։

– Իսկ մտավախություն ունե՞ք, որ հասարակության մի մասն էլ ընդդիմանալու է այս փոփոխությանը։

– Հնարավոր է, բայց դեռ չեմ հանդիպել։ Ամեն դեպքում կփորձենք հասկանալ՝ ինչպե՛ս անել, որ առաջին հերթին երեխաների առողջությունը չվտանգվի։ 

– Այս պահին, համենայնդեպս, ունե՞ք ծնողների և առողջապահության նախարարության աջակցությունը, տիկի՛ն Ղազարյան։

– Առողջապահության ոլորտում դեռ այդքան խոր քննարկում չի եղել, ամեն բան թեթև է արված, հիմնական աջակցությունը այս պահին ունեմ ծնողներից, ինչն էլ ինձ պարտավորեցնում է նման նախագծով հանդես գալ, մնացած գործընթացները դեռ առջևում են, որոնցով այսօրվանից զբաղվելու եմ առավել խորությամբ։

– Ի՞նչ է վկայում միջազգային փորձը, որ ուսումնասիրել եք, արդյունավե՞տ միջոց է արգելելը։

– Էական արդյունքների մասին չեն խոսում, ես ուսումնասիրել եմ կոնկրետ օրենքները, որոնցում հստակ գրված է, որ արգելվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին: Նման նախագիծ շրջանառվում է նաև Ռուսաստանում, որը դեռ վերջնական չի ընդունվել։ Արդյունքների մասով մոնիթորինգ չեմ արել։ Մինչ այս Հայաստանում այս ուղղությամբ գործնական որևէ քայլ չի արվել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am